Լրահոս

17.08.2009 11:28


Ադրբեջանցի փորձագետներն առաջարկում են արգելափակել Հայաստանում ՌԴ ռազմակայանի զենքի մատակարարումը

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը մեկնաբանել է Թուրքիայի՝ իր տարածքով Գյումրիի ռուսական զենքի մատակարարման մերժման լուրը։ «1news.az»-ը գրել էր, թե դրանից հետո Ռուսաստանը զրկվել է Գյումրիում տեղակայված իր ռազմակայանը զենքով մատակարարելու հնարավորությունից։ «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը մերժել են Ռուսաստանին տրամադրել իրենց տարածքները Գյումրիի իր ռազմակայանը զենքով մատակարարելու համար, տեղափոխման միակ ճանապարհը մնաց Իրանը։ Այս երկրի միջոցով Ռուսաստանն անհրաժեշտ ամեն ինչով մատակարարում է իր ռազմակայանը, որը որոշ ժամանակ անց կհայտնվի ղարաբաղցի «անջատողականների» ձեռքում»,-ասել է Ջաֆարովը։ Նա նշել է, որ Թեհրանի հետ բանակցություններում Ադրբեջանը պետք է արտահայտի իր մտահոգությունն Իրանի տարածքով Հայաստան զենքի մատակարարման հարցում։ Ադրբեջանցի մեկ այլ ռազմական փորձագետ Իլդրիմ Մամեդովը նշել է, որ Իրանը Ռուսաստանի հետ միասին «հայկական ահաբեկչության» հովանավորն է։ «Այս երկու երկրներն անվերջ Հայաստանին զենք են տրամադրում, ինչը չի կարող մեզ չանհանգստացնել։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Իրանի միջոցով Հայաստան մտնող զենքն օգտագործվում է մեր դեմ»,- ասել է Մամեդովը։ Ադրբեջանցի ռազմական փորձագետներն առաջարկում են դիմել ԱՄՆ-ին՝ արգելափակելու Իրանի տարածքով Հայաստանում ՌԴ ռազմակայաններ զենքի մատակարարումը։

Ըստ «Regnum»-ի

Այս խորագրի վերջին նյութերը