Լրահոս

15.08.2009 16:35


Ստեփան Պետրոսյան. «Ջավախքում հայապահպանության խնդիր չկա, կա հայաթափության խնդիր»

Ստեփան Պետրոսյան. «Ջավախքում հայապահպանության խնդիր չկա, կա հայաթափության խնդիր»

Ջավախքում հայապահպանման խնդրի կարգավորման համար Սփյուռքի նախարարության կատարած քայլերի մասին խոսելիս սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանն ասել է, որ առաջին հերթին Սփյուռքի նախարարությունն աշխատում է իր բոլոր ծրագրերում ներգրավել Ջավախքի հայ երիտասարդությանը և  ողջ ջավախահայությանը։

Նա նաև նշել է, որ նախարարությունը հարց է բարձրացրել, որ ջավախահայ երիտասարդների համար, ովքեր գալիս են Հայաստանում սովորելու, ուսման վարձը հավասարեցվի ՀՀ քաղաքացի հանդիսացող երիտասարդների ուսման վարձին։

-Մենք ակտիվ մասնակցում ենք Ջավախքում տեղի ունեցող մշակութային բոլոր միջոցառումներին։ Հիմա մենք փորձում ենք մեր գործարարներին, այդ թվում նաև սփյուռքահայ գործարարներին հորդորել, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն նաև Ջավախքում, որովհետև այնտեղ հիմնական խնդիրը մարդկանց աշխատանքով ապահովելն է, հիմնականում տնտեսական խնդիրն է. այնտեղ հայապահպանության խնդիր չկա, կա հայաթափության խնդիր,- ասել է նա։

Անդրադառնալով նաև  հայկական դասագրքերի՝ Վրաստան մուտքն ագրելու արգելքին՝ Ս.Պետրոսյանն ասել է.

-Մինչև հիմա մենք նման խնդիր չենք ունեցել, սակայն վերջերս վրացական իշխանությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանում տպագրված դասագրքերը հասնեն այդ տարածաշրջանի հայկական դպրոցներին։ Սփյուռքի նախարարությունն այդ հարցը բարձրացրել է, այդ մասին տեղյակ է մեր կրթության նախարարությունը, ինչպես նաև մեր արտգործնախարարը։ Հարցը վերաբերում է միջպետական հարաբերություններին, և այստեղ Սփյուռքի նախարարությունը պետք է համագործակցի մյուս նախարարությունների, այդ թվում նաև՝ արտգործնախարարության հետ։ Հուսով ենք, որ հարցն ինչ-որ լուծում կստանա։ Վրաստանում ընդհանրապես գրաքննություն չկա, և մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում արգելել հայկական դասագրքերի մուտքը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ խնդիրը շատ լուրջ է, և իրենք ամեն ինչ անում են լուծումներ գտնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը