Մեկնաբանություն

26.03.2014 22:27


Սերժ Սարգսյանը բացում է խաղաքարտերը

Սերժ Սարգսյանը բացում է խաղաքարտերը

ԱԺ չորս ոչիշխանական ուժերի դեմ տարատեսակ «մուտիլովկաներ» են արվում։ Բնականաբար այդ ամենն ուղղորդվում է Բաղրամյան 26–ից։

Կառավարության հրաժարականի հարցի բարձրացումից հետո համահաճախորդական մոբլիզացիա է հայտարարվել։ Դաշտ են նետվել հին ու նոր դեմքերը, մեծ ու փոքր ժողգործիքները, բարոյապես ու ֆիզիկապես մաշվածները, հաստիքայիններն ու արտահաստիքայինները։

Ամեն մեկին մի ուղղությամբ են մասնագիտացրել, բայց բոլորն էլ «թունդ հեղափոխական» բառապաշարով են աշխատում։ Այդ «թնդությունը», սակայն, պետք է չշփոթեցնի մարդկանց, քանզի նրանց քննադատության հիմնական թիրախը չորս ուժերն են։ Սերժին կամ վարչապետին նրանք քննադատում են «ալիբի» ապահովելու համար, բայց դե քանի՞ չորքոտանու կարող են համոզել, որ «ֆալշ» չեն։

Կառավարության հրաժարականի հետ կապված Բաղրամյան 26–ից մի քանի շրջաբերական է իջեցվել՝

1.ԱԺ չորս ոչիշխանական ուժերն ընդամենը վարչապետի աթոռն են ուզում,

2.Կառավարության հրաժարականի պահանջի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, և ԱԺ չորս ոչիշխանական ուժերի վարչապետի թեկնածուն հենց երկրորդ նախագահն է,

3.ԱԺ չորս ոչիշխանական ուժերին «շիրա» է տալիս Կրեմլը, քանի որ Պուտինին դուր չի գալիս Սերժ Սարգսյանի «և,և»–ը։

Էլի կոդեր կան, որոնք շրջանառության մեջ են դրվում հաճախորդների ու «անկախ» լրատվամիջոցների միրջոցով, սակայն հիմնականը վերը նշված երեքն են։

Ուրեմն, 1–ինի վերաբերյալ ասենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցը չորրորդական նշանակության է։ ԱԺ չորս ոչիշխանական ուժերը պահանջում են ոչ թե վարչապետի, այլ գործող կառավարության հրաժարականը և պատրաստվում են ձևավորել Ազգային համաձայնության նոր կառավարություն, կամ այլ կերպ ասած՝ գնում են իշխանափոխության փուլային ու անցնցում ճանապարհով, իսկ եթե Սերժը դիմադրի, ապա գործի կդրվի պլան «Բ»–ն, այն է՝ փաթեթային իշխանափոխության տարբերակը։ Այս մասին բազմիցս նշել են և՛ ԲՀԿ–ի, և՛ ՀԱԿ–ի, և՛ ՀՅԴ–ի, և՛ «ժառանգության» ներկայացուցիչները։

Սերժականների քարոզն այս ուղղությամբ կարող է ազդել միայն քաղաքականապես անմեղսունակների վրա։ Եթե որևէ մեկն իրեն քաղաքականապես անմեղսունակ է համարում, ապա կարող է հավատալ «Չորս ուժերը պահանջում են միայն վարչապետի հրաժարականը» թեզին։

Նկատենք, որ նմանատիպ քարոզն իշխանությունների կողմից տարվում է ոչ միայն ջուր պղտորելու, այլև սեփական շարքերում խուճապը կանխելու նպատակով։ Թե որքանով է դա նրանց հաջողվում, կարող եք դատել չորս ուժերի ինքնավստահ վարքագծից։

Կրեմլի կողմից «հրաշալի քառյակի» միջոցով Սերժի վրա ազդելու «մուտիտը» նույնպես չի դիմանում ոչ մի քննադատության։ Զորի Գայկովիչի ձեռքը բռնած դեպի Գյուլիստան սուրացող Սերժ Սարգսյանը ռուսներին, ժողովրդական լեզվով ասած, ոչ տաք է և ոչ էլ պաղ։

Այդ ի՞նչ չեն կարողանում ստանալ ռուսները Սերժից, որ մի հատ էլ նրա վրա պետք է քաղաքական ճնշում բանեցնեն չորս ուժերի միջոցով։ Մարդը սեփական նախաձեռնությամբ բոբիկանում է Ղրիմի հարցում, ասել է թե՝ ձեռքերը վեր է տնկում առանց ճնշման, ինչի՞ մասին է խոսքը։

Այո՛, Յանուկովիչի փորձը հաշվի առնելով Պուտինին ձեռնտու չէ աշխարհաքաղաքական թափառաշրջիկությամբ աչքի ընկնող և պետությունը տնամերձ բոստանի վերածող Սերժ Սարգսյանը (այդ մասին ՌԴ նախագահն ուղիղ ասաց իր հայտնի ասուլիսի ժամանակ) ճիշտ այնքան, որքան Արևմուտքին։ Սակայն Սերժի վարչախմբին հեռացնելը նախևառաջ ու բացառապես ՀՀ քաղաքացիներիս գործն է։

Ե՛վ ՌԴ–ն, և՛ Արևմուտքը կուզենային այստեղ նորմալ գործընկեր ունենալ։ Բայց ասել, որ չորս ուժերը կառավարվում են Կրեմլի կողմից, առնվազն ախմախություն է։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ չորս ուժերին սատարում է Արևմուտքը, քանզի այնտեղ էլ կուզենային հուսալի և իր խոսքի արժեքը գնահատող ղեկավար տեսնել Հայաստանում, այլ ոչ թե բոլորին «այո» ասող, դրսից փող մուրացող ու Մաքսային միության «պադվալ» մտնող «Ձախորդ Փանոս»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի թեմային, ապա այսօր սերժսարգսյանական խոսափող հանդիսացող «1in.am»–ը խոստովանեց, որ դա Բաղրամյան 26–ի կողմից տեղեկատվական դաշտ նետված «մուտիտ» է, որն անհրաժեշտ է բացառապես Սերժ Սարգսյանին։

«Երբ ինչ-որ բան չի ստացվում, ապա Սերժ Սարգսյանը հիշում է Քոչարյանի կառավարումը՝ իհարկե անուղղակիորեն, քողարկված, միջնորդավորված հիշատակումներով, իր ինֆորմացիոն զինվորների օգնությամբ, արդարանալով, որ չստացվելը նախորդի կառավարման տարիներին թույլ տված բացթողումների հետևանք է»,– գրում է Սերժ Սարգսյանի ինֆորմացիոն զինվոր «1in.am»–ը։

Սերժ Սարգսյանի աթոռի մահապարտի վերածված Արման Բաբաջանյանը հոգու ճիչ է արձակում՝ խոստովանելով, որ Սերժի հրահանգով է Քոչարյանի դեմ աշխատում։ Իսկ այն, որ արմանբաբաջանյաններն ու մյուս հաճախորդներն են տաք պահում Քոչարյանի թեման, հայտնի է տեղեկատվական դաշտին հետևող յուրաքանչյուր մարդու։

2008–ից այս կողմ դեռ որևէ մեկն այսքան չի աշխատել Ռոբերտ Քոչարյանի դեմ, որքան Սերժ Սարգսյանը և որևէ մեկն այսքան դրական PR չի արել (ակամայից) Ռոբերտ Քոչարյանի օգտին, որքան նույն Սերժ Սարգսյանը։

Մի կողմ դնենք այն հարցը, որ մեկի համար աղ ու հացը, ինչպես նաև հարյուր տարվա ընկերությունը կարող է քաղաքական ու բարոյական կատեգորիա համարվել, իսկ մյուս ի համար՝ ոչ։

Մի կողմ դնենք նաև այն հարցը, որ «անաղուհաց քրդի շուն» ձևակերպումը մեկի համար կարող է կիրառելի լինել, իսկ մյուսի համար՝ ոչ։

Տվյալ դեպքում պետք է առանձնահատուկ ընդգծել, որ այո՛, Սերժ Սարգսյանը, Բաղրամյան 26–ում հայտնվելուն պես, իր հաճախորդների ու իրեն կցված լրատվամիջոցների օգնությամբ պայքարել է Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ փորձելով սեփական ձախողումները բարդել վատ ժառանգության վրա, ինչպես նաև ձգտելով համեմատության մեջ ավելի առաջադեմ ու բարի երևալ։

2008թ. մարտի 1–ի թիվ մեկ և միակ շահառու Սերժ Սարգսյանը նույնիսկ փորձեց ողբերգությունը դարձնել շահարկման առարկա և ներկայանալ որպես զոհ, ով տանը բարձի տակ հոնգուր–հոնգուր լացել է և դեմ է եղել բախումներին, սակայն չար Ռ. Քոչարյանը փաստի առաջ է կանգնացրել իրեն։

Կային մարդիկ, հասարակության շերտեր, ովքեր մի կարճ ժամանակահատված, իրոք, ընկան «Գեբելսյան» քարոզչամեքենայի ազդեցության տակ։ Բայց շատ չանցած գրեթե բոլորի համար պարզ դարձավ, որ երկրում տիրող գաղջ մթնոլորտի, տնտեսական անկման, արտագաղթի ու այլ բացասական երևույթների մեղավորը Սերժ Սարգսյանի վարած նեոբոլշևիկյան քաղաքականությունն է։

Մարդիկ համեմատեցին և հասկացան, որ Ռոբերտ Քոչարյանը, իր բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ, շահեկանորեն տարբերվում է Սերժ Սարգսյանից։ Ու հիմա ինչքան շատ հակադրեն Բաղրամյան 26–ի տակ աշխատողները Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, այնքան վերջինս շահած դուրս կգա։

Սերժն ու իր թիմը դարձել են 2008–ին իրենց որդեգրած մարտավարության գերին ու չեն հասկանում, որ այլևս Քոչարյանի «բոբոյով» հանրության չեն կարող վախեցնել։ Առավելագույնը, որ նրանք կարող են անել, դա «մուտիտն» է։ «Մուտիտ», որից Քոչարյանը բոլոր առումներով շահած է դուրս գալիս, իսկ Սարգսյանը՝ պարտված։

Բաղրամյան 26–ում, փաստորեն, միջոցների մեջ խտրականություն չեն դնում և առաջնորդվում են «անաղուհաց քրդի շուն» հայեցակարգով՝ բացելով բոլոր խաղաքարտերը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը