Լրահոս

02.04.2014 12:21


ՍԴ–ն «պարտադիր կուտակայինը» հակասահմանադրական ճանաչեց (տեսանյութ)

ՍԴ–ն «պարտադիր կուտակայինը» հակասահմանադրական ճանաչեց (տեսանյութ)

Հենց նոր ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչեց «պարտադիր կուտակայինի» մի շարք դրույթներ։

Մինչ կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք դրույթների հակասահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել է, որ այն բավականին ծավալուն է՝ 64 էջ։ Հետևաբար, Գ. Հարությունյանն առաջարկել է բոլորին նստել՝ բացի իրենից, և սկսել է ընթերցել ՍԴ որոշումը։

Նա նշել է, որ խնդրո առարկա օրենքում ներդրումային ֆոնդերի ռիսկերի կառավարումը դրված է ոչ թե կառավարության, այլ ԿԲ-ի վրա, և ՍԴ-ն գտնում է, որ վերանայման անհրաժեշտություն ունի նշյալ օրենքի 25-րդ հոդվածը։

ՍԴ–ն նաև հնարավոր է համարում սոցիալական ապահովության բարեփոխումներին մասնակից դարձնել բոլոր գործատուներին՝ թեթևացնել անհատական աշխատողների բեռը։

ՍԴ–ն նաև որոշեց մինչև 2014թ. սեպտեմբերի 30–ը ԱԺ–ին և կառավարությանը ժամանակ տալ օրենքով և նորմատիվ ակտերով իրավակարգավորումները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին։

Մինչ այս պահն էլ գանձված կուտակային վճարներն էլ ենթակա են վերահաշվարկի, իսկ կուտակային համակարգին միանալը դրվում է քաղաքացու հայեցողությանը։

ՍԴ որոշումից հետո դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր նախնական տպավորություններն է ներկայացրել ՍԴ որոշման հետ կապված՝ շնորհակալություն հայտնելով բարձր դատարանին, որ իր բարձունքի վրա է։

–ՍԴ–ն մեր դիմումի հիմնական կետերը բավարարելուն զուգահեռ՝ գործադրեց դրանք որոշակի ժամկետից հետո ուժը կորցրած ճանաչելը, ինչը որոշակի խնդիրներ կառաջացնի։ Հայեցողական լիազորությունները թողնելու հետևանքով էլ չեմ բացառում, որ դատական հայցերի նոր փուլ է սկսվում աշխատողների և գործատուների միջև,–ասել է Ա. Մինասյանը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը