Կարծիք

26.03.2014 15:17


Անսկզբունքային երևալուց վախենալով՝ դժվար չէ նաև դոգմատիկ դառնալ

Անսկզբունքային երևալուց վախենալով՝ դժվար չէ նաև դոգմատիկ դառնալ

Միշտ զարմանում եմ, երբ իշխանության ներկայացուցիչները, տեսնելով, որ հաճախ հակափաստարկներ չեն կարողանում ներկայացնել ոչիշխանական ուժերի մեղադրանքերին, անցել են պարզունակ պրյոմի. թե ժամանակին նրանց որոշ մասն էլ է եղել իշխանություն, մի՞թե այն ժամանակ ամեն ինչ լավ են արել: Ավելին, պնդում են, թե, եթե որևէ քաղաքական ուժ ինչ-որ ժամանակ իշխանություն է եղել, ուրեմն էլ նրանից ի՞նչ ընդդիմություն:
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ընտրություն է կատարում փորձառու ու կանխատեսելի քաղաքական ուժերի կամ խարիզմատիկ լիդերների միջև՝ գնահատելով նրանց հավասարակշիռ քաղաքական վարքագիծը: Իսկ այն ուժը, որին հաջողվել է, ստանալով ժողովրդի վստահության քվեն, եղել է իշխանության ու կարողացել է որոշակի դրական գործ կատարել, ինչու չէ, նաև սխալներ թույլ տալ, հետագայում, դառնալով ընդդիմություն, պետք է իր փորձով կարողանա նաև օրվա իշխանություններին մատնացույց անել, որ այս կամ այն հարցում սխալ է թույլ տրվում, որ այս աշխատանքը կարելի է ավելի լավ կատարել: Եվ որպեսզի երկիրն առաջընթաց ունենա, յուրաքանչյուր իշխանություն պետք է շարունակի նախորդի դրական գործն ու նաև նրանց սխալների վրա սովորելով՝ ուղղի դրանք: Եվ այսօրվա ընդդիմությունն էլ, եթե երեկ իշխանություն է եղել, բնականաբար, ինքն էլ պետք է դասեր քաղի իր իսկ սխալներց ու նոր որակով հանդես գա հանրության առջև: Էլ ինչպե՞ս ենք ուզում ունենալ ինստիտուցիոնալ ընդդիմություն, եթե ամեն մեկին պատրաստվում ենք ընդամենը մեկ շանս տալ ու, եթե մեր կարծիքով այն լավ չի օգտագործվել իշխանություն եղած ժամանակ, ուրեմն այդ ուժն այլևս արժանի չէ վստահության: Արդյո՞ք նաև այս մաքսիմալիզմը չի պատճառ հանդիսանում, որ իշխանությունը բռնազավթած ուժը ոչ մի գնով չի պատրաստվում հանձնել այն, վախենալով, որ իշխանությունը կորցնելը հավասարազոր է կործանման: Իսկ, ե՞րբ ենք պատրաստվում փոխել այս կարծրատիպը, քանի տարի է դրա համար հարկավոր:
Հարգելի իշխանավորներ, եթե ընդունում եք, որ եկել եք իշխանության ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով, ուրեմն դուք հասարակության ամենաարժանի ներկայացուցիչները պետք է որ լինեիք: Այսինքն ձեզ ներկայացվում է պահանջ, թե ինչո՞ւ մեր մեջի ամենլավերը չեն կարողանում կյանքի կոչել ամենահասարակ բարեփոխումներն անգամ: Էլ չեմ խոսում այն մասին, որ սեփական նախընտրական խոստումներն են մնում թղթի վրա: Զավեշտն այն է, որ ամեն անգամ իշխանություններն արդարանում են, թե՝ տեսեք, որ ընդդիմությունն էլ մեզանից լավը չէ: Ավելի ակնհայտ ինքնախոստովանական ցուցմունք, քան սա է, որ իշխանությունը բռնազավթված է՝ դժվար թե հնարավոր լիներ հորինել անգամ:
Իսկ ամենազավեշտալի մեղադրանքը, որ ներկայացնում են իշխանությունները ոչիշխանական ուժերին, թե տեսեք ժամանակին մեկը մյուսի մասին ինչ կարծիք էր հայտնում, հիմա ինչպե՞ս կարող են միասին լինել: Ինչ է. դժվա՞ր է հասկանալ, որ մեր երկրի աղետալի վիճակն է ստիպում այդ ուժերին գնալ միավորման։
Ուզում եմ հստակեցնել ասելիքս լորդ Հենրի Փալմերսթոնի հայտնի խոսքերով. «Չկան հավերժ բարեկամներ, չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր»: Ուղղակի այս մոտեցումը, եթե իշխանությունների համար աթոռի պահպանման ու կերակրատաշտից օգտվելու կոլեկտիվ շահն է, ապա ոչիշխանական ուժերի համար՝ դրանք վստահաբար պետք է լինեն ազգի ու պետության շահերը, հանուն որի կարելի է մի կողմ դնել ցանկացած ամբիցիա ու նեղ կուսակցական շահ, ինչը և կարծես արվում է:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը