Մեկնաբանություն

29.03.2014 14:45


Սարգսյանն ուզում է մնալ Պուտինի վրա

Սարգսյանն ուզում է մնալ Պուտինի վրա

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Ուկրաինայի հարցով ՄԱԿ–ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, քվեարկությունից մեկ օր առաջ ԱԳՆ–ից տեղեկատվական արտահոսք էր կազմակերպվել, ըստ որի՝ Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկելու։

Դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ «ձեռնպահ» քվեարկելու պայմանավորվածության ձեռքբերումը լիովին բավարարել է և՛ հայկական, և՛ ռուսական կողմին։

Սկզբում Կրեմլը, բնականաբար, առաջարկել է «դեմ» քվեարկել, սակայն ՀՀ ԱԳՆ–ն փաստարկներ է ներկայացրել, թե ինչու Հայաստանը չի կարող «դեմ» քվեարկել։ Ի վերջո կողմերը պայմանավորվել են, որ մենք ձեռնպահ կմնանք ռուս–ուկրաինական, ավելի ճիշտ՝ Արևմուտք–Ռուսաստան կռվի մեջ ներքաշվելուց։ Վերջին պահին, սակայն, Սերժ Սարգսյանը որոշել է «դեմ» քվեարկել՝ այդպիսի հանձնարարական իջեցնելով ՄԱԿ–ում ՀՀ ներկայացուցչին։ Ասել է թե՝ կրկին գործ ունենք «գիշերային» որոշման հետ։ Որոշում, որը բացարձակապես չի բխում ՀՀ շահերից, բայց տեղավորվում է Սարգսյանի անձնական հաշվարկների տիրույթում։

«Ամենախոխման» այս պատմության մեջ այն է, որ ռուսները միայն քվեարկության պահին են ֆիքսել, որ Հայաստանը «դեմ» է Ղրիմում հանրաքվեն անօրինական ճանաչելուն։ Ֆիքսել են ու հաճելի անակնկալի եկել։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը հերթական անգամ սեփական նախաձեռնությամբ նետվում է Պուտինի գիրկը՝ փորձելով ռուսներից ավելի ռուս երևալ։

Այնպես, ինչպես Հայաստանին Մաքսային միություն մտցնելը չէր մտնում Մոսկվայի ծրագրերի մեջ (այնտեղ ընդամենը դեմ էին, որ Սերժը եվրաասոցացման համաձայնագիր կնքի), այնպես էլ Մոսկվան չէր սպասում, որ Հայաստանը ՄԱԿ–ում կկպնի ՌԴ–ի պոչին։

Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողականությամբ» փորձում է, այսպես ասած, Պուտինի վրա մնալ և իր աթոռի հարցը լուծել Մոսկվայի օգնությամբ։

Եթե նախկինում նա իշխանությունը պահելու հարցում ապավինում էր սկզբում Թուրքիային (տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը դրան էր միտված), հետո՝ Արևմուտքին (ԵՄ–ի հետ ասոցացումը «ֆուտբոլային» դիվանագիտության շարունակությունն էր), ապա նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից Սերժի հույսը Պուտինն է, ու նա պատրաստ է անգամ Կրեմլի վարչության պետի կարգավիճակով այստեղ իշխել (Զորի Գայկովիչի շուրթերով Գյուլիստանի պայմանագրի մասին հիշելն այդ ծրագրի շրջանակներում է)։

Ներքաղաքական զարգացումների ֆոնին Սերժը ոչ թե համապատասխան հետևություններ է անում, այլ ուզում է աճուրդի հանել Հայաստանը՝ հանուն աթոռի՝ հընթացս մեր երկիրը մտցնելով «առաջադեմ» պետությունների ակումբ։

Սերժն այդպես էլ չի հասկացել, որ իր յանուկովիչությամբ միայն խորացնում է խնդիրն ու ոչ մի Կրեմլ նրան չի կարող և չի ուզենա փրկել այնպես, ինչպես չուզեցան ու չփրկեցին Յանուկովիչին։

Իսկ եթե Սերժի նպատակը Դոնի Ռոստովում, Բրյուսելում կամ Անկարայում փախած «նախագահի» կարգավիճակով ասուլիսներ տալն է, ապա դա արդեն իր խնդիրն է։

Ի դեպ, ՄԱԿ–ում Հայաստանի քվեարկությանը մեկ այլ նպատակ էլ էր հետապնդում։

Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման արդյունքում մեր պետությունը հասել է սնանկացման եզրին։ Սիամական երկվորյակներին փող է պետք։ Նրանք ուզում են փողը հավաքել ոչ միայն հարկերով, կարմիր կետագծերով, արագաչափերով ու այլ մեթոդներով, այլ նաև պարտադիր կուտակայինով։ Բայց քանի որ «կուտակայինի» պահը դիմադրության է հանդիպել, «արևմտամետ» Սերժին մնում է հույսը դնել դրսի վարկի վրա՝ «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքի շրջանակներում։

Ս. Սարգսյանը վերջերս մեկ միլիարդ դոլարի վարկ էր խնդրել ռուսներից։ Վերջիններս ասել էին, որ կմտածեն։ ՄԱԿ–ի քվեարկությամբ, ահա, Սերժը հավելյալ «սապոն» է օգտագործել, որպեսզի ռուսներն այդ վարկը տան։ Իսկ դա նշանակում է, որ նա իրեն պահում է Յանուկովիչի պես, ով ԵՄ ասոցացումից հրաժարվելուց հետո փող էր ուզել Կրեմլից։ Այնտեղից Ուկրաինային խոստացել էին 15 միլիարդ դոլար տալ։ Առաջին՝ մի քանի միլիարդանոց տրանշի հատկացումից հետո, սակայն, Յանուկովիչը փախավ Ուկրաինայից, իսկ նրանք, ովքեր եկան իշխանության՝ տեսան, որ պետական գանձարանը դատարկ է. Յանուկովիչը մի քանի օրում լափել էր ռուսներից ստացած գումարը։

Հիմա Սերժը ռուսներից փող է ուզում, որպեսզի իր նեղ թիմի հետ մեջ–մեջ անի այն։ Ահա և ՄԱԿ–ում ՀՀ քվեարկության սերժական երկրորդ մոտիվացիան։

Նկատենք, որ եթե ռուսները դաս չեն քաղել Յանուկովիչի պատմությունից, ապա կարող են այդ փողը տալ Սերժին, բայց պետք է լավ իմանան, որ իշխանափոխությունից հետո դրա տերը չեն լինելու, և ՀՀ նոր իշխանությունը չի մտնի Սերժի վերցրած վարկերի տակ։

Եթե Սերժն ուզում է մնալ Պուտինի վրա, ապա դա իր գործն է։ Բայց պետք է նրան հիշեցնել, որ ռուսները նման դեպքերում օգտվում են հաճախորդի ծառայություններից և առավելագույնը ասուլիսի հարթակ տրամադրում։

Ավելորդ չէ նշելը, որ Արևմուտքում էլ են սիրում այդպես վարվել իրենց ավտորիտար «գործընկերների» հետ՝ շատ հաճախ դաժան հաշվեհարդար տեսնելով նրանց հետ (Քադաֆիի ու Մուբարաքի օրինակները ասվածի վառ ապացույցն են)։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Մոսկվային անսահմանորեն քծնելու իր ողորմելի քաղաքականությունը լղոզելու և «մուտիտի» օգնությամբ պատասխանատվությունից խուսափելու համար Սերժ Սարգսյանն իր «դիշովկեքին» հանձնարարել է տարածել, թե իբր ինքը ՄԱԿ–ում ՌԴ–ին համահունչ է քվեարկել, քանզի այլընտրանք չուներ։

Ըստ «թունդ ընդդիմադիր» նրա հաճախորդների՝ ռուսները ԱԺ չորս ոչիշխանական ուժերի միջոցով ճնշել են Սերժին, ու վերջինս ստիպված է եղել ՄԱԿ–ում ռուսահաճո տարբերակով քվեարկել։

Խե՜ղճ Սերժ։ Փաստորեն, նա տիտանական ջանքեր է գործադրում Զիմբաբվեի ընկերակցությունից խուսափելու համար, բայց հայաստանյան չար ուժերը նրան չեն թողնում, ու ինքը ստիպված ձեռքն է առնում առաջին պատահած օճառն ու մտնում Պուտինի համապատասխան տեղը։

Թե քանի ոչխարի կարող են հավատացնել նման «մուտիտներով», թողնենք պալատական «պոլիտԾիխնոլոգների» և նիկոլփաշինյանների հաշվարկներին։

Հ.Գ.-2։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ–ական պատգամավորները հայտարարեցին, որ ՄԱԿ–ում Հայաստանը պետք է «ձեռնպահ» քվեարկեր, քանզի դա բխում էր մեր երկրի շահերից։ «Ձեռնպահ» քվեարկելու հիմնավորմամբ հանդես եկավ նաև ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը։

Մնացած խոսակցությունները արմանբաբաջանյանություն ու նիկոլփաշինյանություն են։

Այս խորագրի վերջին նյութերը