Լրահոս

18.08.2009 11:30


«Ժառանգությունը» դեռ սպասում է ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի պատասխանին

«Ժառանգությունը» դեռ սպասում է ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի պատասխանին

-Մենք, ըստ էության, ուղերձ ենք հղել և՛ Հայ հեղափոխական դաշնակցությանը, և՛ Հայ ազգային կոնգրեսին։ Մենք իրենց պատասխանին ենք սպասում,- «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ընդդիմության համգործակցության պլատֆորմի կետերին։

Հիշեցնենք, որ 2009թ. հունիսի 12-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր ուժերին առաջարկել էր միավորվել 12 կետից բաղկացած պլատֆորմի շուրջ.

«Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում ենթակա է փոփոխություն­նե­րի ու լրացում­նե­րի։ Կարծում եմ՝ ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատան­քը կատարելու համար»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այս առաջարկից հետո «Ժառանգություն» կուսակցությունն էլ 5 կետից բաղկացած համագործակցության ուղերձ էր հրապարակել։ Ու թեև ամառը մոտենում է ավարտին, այդուհանդերձ, Ա. Մարտիրոսյանն այսօր «7օր»-ին ասել է, որ դեռ որևէ քննարկում չի եղել։

-Մինչև ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը մեկ ամիս ժամանակ կա, և ես կարծում եմ՝ մեր ուղերձն անպատասխան չի մնա,- ավելացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

Ամառվա ընթացքում հատկապես Արցախի հիմնահարցի շուրջ մի շարք կարևոր զարգացումներ են արձանագրվել՝ Մադրիդյան սկզբունքների հրապարակում, սկզբում՝ 5, այնուհետև 2 շրջանները Ադրբեջանին տալու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները և այլն։ Այս ամենը հաշվի առնելով՝ Ա. Մարտիրոսյանը, այդուհանդերձ, նշել է, որ իրենք «Ժառանգության» առաջարկած համագործակցության 5 կետերի մեջ խմբագրումներ չեն անելու.

-Մեր առաջարկները շատ ամփոփ են և առավել խտացված տարբերակը։ Այդ կետերը և՛ ՀԱԿ-ի, և՛ ՀՅԴ-ի կողմից բարձրաձայնված միասնական տեսակետների համախմբումն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը