Քաղաքական

28.03.2014 15:21


Վարդան Օսկանյան. «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին»

Վարդան Օսկանյան. «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանել է հարցմանը, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով Ղրիմում անցկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական։

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին: Բացատրեմ՝ ինչու:

Ուկրաինայի ներկայացրած և արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը ոչ օրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա բռնակցումը:
Առաջինի հետ կապված՝ մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը:
Մյուս կողմից, մենք չենք կարող դեմ լինել երկրորդ դրույթին, որովհետև ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ համաձայնեցված լուծման հասնելու համար:
Այս երկուսի համադրումը, բնականաբար, հուշում է, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով իսկ ընդգծելով մեր սկզբունքայնությունը:
Բացի այդ, Հայաստանը պետք է կանխատեսեր, որ կարող է հայտնվել մի ցուցակում, որում հիմնականում ավտորիտար և միջազգայնորեն մեկուսացած երկրներ են: Որպես քվեարկության ուղենիշ՝ սա, թերևս, ավելի կարևոր էր, որովհետև, վերջիվերջո, սա է հիշվելու և ոչ թե մեր սկզբունքայնությունը կամ ոչ սկզբունքայնությունը:
Ես համոզված եմ, որ ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր»,- նշել է Վարդան Օսկանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը