Կարծիք

17.08.2009 18:18


«Գաղտնավանկ» շարքից. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի...»

«Գաղտնավանկ» շարքից. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի...»

Ամառվա տապից լեզուն դուրս գցած մարմնեղ գետաձին լճակը տեսնելուն պես ուրախությունից տրճինկ տվեց ու «հիշաչար»  արևի շարունակական հալածանքներից վերջապես ազատագրվածի պես չլմփաց ջրի մեջ: Ու քիչ հետո միայն պիտի ներկայանար սահմռկեցուցիչ տեսարանը՝ նրա կողմից հրահրված ավերիչ մակընթացության ուղղակի հետևանքը: Բնականաբար, ինչպես որ կարգն է, մակընթացությանը պիտի որ տեղատվությունը հաջորդեր: Այդպես էլ եղավ, ու հենց այդ ժամանակ էլ սկսվեց ամենազարհուրելին:
- Տո ա՜յ անաստվա՛ծ, տո ա՛յ հաստագավակ, - ձայնը գլուխը գցած՝ բղավում էին ցամաքած լճի ափերին թպրտացող ձկները,- տո անամո՛թ լխպոր, տո ա՛յ հաստագլուխ, ամբողջ ջուրը պարարտ մարմինդ դատարկեց, բա հիմա մենք ի՞նչ ենք անելու, հը՞, ա՛յ ապիկար, ախր մենք հիմա կկործանվենք:
Գետաձին, որը բարձրաշխարհիկ կրթություն էր ստացել ու բարեկիրթ ընտանիքում մեծացել, ամաչեց: Նա փորձեց ծածուկ՝ գոնե լճից դուրս գալու գնով, շտկել ստեղծված անհարմար իրավիճակը: Գետաձիու այդ նախաձեռնությունից հետո մնացած ջուրը, ենթադրաբար հետ քաշվելով, հազիվ ծածկեց լճի հատակը:
- Մարդասպա՛ն, սադի՛ստ, քողարկված ֆաշի՛ստ, մթամ չգիտես, որ մենք առանց ջրի կյանք չունենք, էդ ո՞ւր ես դուրս գալիս, հը՞, հապա շուտ ե՛տ վերադարձիր:
Հասարակական պարսավանքից գլուխը կորցրած գետաձին նորից հետ սողաց ու հայտնվեց լճի ուղիղ կենտրոնում: Ջրի մակարդակը նորից բարձրացավ, ու շրջապատում ամեն ինչ վերստին խաղաղվեց: Բնական արհավիրքի վախը համտեսած ձկներն անցան իրենց բնականոն կյանքին: Նրանք առտնին հոգսերը հոգալու նպատակով ներս ու դուրս էին անում ջրի մեջ «լռված» գետաձիու ոտների արանքով:
Առ այսօր էլ ականջները ջրում խրված՝ գետաձին կանգնած է ջրում: Ա՛յ թե ինչ ասել է լավ դաստիարակված կենդանի: Մինչ շուրջը եռում է կյանքը, նա՝ ամոթի գերին, մինչև ականջների ծայրը էլի խրված է ջրում:
Ասում են, թե աշխարհը պահում են երեք կետերը:
Բայց ինչքան էլ ասեն, մեկ է, չեմ հավատում, որ նրանցից գոնե մեկը այդ ամոթխած գետաձին չլինի...

Թարգմանությունը՝ Արթուր Ազարյանի

Այս խորագրի վերջին նյութերը