Մեկնաբանություն

30.03.2014 19:10


Տարո՛ն ջան, ախր, հե՛չ սիրուն չի

Տարո՛ն ջան, ախր, հե՛չ սիրուն չի

Թեև օդերևութաբանները մի քանի օր առաջ էին ճշգրիտ կանխատեսել սպասվող ցուրտ եղանակն ու ձյունը, Երևանի քաղաքապետարանում, այդուհանդերձ, անակնկալի եկան «անսպասելի» ձնից։

Երևանի փողոցներում «բառդակ» է։ Անտերանոց։ Քաղաքապետարան, կարելի է ասել, որ չկա։ Լավ էր գոնե ոստիկանները տեղ տեղ օգնության էին հասնում դեպի Նորքի զանգված գնացող մեքենաներին և մայրաքաղաքի կենտրում «բուքսավատ» անող տաքսիստներին։

Լավ, մի՞թե չէր կարելի նախապես պատրաստվել, մանավանդ որ ալամ–աշխարհը գիտեր, որ այսօր ձյուն է գալու։

Մի՞թե Տարոն Մարգարյանի համար «պուտանկեքի» ու թաղային խուժանի օգնությամբ Սերժ Սարգսյանը տոկոս է «խփել», որ քաղաքապետ կոչվածն աչքերը փակ ստորագրի նույն Սերժի ընկերներին կարմիր ներկի օգնությամբ փողոցից փող քամելու իրավունքն ամրագրող որոշումները, իսկ ահա փողոցները ձնից մաքրելու պահին անհետանա։

Հասկացանք, որ Երևանը կառավարվում է Բաղրամյան 26-ից՝ «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» և «Տարո՛ն ջան, սիրու՛ն է» հրահանգների օգնությամբ, բայց մեկ–մեկ էլ կարելի է բուն քաղաքապետի գործառույթներ դնել «Տարոն ջանի» վրա, ու ցախավելը տալ ձեռքը՝ փողոցներն ավլելու համար։

Չէ՞ որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն գլուխ էր գովում, թե Տարոնը լավ ավլող թափող տղա է և նրան է պետք վստահել երկու հազար չգիտեմ քանի հարյուր ամյա քաղաքի կառավարումը։ Դե թող ավլի ձյունն ու թափի այն փողոցներից հեռու մի տեղ, բա ու՞ր է կորել։

Թե՞ ձյան գալը ուրախացնում է Տարոնին ու նրա տերերին բացառապես այն պատճառով, որ առիթ է ստեղծվում փողոցների վրա չցանած ավազի և ձյունը մաքրող մեքենաների չծախսած վառելիքի վրա փող դուրս գրել ու «ատկատը» գրպանել։

Մի խոսքով, սիրու՛ն չի, Տարո՛ն։ Հե՛չ սիրուն չի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը