Լրահոս

27.03.2014 15:35


Հիվանդ համակարգի առողջ ենթահամակարգերը

Հիվանդ համակարգի առողջ ենթահամակարգերը

23 տարի առաջ Հայաստանն, իրեն հռչակելով անկախ և ինքնիշխան պետություն, սկիզբ դրեց մի քաղաքական համակարգի, որը կարող էր և լուծեց երկու խնդիր։ Առաջինն անկախության ձեռքբերումն էր, երկրորդը՝ արցախյան ազատագրական պատերազմում հաղթանակը։ Երրորդը չկա։ Այս փաստը խոսում է նրա մասին, որ ստեղծված քաղաքական համակարգը սպառել է իրեն, ու հիմա էլ գտնվում է քայքայման փուլում։ Սակայն այս փաստը պետք է դիտարկել ոչ թե օրինաչափություն, որի դեմ կարիք չկա պայքարելու, այլ հակառակը։ Փորձենք հասկանալ՝ ինչու։

Պետությունը հանդիսանում է քաղաքական համակարգի կենտրոնական ու առաջնային կառույց, հետևաբար, այն միտքը, որ պետք է ոչինչ չանել ու սպասել նրա վախճանին, մեծ շփոթմունք է, քանզի քաղաքական համակարգի անկման հետ մեծ է նաև պետության անկման վտանգը։ Այո, քաղաքական առկա համակարգն անարդյունավետ է, բայց այդ փաստը չի նշանակում, որ պետք է ստեղծված իրավիճակը բարդել համակարգային անարդյունավետության վրա։ Խնդիրն առավել քան լուծելի է, եթե անարդյունավետ քաղաքական համակարգի նկատմամբ արդյունավետ համակարգային մոտեցում ցուցաբերվի։ Ինչպես արդյունավետ քաղաքական համակարգերն են ենթադրում անարդյունավետ ու հիվանդ ենթահամակարգեր, այնպես էլ անարդյունավետները՝ առողջ համակարգեր։ Խնդիրն այն է, թե ինչպես կօգտագործվեն առողջ ենթահամակարգերը՝ «բուժելու» ողջ քաղաքական համակարգը։ Սկզբի համար պետք է ընդունենք, որ մեր երկրի քաղաքական համակարգը գործում է պետական սահմանների տարածքում, ու իր մեջ ներառում է հայ ժողովրդին։ Սա նշանակում է, որ ՀՀ տարածքից դուրս գործում են այլ քաղաքական համակարգեր, որոնք, սակայն, «հայկական» չեն, և չեն լուծում մեր և մեր երկրի շահերից բխող խնդիրներ։ Այս պայմաններում մեզ՝ հայերիս, մնում է օգտագործել հիվանդ համակարգի առողջ ենթահամակարգերը որակապես նոր համակարգ ստանալու համար։ Այսպես, պայմանական (քանզի դասական առումով պետք է խոսենք «կուսակցական», «սոցիալական» և այլ ենթահամակարգերից, բայց մեր իրականությունը բավականին տարբերվում է գրքային դասական քաղաքական մոդելներից) «իշխանությունը», «ընդդիմությունը», «քաղաքացիական հասարակությունը կամ ժողովուրդը» մեր քաղաքական համակարգի ենթահամակարգերն են։ Եկեք ի սկզբանե պայմանավորվենք, որ հիվանդ ենթահամակարգը հակազդող «իմունային բացիլների» բացակայության պարագայում կարող է «վարակել» ու համապատասխան ավարտի տանել ամբողջ համակարգը։ Սակայն մեր պարագայում դեռ ամեն ինչ այդքան վատ չէ։

Այսպես, ՀՀ իշխանությունը ճաք տված (ուրիշ բան չմտածեք), անարդյունավետ ենթահամակարգ է (չխոսեմ քաղաքական, տնտեսական ու սոցիալական չձեռքբերումների մասին), որին կարող են հակազդել և հակազդում են երկու առողջ ենթահամակարգ՝ ընդդիմությունը (որը, օբյեկտիվ կլինեմ, ժամանակին ինչ–ինչ օբյեկտիվ համակարգային առանձնահատկություններից ելնելով՝ միտված էր անառողջ ենթահամակարգ դառնալու, սակայն համախմբման գործընթացը հետ պտտեցրեց այդ մտավախությունը) և ժողովուրդը։ Մեծ հաշվով, վիճակն այնքան էլ վատ չէ, եթե վերջին երկու ենթահամակարգերը գործեն համագործակցության սկզբունքից ելնելով։ Սակայն իշխանությանը, որպես ենթահամակարգի, տրված է լիազորությունների այնպիսի գործիքակազմ, որի արդյունավետությունից են կախված համակարգի զգալի մասի կայունությունն ու աշխատանքը։ Դրանք իրականացնելու անհնարինության դեպքում լավագույն տարբերակը մնում է, որպեսզի մյուս երկու ենթահամակարգերը, համագործակցելով, իրենց ողջ ներուժն օգտագործեն առաջինի լիազորությունները կատարելու՝ այդպիսով փրկելով և առողջացնելով համակարգը։

Քաղաքական համակարգերում առկա այս գործընթացը կոչվում է իշխանափոխություն փուլային տարբերակով, որն անպայման չի ենթադրում հեղափոխություն (վատագույն տարբերակ) կամ հերթական ընտրություններ (եղածների մեջ լավագույնը)։ Այսպիսով, հիվանդ ենթահամակարգերի փոխարինումն առողջ ենթահամակարգերով միակ տրամաբանական և լավագույն տարբերակն է մնում երկրի հետագա, ճիշտ է՝ շատ բարդ ու դժվար, բայց զարգացման համար՝ բավական արդյունավետ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը