Կարծիք

01.04.2014 15:20


Հեռանալ խաղա՞ղ, թե՞ ցնցումների արդյունքում

Հեռանալ խաղա՞ղ, թե՞ ցնցումների արդյունքում

Այսօրվա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ քննարկումը Ս.Սարգսյանի՝ իշխանությունը պահելու կամ հեռանալու հարցի շուրջ չէ։ Հարցն ընդամենն այն է, թե ինչպես նա կհեռանա:

Ինչո՞ւ է այս փուլում պարտադիր կառավարության հրաժարականը և ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորումը, այլ ոչ թե մի կամակատարին մեկ ուրիշով փոխարինելը:

Թե՛ վերջին խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը հանրությանը ներկայացնում էին, որ հաստատուն քայլերով մեզ տանում են դեպի ԵՄ, և որ Արևմտյան ուղղությունը մեր երկրի համար քաղաքակրթական ընտրություն է, ու դրան զուգահեռ իրենք իրականացնում են հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Այդպիսով ուզում էին ասել, որ բոլոր ձախողումներով հանդերձ՝ կարևոր բան են անում և երկրին օգուտ տալիս, հետևաբար՝ պետք է ներում հայցեն հասարակությունից՝ պատճառված անհարմարությունների համար։

Տվյալ պահին մի կողմ թողնենք, թե որքանով էր ճիշտ այդ քաղաքականությունը և ինչքանով էր այդ ծրագիրն օգտակար ու իրատեսական։ Եկեք նաև մի պահ հավատանք, որ ընտրությունները չեն կեղծվել ու ընտրողը ձայն է տվել ՀՀԿ-ին ու Ս.Սարգսյանին, որպեսզի կյանքի կոչեն այդ ծրագիրը: Բայց 2013-ի սեպտեմբերի 3-ին իշխանությունները կատարեցին տրամագծորեն հակառակ քայլ և բռնեցին ՄՄ մտնելու ճանապարհը: Թեպետ վտանգավորն այնքան դա չէր, որքան մի ավելի մեծ խմբաքանակ սխալներ թույլ տալը՝ այդ ընտրության ճանապարհին ու հետագա գործողություններում:

Հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանն ու իր թիմը իրականացնում են մի ծրագիր, որի մանդատը չեն ստացել ընտրողի կողմից (նույնիսկ եթե Մաքսային միությունը երկրային դրախտավայր լինի (ինչպիսին որ չէ), միևնույն է իշխանությունները դա չէին մեզ խոստացել):

Մեր քաղաքական համակարգը, ինչպես հայտնի է, ետկանչի մեխանիզմ չի նախատեսում։ Հետևաբար՝ եթե ընտրողը հասկանում է, որ խաբված է, իրեն մնում է երկու քայլ:

Առաջին. հաջորդ ընտրություններին իրեն խաբող քաղաքական ուժին ձայն չտալ: Բայց հասարակության տառապանքը փորձ ունի, որ մեր երկրում ընտրության միջոցով իշխանություն չի փոխվում: Բացի այդ՝ ծայրահեղ աղքատության ու հուսահատության շեմին հայտնված, վաղվա օրվա նկատմամբ հավատը կորցրած ժողովուրդը հազիվ թե հանգիստ կարողանա նստել ու սպասել հաջորդ ընտրություններին:

Ուստի, մնում է երկրորդ տարբերակը. փորձել քշել երկիրն աղետալի վիճակի մեջ գցող իշխանություններին: Դա կարող է լինել փուլային կամ փաթեթային տարբերակով։ ԱԺ ոչիշխանական ուժերը կառավարության հրաժարականի հարցը դնելով՝ ցույց են տալիս, որ կոնսոլիդացվել են փուլայինի շուրջ և չեն ուզում ցնցումներ։ Եկել է թևերը քշտելու ու պայքարի մեջ մտնելու, դժգոհ ու «կռվի» պատրաստ հասարակությանը ճիշտ հունով առաջնորդելու ժամանակը և այդ ուժերը պետք է սպասարկեն հանրային պատվերը:

Այսօր առկա է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ճգնաժամ, և աշխարհաքաղաքական նոր իրողությունների արդյունքում սպասվում են լուրջ ճնշումներ մեր երկրի վրա: Եվ այս էքստրեմալ վիճակն է պարտադրում քաղաքական մեծամասնությանը՝ գնալ ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը: Քանի որ ճգնաժամի թիվ մեկ մեղավորն իրենք են, իսկ այս փակուղային իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է լայն քաղաքական ու հասարակական կոնսոլիդացիա:

Ակնհայտ է, որ դրանից հետո սկսվելու է խաղաղ իշխանափոխության գործընթաց: Նշանակում է՝ պետք է տեղի ունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտություններ, որոնց ազատ, արդար ու թափանցիկ անցկանցման երաշխավորը կլինի նոր ձևավորվելիք կառավարությունը: Ու եթե ՀՀԿ-ն համոզված է, որ կարող է, առանց վարչական լծակների չարաշահման, այդ ընտրություններում հաղթանակ տանել, թող մասնակցի, և դա էլ կլինի յուրահատուկ վստահության քվե:

Իսկ եթե իշխանություններն այս տարբերակը մերժում են, ուրեմն հասարակությանն այլևս ճանապարհ չեն թողնում, քան քաղաքացիական անհնազանդության և «փողոցային» պայքարի միջոցով հասնելու ամբողջական իշխանափոխության, ընդ որում՝ կոշտ տարբերակով:

Ընտրությունն ամեն դեպքում իշխանությանն է։ Իշխանավորներն իրենց անհեռատես քայլով հասարակությանը կարող են մղել դեպի բարիկադներ, և թող հետագայում էլ հետևանքներն ուրիշների վրա չբարդեն:

Հ.Գ.։ Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Ս.Սարգսյանի՝ վարչապետի կարգավիճակով իշխանությունը երկարաձգելու մասին տեղեկատվական դաշտ նետված «լուրերին» վերաբերում եմ մեղմ ժպիտով, ու այնքան անլուրջ եմ համարում դա, որ անգամ չեմ ցանկանում հիմնավոր վերլուծությամբ ապացուցել դրա անհնարինությունը:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը