Քաղաքական

31.03.2014 16:57


ՀՀԿ–ական պատասխանողը մեղադրել է ՍԴ–ին

ՀՀԿ–ական պատասխանողը մեղադրել է ՍԴ–ին

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հարցի քննության ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանը մեղադրել է բարձր դատարանին իրեն այս կամ այն հարցը տալու համար։ Օրինակ՝ նա սրտնեղել է, թե ինչո՞ւ են իրենից հետաքրքրվել՝ պարտադիր կուտակայինի մասին իր ընտրողների կարծիքը հարցրե՞լ է։

–Չեմ հասկանում, թե դա ի՞նչ կապ կարող էր ունենալ գործի քննության հետ,–ասել է Հ. Հակոբյանը։

Իսկ երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հորդորել է խոսել միմիայն քննվող հարցի շրջանակներում, Հակոբ Հակոբյանը ընդգծել է՝ ես փորձում էի իրացնել օրենքով տրված իմ իրավունքը։

Այնուհետև նա անդրադարձել է դիմող կողմի փաստարկին, որ օրենքում ամրագրված տարիքային տարանջատումը հակասահմանադրական է.

–Ես պնդում եմ, որ հազար ինը հարյուր յոթսունչորս թվականից ծնվածների համար, հակառակ իրական երաշխիքների, այն օբյեկտիվ չափանիշն են, որոնք թույլ են տալիս պետությանը անիրատեսական երաշխիքներ չտալ այդ տարիքային խմբերին՝ իմաստազրկելով ամբողջ կենսաթոշակային համակարգը։ Հռետորական հարց՝ ինչո՞ւ է երկրի ամենաբարձր օրենքով սահմանվում, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարեկան անձը, այլ ոչ թե 34 տարեկան, 364 օրական անձը։ Ինչո՞ւ է օրենքը սահմանում, որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության պարտականություն ունեն միայն 18 տարին բոլորած անձինք, այլ ոչ թե 17 տարեկան և 364 օրական։ Ինչո՞ւ ՍԴ–ի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացին, և ինչո՞ւ չի կարող 34 տարեկան և 364 օրականը։ Այս շարքը կարելի է շարունակել, հլա նահանջ տարին էլ չհաշված,–ասել է նա։

Հակոբ Հակոբյանի այս վերջին խոսքերը ներկաների ծիծաղն են առաջացրել, իսկ ՍԴ նախագահն առաջարկել է նիստն ընդմիջել՝ նկատելով. «Հազիվ ուրախացրել են»։

Նիստը կշարունակվի 17։00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը