Մեկնաբանություն

03.04.2014 09:35


ՍԴ–ի «սումբուրնի» որոշումը՝ գլուխկոտրուկ

ՍԴ–ի «սումբուրնի» որոշումը՝ գլուխկոտրուկ

Ամեն դեպքում, ճիշտ էր ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, երբ օրեր առաջ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանն այնպիսի որոշում կկայացնի, որից ոչ ոք ոչինչ չի հասկանա:

Միայն Գագիկ Հարությունյանը կարող էր 65 էջանոց վճիռն ընթերցել, որից հետո հանրության մի մասը ոգեւորված բացականչեր՝ «վերջապե՜ս, ՍԴ-ն իշխանության դեմ որոշում ընդունեց», իսկ մյուս մասն էլ կասկածով վերաբերվեր այդ որոշմանը:

«Կուտակային կենսաթոշակային օրենքի» կարեւոր դրույթները հակասահմանադրական ճանաչող ՍԴ որոշման հրապարակումից ժամեր անց՝ ողջ օրը քաղաքական ուժերի ու շահագրգիռ շրջանակների համար այդ որոշումը վերածվեց իսկական գլուխկոտրուկի:

Ճիշտ է, հայցվոր կողմը՝ ԱԺ ոչիշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչները, հայտարարեցին, որ դեռ պետք է խորությամբ ուսումնասիրեն ՍԴ–ի երկնած ծավալուն փաստաթուղթը եւ նոր միայն դիրքորոշում արտահայտեն, սակայն շատերն սկսեցին մեկնաբանել ու գնահատել որոշումն ըստ «հայեցողության»: Նույնիսկ շատ իրավաբաններ մինչեւ հիմա գլուխները հակել են ՍԴ որոշման տեքստի վրա եւ դժվարանում են կոնկրետ բան ասել:

Ողջ օրվա ընթացքում հեռուստաընկերություններ հրավիրված տարբեր գործիչներ երկար բացատրում ու «վերծանում» էին ՍԴ որոշումը, բայց թե՛ բացատրողները եւ թե՛ հեռուստադիտողներն այդպես էլ լիարժեք պատկերացում չունեցան եւ չհասկացան, թե, ի վերջո, ինչ է ասվում այդ որոշմամբ:

Անմիջապես բոլորիս «օգնության» հասան կառավարությունը, իշխող ուժի ներկայացուցիչներն ու նախարարները:

ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը պնդեց, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտադիր գանձումները շարունակվելու են, որ հանկարծ երկրում չխաթարվի «իրավական անվտանգությունը»: Այն դեպքում, երբ Գագիկ Հարությունյանը հստակ հայտարարեց, որ մինչեւ հիմա գանձված գումարները պետք է վերադարձվեն աշխատողներին:

Կատարյալ անորոշություն: Եվ ընդհանրապես, ինչ է նշանակում, երբ օրենքի դրույթները ճանաչվում են հակասահմանադրական, բայց օրենքը շարունակելու է գործել մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Իսկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ հայտարարեց, թե «ՍԴ որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել», ու բոլորիս հուսադրեց, որ շուտով ինքն էլ կկարդա որոշումը եւ կասի իր խոսքը:

Դե, իսկ կառավարությունն էլ հանդես եկավ փոքրիկ հայտարարությամբ եւ սառը ջուր լցրեց բոլոր ոգևորվածների գլխին՝ ասելով, որ առաջ է տանելու սույն արմատական բարեփոխումը, քանզի շատ է մտածում ժողովրդի բարեկեցության մասին:

Բնականաբար, իշխանական տարբեր գործիչներ էլ առիթը բաց չթողեցին գովերգելու երկրի իրավական համակարգը, որը «զարգանում» է: Միաժամանակ հայտարարեցին, թե իրենց պարտված չեն համարում:

ՀՀԿ գաղափարախոսներից հանդիսացող Աշոտ Աղաբաբյանն էլ դիմեց «էքսքյուզ մի»–ի օգնությանը։

«Եթե դատարանը հիմա այդպիսի որոշում է ճանաչել, որ հակասահմանադրական են դրույթները, ուրեմն դա նշանակում է, որ մենք սխալվել ենք: Հա, սխալվել ենք, ի՞նչ է եղել, աշխարհում այդպիսի մարդ կա՞, որ չսխալվի, կամ այդպիսի պետություն, քաղաքական ուժ, հա՞ , կա՞, որ չսխալվի: Եվ սխալի համար ոչ թե ըտենց՝ էս ինչ եղավ, այլ ընդամենը՝ սխալ ենք արել, եւ վերջ, ամերիկյան մի լավ խոսք կա, որ ասում են՝ «էքսքյուզ մի»»,– հայտարարել է Աղաբաբյանը։

Ինչեւէ, Գագիկ Հարությունյանի «սումբուրնի» որոշումը լրիվ մարսելու համար դեռ շատ ժամանակ է պետք:

Բայց ավելի լավ է այդ ժամանակն օգտագործել Տիգրան Սարգսյանից եւ նրա կաբինետից պարտադիր ազատվելու համար:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը