Լրահոս

18.08.2009 14:46


Նոր պատերազմ Վրաստանո՞ւմ, այն էլ՝ Ադրբեջանի հե՞տ

Նոր պատերազմ Վրաստանո՞ւմ, այն էլ՝ Ադրբեջանի հե՞տ

Այսօրվանից Վրաստանը պաշտոնապես դադարեց ԱՊՀ անդամ լինելուց։ Անդրադառնալով այս փաստին՝ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանն «Ուրբաթ» ակումբում ասել է, որ դա Ջավախքի վրա որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ Վրաստանն արդեն մեկ տարի է, որ «դե ֆակտո» ԱՊՀ անդամ չէ, իսկ Ջավախքն էլ արդեն մեկ տարի է, որ դրա բացասական հետևանքները զգացել է։

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա Հ. Ալվրցյանը համոզված է, որ դրանք ավելի պետք է խորանան, և հատկապես Ջավախքում Հայաստանն ու Վրաստանը համատեղ տնտեսական և այլ ծրագրեր պետք է մշակեն ու իրականացնեն։

Հ. Ալվրցյանի խոսքերով՝ հայաթափելով Հյուսիսային Լոռիի շրջանները (օրինակ՝ Քվեմո Քարթլին, որի բնակչության շուրջ 80%-ն այժմ ադրբեջանցիներ են)՝ Վրաստանը «դուռը բացեց» թուրք-ադրբեջանական տարրերի առջև, ովքեր այնտեղ ոչ միայն բնակություն են հաստատել, այլև, օգնություն ստանալով Ադրբեջանից, այդ տարածքի նկատմամբ հավակնություններ ունեն։ Նա չի բացառում, որ եթե Վրաստանը միջոցներ չձեռնարկի, ապա Ադրբեջանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ նույն Հարավային Օսիայի և Աբխազիայի սցենարով։

-Սա Վրաստանի հերթական մասնատման և, որպես պետություն, քաղաքական քարտեզից ջնջելու վտանգն է։ Եթե նա կորցրեց Քվեմո Քարթլիի, Ջավախքի տարածքները (որով ուղղակիորեն Ադրբեջանը և Թուրքիան միանում են իրար), ապա սա մեզ համար էլ է մահացու վտանգ. մենք հայտնվում ենք 100%-ոց թուրքական շրջափակման մեջ, իսկ Վրաստանը կորցնում է ռազմավարական, տնտեսական նշանակություն ունեցող շատ կարևոր երկու հսկայական մարզերը,- ասել է Հ. Ալվրցյանը՝ հավելելով, որ թուրքական օղակը գնալով խեղդում է Վրաստանին և Ջավախքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը