Մեկնաբանություն

26.03.2014 21:05


Արմեն Աշոտյանի քաղաքագիտական մտքի թերությունները

Արմեն Աշոտյանի քաղաքագիտական մտքի թերությունները

Հայաստանում քաղաքագիտություն եզրույթը սկսել են ավելի հաճախ օգտագործել` ցավոք դեռ անհարկի։

Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե քաղաքականությունը ինտելեկտուալ զբաղմունք է, սա դարձնենք աքսիոմ:

Եթե քաղաքականությունն ինտելեկտուալ զբաղմունք է, ու այդ պնդումն աքսիոմատիկ է, ապա խորհուրդ ենք տալիս Աշոտյանին ևս մեկ անգամ նայել Հանրապետական կուսակցության շարքերն ընգրկված և քաղաքականությունով զբաղվող անձանց ցուցակը։ Սա կօգնի նրան հասկանալ, որ իր տեսակետը չի կարող անկեղծ և օբյեկտիվ ընկալվել: Ավելին՝ եթե «քաղաքականությունն ինտելեկտուալ զբաղմունք է» պնդումը դարձնենք աքսիոմ, ապա անհասկանալի կդառնա, թե ո՞ր ինտելեկտուալ զբաղմունքի շրջանակներում է տեղավորվում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի «ականջդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ» արտահայտությունը:

Փողոցային վարքագիծը, ձայների գողությունը ինտելեկտուալ զբաղմունք չի կարող լինել և չէ: Իսկ եթե կարող է, ապա հարց է առաջանում, թե երբվանի՞ց է 100-ից 58 խփելը դարձել ինտելեկտուալ զբաղմունք:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ական երիտասարդների շրջանում նմանօրինակ վարքագիծն ինետելեկտուալ համարվի, սակայն նման աքսիոմաները մեռնում են դրանք հեղինակած քաղաքական գործիչների քաղաքական դաշտում մահանալուն զուգահեռ:

Արմեն Աշոտյանը նաև հայտարարեց, որ եթե ԲՀԿ-ը մի օր հայտարարի, որ դառնում է ընդդիմադիր, այդ ուժն է ունենալու մարդկային և լուրջ ռեսուրսների կորուստներ:

«ԲՀԿ–ում դա շատ լավ գիտեն, և դրա համար է այս ամբողջ խաղը գնում, այսպես ասած, հակաքաղաքագիտական հարթակի մեջ»,– նշել է Աշոտյանն՝ անդրադառնալով «այլընտրանք» եզրի գործածությանը:

Քաղաքականությունն աքսիոմատիկ ինտելեկտուալ զբաղմունք համարող Աշոտյանը տրամաբանական սխալ է թույլ տալիս, երբ նշում է, որ քաղաքական գործընթացը կարող է լինել հակաքաղաքագիտական հարթության մեջ: Երևի ՀՀԿ-ական նախարարը տեղյակ չէ, որ քաղաքագիտության ուսումնասիրության առարկան մարդու վարքագիծն է և այն չի կարող հակաքաղաքագիտական լինել մի պարզ պատճառով՝ քաղաքագիտության ուսումնասիրության առարկան հենց վարքագիծն է:

Քաղաքականությունը ինտելեկտուալ զբաղմունք հայտարարած ու քաղաքագիտության մասին սխալ պատկերացում ունեցող ՀՀԿ-ականը ճիշտ կաներ մի քիչ պատրաստվեր, որպեսզի հրապարակային ելույթներում անհարկի հարցականի տակ չդներ քաղաքագիտական մտածողության դրույթները։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը