Լրահոս

18.08.2009 10:56


Ժիրայր Սեֆիլյանի ողջույնի խոսքը «Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խմբին

Սիրելի հայորդիներ,

Ողջունում եմ Ձեր հիմնադիր ժողովի որոշումը, որով Արցախում բնակվող հայերը իրենց ձայնը հասու դարձրին համայն հայությունը:

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկա գործընթացը և վերջին զարգացումները ուղղակիորեն վտանգում են Արցախում բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունը, ՀՀ, Արցախի՝ ազատագրված մեր Հայրենիքի տարածքային ամբողջականությունը:

1988թ. Արցախում բնակվող հայերը պայքարի էին դուրս եկել «Միացում», այլ ոչ թե «Անկախություն» կարգախոսով: Այդ մտասևեռումով էր, որ հայ երիտասարդը զենք վերցրեց, կռվեց, զոհաբերվեց և հաղթեց: Հայաստանին միանալու երազանքն էր և մեծագույն ցանկությունը, որ համայն հայությունը հաղթանակեց անհավասար պատերազմում:

ԽՍՀՄ փլուզումից դեռ երկու տարի առաջ ընդունվել էր Արցախը Հայաստանի հետ վերամիավորող դեկտեմբերմեկյան համատեղ որոշումը, որի հիման վրա Արցախում բնակվող հայերը, որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, ընտրեցին հայոց խորհրդարանի իրենց պատգամավորներին, և նրանք Հայաստանի շրջանները ներկայացնող գործընկերների հետ միասին հռչակեցին Հայաստանի Անկախությունը: Ինչո՞ւ դրանից հետո անհրաժեշտ դարձավ արհեստականորեն բաժանել մեզ: Ինչո՞ւ կազմակերպվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Ումի՞ց էինք ուզում անկախացնել Արցախը:

Գաղտնիք չէ, որ հանձնարարականը եկել էր Երեւանից: Հիմնավորումները երկուսն էին: Նախ՝ ենթադրվում էր, թե միջազգային ճանաչման համար Արցախը Ադրբեջանի կազմից պետք է դուրս գար ԽՍՀՄ օրենքներին համապատասխան դրույթների շրջանակներում: Իսկ որպեսզի Ադրբեջանը չկարողանար հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, Երեւանում նպատակահարմար էին գտնում, որ Ստեփանակերտը դառնար որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Ենթադրվում էր, որ այս ամենը նախատեսված էր արտաքին աշխարհի համար, իսկ մենք պետք է լինեինք մեկ ազգ, մեկ բանակ եւ մեկ պետություն: Սակայն ստացվեց հակառակը:

Միջազգային հանրությանը խաբել չհաջողվեց: Այնինչ մենք համառորեն շարունակում ենք խաղալ «երկու պետություն» անիմաստ խաղն և կարծես թե մոռացել ենք, որ դա ընդամենը խաղ էր: Իսկ հայոց ազգային եւ պետական միասնությունը առ այսօր էլ շարունակվում է  վտանգվել: Ուրեմն, ո՞ւմ էր պետք Հայաստանից Արցախի անկախ լինելը:

Հայերիս համար Արցախի խնդիր գոյություն չունի:

Մենք ունենք Արցախի բնակեցման և ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիր:

Արտաքին աշխարհի և մեր հակառակորդների հետ բանակցելու ընթացքում կարող էինք ունենալ  երկու հզոր կռվան: Այն է.

-       Արցախը և ազատագրված տարածքները պաշտպանում է հայ զինվորը, ինչը փորձում են ի չիք դարձնել այսօրվա բանակցությունների արդյունքում,

-        ազատագրված տարածքներում պետք է բնակեցվեին Ադրբեջանից գաղթած 100 հազարավոր հայեր, ինչը ցավոք չկատարեցին ոչ նախկին և ոչ էլ ներկա իշխանությունները, բացառությամբ Քաշաթաղի մասնակի բնակեցման:

Արցախը երեկ և այսօր հայության նորօրյա Ազատամարտի ճակատն է:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայերս միշտ դեմ ենք եղել Արցախի հարցը քաղաքականացնելուն և հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելուն:

Սակայն այսօր Արցախի նկատմամբ վտանգները անթաքույց երևում են, և Հայաստանի իշխանությունները նպաստում են Արցախի խնդրի ոչ հայանպաստ լուծմանը, ուստի Արցախում բնակվող հայերը չեն կարող լուռ մնալ և համակերպվել այս իրողություններին: Հարցը վերաբերվում է Հայրենիքին: Ով էլ լինի Արցախում ղեկավար, պարտավոր է ենթարկվել Արցախում բնակվող հայերի կամքին:

Առաջինը Դուք ազդարարեցիք այդ կամքի արտահայտման մասին:

Հայաստանի և նրա անօտարելի մաս հանդիսացող Արցախի անվտանգության ողջ համակարգը խարսխված է հակամարտության արդյունքներով ձևավորված ռազմաքաղաքական և տարածքային այժմյան իրողությունների վրա: Տարածքային նվազագույն զիջումն իսկ հանգեցնելու է զինադարի բուն երաշխիքը հանդիսացող և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպող ուժերի փխրուն փոխհավասարակռության խախտմանը, ներկայիս ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը և, դրանով իսկ, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությանը:

Հայաստանի որևէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքների ամբողջականությունը վտանգելու և երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակները և տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից:

Հայաստանի անկախությունը և ազատագրված Միացյալ Արցախն այլևս անշրջելի իրողություն է:

Իրավական դաշտում միացման առաջին քայլը կարող է դառնալ ՀՀ եւ ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը եւ Արցախում բնակվող չափահաս հայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում:  

Մեկ անգամ ևս ողջունելով «Արցախի Հանրապետության» ծնունդն, լիահույս եմ, որ ձեր հետագա հայրենասիրական նախաձեռնություններում մինչև վերջ հետևողական կլինեք՝ հանուն Արցախի և Հայաստանի հանրապետության Միացման և հզորացման:

«Միացում» ազգային նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ

Ժիրայր Սեֆիլյան

17.08.09թ. Երևան

Այս խորագրի վերջին նյութերը