Մեկնաբանություն

01.04.2014 14:20


Ինչով կավարտվի Սերժ Սարգսյանի հերթական «արևմտամետությունը»

Ինչով կավարտվի Սերժ Սարգսյանի հերթական «արևմտամետությունը»

Սերժ Սարգսյանի մոտ «արևմտամետության» հերթական «պրիստուպն» է բռնել։ Ճիշտ է, նա այս անգամ միջնորդավորված ձևով է «արևմտամետություն» խաղում, բայց, ամեն դեպքում, խաղում է։

Նախքան այս նոր խաղի «նրբությունները» ներկայացնելը, եկեք հիշենք, թե ինչով ավարտվեցին Սերժի նախորդ խաղերը։

Սկզբում «ֆուտբոլն» էր։ Սերժը Գյուլի հետ հիանում էր մերոնց դարպասին խփած գնդակներով և համաձայնում Հայոց ցեղասպանության մոռացության, ինչպես նաև Թուրքիային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ ներգրավելու դիմաց բաց սահմաններ ստանալ։

«Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայտարարվում էր, որ վերջապես կազատվենք ռուսի «սապոգից», քանզի Թուրքիայի միջոցով հնարավորություն կստանանք ինտեգրվել Արևմուտքին։

Սերժն այնքան էր տարվել իր այս խաղով, որ համաձայնվել էր Ցեղասպանության հարցից բացի՝ զիջումների գնալ նաև Ղարաբաղի հարցում, միայն թե թուրքերը սահմանը բացեն։

Սահմանը թուրքերն, իհարկե, չբացեցին, բայց փոխարենն ուժեղացրեցին ճնշումները Ղարաբաղի ուղղությամբ։ Արդյունքում՝ ամբողջ աշխարհում մոռացան հայ–թուրքական սահմանի մասին ու կենտրոնացան Ղարաբաղի հարցի վրա։

Կազանում Ղարաբաղի հարցով տեղի ունեցած քննարկումների ժամանակ մենք մի կերպ փրկվեցինք ողբերգությունից։ Ցավալի է արձանագրելը, որ ՀՀ–ի փրկիչների դերում հանդես եկան Էրդողանն ու Ալիևը՝ իրենց էշության ու ագահության շնորհիվ։

«Ֆուտբոլային» թատրոնին Կազանում վերջակետ դրվեց, իսկ վարագույրները վայր իջեցվեցին Հայաստանում ՌԴ ռազմաբազաների տեղակայումը կես դարով երկարաձգելու պայմանագիրը ստորագրելուն պես։ Եվ դա այն դեպքում, երբ նախորդ պայմանագրի ժամկետը չէր լրացել, և երբ քարոզվում էր, որ «ֆուտբոլայինի» արդյունքում ոչ միայն սահմանն է բացվելու, այլ նաև ռուսական բազաներն են հեռացվելու։

Սերժի հաջորդ «արևմտամետությունն» ավարտվեց Մաքսային միություն մտնելու «գիշերային» որոշմամբ և Գյուլիստանի պայմանագրի «վկա» դառնալու պատրաստակամությամբ։ Դրան նախորդել էին ԵՄ–ի հետ ասոցացման շուրջ մոտ չորս տարի տևած բանակցությունները։ Այդ փուլում, ի դեպ, Սերժի քարոզչագործիքները հայտարարում էին, թե Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ–ից ու մտնելու է ՆԱՏՕ։ Ինչպես տեսնում եք, Սերժն՝ օճառը ձեռքին, իրոք, մտել է, բայց լրիվ ուրիշ տեղ։

Հիմա Սերժ Սարգսյանն առիթ է ման գալիս, կամ, ավելի ճիշտ, առիթ է ստեղծում Պուտինին քծնելու համար։ Նույն բանն անում են Սերժի թիմակիցներ Տիգրան Սարգսյանը, Շավարշ Քոչարյանն ու մյուս մոլի «արևմտամետները»։

Անգամ ՀՀԿ–ի «արևմտամետ» ու «ժելեոտած» թևի ներկայացուցիչներն են անուղղակիորեն ընդդիմանում ԱՄՆ–ին ու քծնում ՌԴ–ին Սիրիայի նախագահ Ասադին մոտիկից տեսնելու և ձեռքով բարևելու միջոցով։

Այս ամենով հանդերձ՝ Սերժը շարունակում է խեղաթյուրված տարբերակով «և, և» խաղալ։

«Վերջի բոլշևիկի» այժմյան «արևմտամետությունը» դրսևորվում է իր «արևմտամետ» հաճախորդների շուրթերով ՌԴ–ին հայհոյելու ու նաև ԱԺ չորս ոչիշխանական ուժերին նույն հաճախորդների միջոցով ռուսամետության մեջ մեղադրելու ձևով։

Բացի այդ, Սերժը նախաձեռնել է «արևմտամետ» ուժերի և անհատների համախմբում՝ «դհոլացման» և իր ընդդիմախոսների դեմ օգտագործման նպատակով։ «Խոխման» այն է, որ դրանց մեջ է հայտնվել նաև Մաքսային միության «պադվալից» և Պուտինի հետույքից դուրս չեկող Տիգրան Սարգսյանի ենթակայության տակ աշխատող Աղասի Ենոքյանը, ով, փաստորեն, աշխատանքային օրերին ու ժամերին աշխատում է ՄՄ–ին միանալու օգտին, իսկ ահա «ուիք էնդի» ու «լանչի» ժամանակ Պուտինին համեմատում է Հիտլերի հետ և քամու արագությամբ ասոցացվում ԵՄ–ի հետ։

Թե ինչով է ավարտվելու Սերժի այս անգամվա «արևմտամետությունը», դժվար չէ գլխի ընկնել։ Իսկ դա թույլ չտալու համար Սերժ Սարգսյանին Զորի Գայկովիչի հետ միասին պետք է ուղարկել Գյուլիստան՝ պարտադիր կուտակային հանգստի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը