Մեկնաբանություն

29.03.2014 13:07


Սերժ Սարգսյանը կրկին արժեզրկել է իր խոսքը

Սերժ Սարգսյանը կրկին արժեզրկել է իր խոսքը

Սերժ Սարգսյանն իր կառավարման վեց տարիների ընթացքում ցույց է տվել, որ իր քաղաքական հայտարարությունները որևիցե արժեք չունեն:

Դեռ 2013թ. մարտին Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքով (դա վերաբերում էր 2013-2017 թթ.–Ա.Գ.) չապահովի 7-տոկոսանոց տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Եթե Սերժ Սարգսյանի ասածներն արժեք ունենային, և նա հետևողական ու սկզբունքային քաղաքական գործիչ լիներ, ապա կարելի էր ակնկալել, որ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այս կառավարությունը 2013-ի վերջին հրաժարական կտար, քանի որ չեն ապահովել Սերժ Սարգսյանի պահանջները:

Վերը հիշատակված նույն հարցազրույցի ընթացքում նա բոլորին հորդորեց չհավատալ այն մարդկանց, ովքեր պնդում են, թե ռուսները Հայաստանին պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ, հավաստիացրեց, որ նման բան չկա։

«Մենք, հակառակը, կարող ենք փաստել՝ Մաքսային Միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով՝ ես չեմ տեսել նման միտում: Ես չեմ կարող հենց այնպես խոսել, չէ՞, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ խոսում, ես խոսում եմ բանակցությունների մասին, իրականության մասին,– նշեց Սերժ Սարգսյանը, ապա ավելացրեց,– Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք չենք խոստանում որևէ մեկին, որ վաղը վազելով գալու ենք, ու հետո գնում-ասում մյուսին՝ ոչ, Ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք ունեն»:

Մաքսային միությանը միանալու սեպտեմբերի 3-ի որոշումը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն իր վարքում ազնիվ չէ. իրականում, 3.5 տարի շարունակ ԵՄ-ի հետ բանակցություններ վարելուց ու նոյեմբերին Ասոցացման պայմանագիրը ստորագրել խոստանալուց հետո նա «վազելով» գնաց Ռուսաստան և խոստացավ միանալ Մաքսային միությանը: Այդ որոշումը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը կրկին փորձեց կեղծել իրականությունը:

Մարտի 28-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունում, որտեղ հայտարարել է, որ գազի գինը առաջիկա տարիներին կարող է բարձրանալ տարեկան մինչև հինգ տոկոսով:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի այցից հետո Բաղրամյան 26-ը պաշտոնապես հայտարարեց, որ գազի գինը չի ավելանալու: Բաղրամյան 26-ից հավաստիացնում էին, որ հաջողությամբ բանակցել են Ռուսաստանի հետ, և առաջիկա հինգ տարիներին գազի գինը չի բարձրանա, բայց հիմա Սերժ Սարգսյանը արդեն խոսում է ամեն տարի մինչև հինգ տոկոս թանկանալու մասին:

Ժամանակը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունները իրականությունից հեռու են: Նա չի կարողանում հետևողական լինել իր խոսքին: Դա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ նա շատ թույլ է քաղաքական կանխատեսումներում: Հենց սխալ կանխատեսումներն են բերում վերը նշված իրավիճակներին: Բացի այդ՝ նա ոչ միայն թույլ է իր կանխատեսումներում, այլ պարզապես չի գնահատում իր իսկ խոսքի արժեքը։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը