Քաղաքական

01.04.2014 14:57


Էլինար Վարդանյան. «Տիրում է իսկական հիստերիա՝ կապված Վահան Բաբայանի վերջին հայտարարության հետ»

Էլինար Վարդանյան. «Տիրում է իսկական հիստերիա՝ կապված Վահան Բաբայանի վերջին հայտարարության հետ»

Վերջին օրերին սոցիալական կայքերում տիրում է իսկական հիստերիա՝ կապված Վահան Բաբայանի վերջին հայտարարության հետ: Ոմանք սկսել են ակնհայտորեն ուղղորդված ելույթներ ունենալ, դատողություններ և դիտողություններ անել: Ես, իհարկե, հասկանում եմ այս ամենի պատճառները, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ երկրում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտությունը, և որ Վահան Բաբայանի խոսքերն արտահայտում են հասարակության գրեթե բոլոր շերտերի սպասումները: Ես կփորձեմ առանձնացնել իմ գործընկերոջ հիմնական շեշտադրումները.

Իսկ ի՞նչ է ասել Վահան Բաբայանը.

1. Նա մեկ անգամ ևս ֆիքսել է, որ երկրում առկա է մի իրավիճակ, որը կառավարության քաղաքականության հետևանքով ավելի ու ավելի ճգնաժամային է դառնում՝ արտագաղթ, տնտեսական խորը անկում, աղքատության օրեցօր աճող շեմ, սոցիալական ընդվզումների հանգեցնող որոշումներ: Եվ այս իրավիճակին օր առաջ պետք է լուծում տրվի:

2. Այս իրավիճակի հիմնական պատասխանատուն կառավարությունն է: Ապրիլի 28-ին մենք հայտնելու ենք կառավարությանն անվստահություն, ինչը, ես կարծում եմ, տրամաբանական է և սպասելի բազմաթիվ քաղաքացիների համար: Ակնկալո՞ւմ ենք մենք արդյոք, որ այն կընդունվի: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է. մենք չունենք կոճակային մենաշնորհ: Բայց սա այն սահմանադրական ճանապարհն է, որով մենք կարող ենք և պետք է հասնենք փոփոխությունների:

3. Եթե կոճակային մեծամասնությունը չի գնում փոփոխությունների, ապա հաջորդ քայլը բոլորին պարզ է: Լրատվական միջոցներում հիստերիա բարձրացրած գործիչներին խորհուրդ կտամ երբեմն-երբեմն դիտել միջազգային նորություններ: Տարբեր առաջադեմ երկրներում ամեն օր կարելի է տեսնել փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները: Իսկ այսօր հասունացել է այն պահը, երբ մեր քաղաքացիները պատրաստ են պայքարել երկրում փոփոխությունների, օրինականության և արդարության հաստատման համար: Սա ևս սահմանադրական ճանապարհով սեփական երկրին տեր կանգնելու իրավունքի իրացման ճանապարհ է: Եվ այստեղ հետևություններ պետք է անեն իշխանությունները:

4. Մենք գտնում ենք, որ անկախ ամեն ինչից կա հնարավորություն գնալ անցնցում, խաղաղ փոփոխությունների: Ապրիլի 28-ը տալիս է մեզ այդ հնարավորությունը: Մենք կարող ենք խուսափել բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից, և այստեղ պետք է հետևություններ անեն իշխանությունները:

Սա է ասել Վահան Բաբայանը, և բոլոր նրանց, ովքեր մեկ կենտրոնից կառավարված մարտնչում են Վահանի դեմ, այդ թվում՝ իմ գործընկեր խորհրդարանական մեծամասնության նեկայացուցիչներին, խորհուրդ կտամ սեփական աչքերով կարդալ նրա ասածները:

Հիմա անդրադառնամ այն բազմաչարչար հարցին, թե ում տեսակետն է արտահայտել Վահան Բաբայանը: Պատասխանեմ՝ իր, իմ, մեր կուսակից տասնյակ հազարավոր ընկերների և, իհարկե, հասարակության շատ լայն շրջանակների, որոշ աղբյուրների համաձայն՝ 80 տոկոսի:

Հ.Գ. Իմ բոլոր սպասումները պայմանավորված են ոչ միայն իմ քաղաքական գործունեությամբ, այլ քաղաքացու, մոր մտահոգություններով, ով չի ուզում, որ իր երեխաներն ապրեն, մեծանան այսպիսի անառողջ և բարոյալքված մթնոլորտում: Եվ համոզված եղեք, որ ես և ինձ հետ բազմաթիվ այլ մայրեր պատրաստ ենք պայքարել մեր երկրում փոփոխությունների համար:

ԱԺ ԲՀԿ պատգամավոր

Էլինար Վարդանյան

Այս խորագրի վերջին նյութերը