Մեկնաբանություն

30.03.2014 14:30


«Դաժե Լենինին ու Ստալինին ըտենց չեն ներկայացրել»

«Դաժե Լենինին ու Ստալինին ըտենց չեն ներկայացրել»

2008-ից հետո, երբ նախագահական պալատի ցուցումով հեռուստաընկերությունների մեծ մասն սկսեց Սերժ Սարգսյանին ներկայացնել այսպես՝ «Երկրի առաջնորդը», «Հանրապետության առաջնորդը», ես հիշեցի Լենինին եւ Ստալինին:

Վլադիմիր Իլյիչ Լենին

Ռուս քաղաքական և պետական գործիչ, մարքսիզմի տեսաբան, աշխարհում առաջին սոցիալիստական հեղափոխության առաջնորդ և առաջին բանվորագյուղացիական պետության հիմնադիր-ղեկավար:

Իոսիֆ Վիսարյոնովիչ Ստալին

Կոմունիստական կուսակցության առաջնորդ: 1920-ական թթ. դարձել է երկրի (Ռուսաստանի), նաև ամբողջ խորհրդային (Սովետական) միության առաջնորդ։ Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները։ Հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին քաղաքական հակառակորդների հետ։ Բռնաճնշումները 1930-ական թթ. դարձել են զանգվածային։ Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին։ Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում, քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, ուր տառապում էին բազում անհիմն դատապարտված մարդիկ:

Զգո՞ւմ եք, բայց, որ էն խեղճ Լենինը հանրագիտարանում ներկայացված է միայն որպես հեղափոխության առաջնորդ: Իսկ Ստալինը հա՛մ կուսակցության, հա՛մ էլ Խորհրդային միության առաջնորդ:

Որ Սերժ Սարգսյանը ոչ մի հեղափոխությունի չի արել՝ դա պարզ է, եւ որ հանդիսանում է կուսակցության առաջնորդ՝ դա էլ է պարզ բոլորիս համար:

Ուրեմն՝ ի՞նչու է ուզում, որ իրեն ներկայացնեն որպես «Երկրի առաջնորդ» կամ «Հանրապետության առաջնորդ»:

Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, քանզի նույնքան դժվար է հասկանալ փոքրիկ բռնապետիկների էությունը: Դա, հավանաբար, կլինիկական դեպք է, ինչի ախտորոշումը կարող են տալ հոգեբույժները:

Այս թեմային չէի անդրադառնա, եթե մեր շենքի բնակիչներից մեկը, կենսաթոշակառու, քաղաքականությանն ակտիվորեն հետեւող, բնականաբար, ակտիվ հեռուստադիտող 80-ն անց պապիկն ամեն անգամ ինձ տեսնելիս չբողոքեր։

«Լավ, ես չեմ հասկանում, էդ մարդն ունի իրա կուսակցությունը, թող ասեն՝ կուսակցության առաջնորդ: Ի՞նչ ա նշանակում՝ երկրի կամ էլ՝ հանրապետության առաջնորդ: Էդ երկրի մի բնակիչն էլ ես եմ, հանրապետության մի քաղաքացին էլ ես եմ, ու ես իրան չեմ ընտրել, բայց իրան ներկայացնում են որպես բոլորիս առաջնորդ: Կարծեմ, էդ մարդը 52 տոկոս ձայն ա ստացել ու անգամ էդ դեպում չի կարելի իրան ներկայացնել որպես հանրապետության առաջնորդ: Կուսակցությունդ ունես, դու իրա առաջնորդ ես, էդ կուսակցականների առաջնորդն ես, բայց ոչ թե երկրի բոլոր բնակիչների: Դաժե Լենինին ու Ստալինին ըտենց չեն ներկայացրել: Թող ասեն՝ պետության ղեկավարը կամ նախագահը: Առաջնորդս ո՞րն ա:

Իրանից առաջվա էն երկու նախագահներին բա խի՞ այդպես չէին ներկայացնում:

Էս ի՞նչ բան էր»,- այսօր, երբ ինձ տեսավ աստիճանահարթակի վրա՝ նորից բորբոքվեց խեղճ մարդը:

Դե, ես էլ հանգստացրի նրան, ասելով. «Դե, ոչինչ, կարծես թե Զիմբաբվեում, Սուդանում, Հյուսիսային Կորեայում, Վենեսուելայում, Կուբայում ու Նիկարագուայում նույնպես այդպես են ներկայացնում իրենց երկրների ղեկավարներին»:

Մարդը լսեց, չհավատաց եւ նույնիսկ դժգոհ մնաց իմ պատասխանից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը