Լրահոս

25.03.2014 18:25


Արմեն Հարությունյան. «Մեր դիվանագիտությունն իջեցվել է «Միմինոյի» Խաչիկյանի ընկալումների մակարդակի»

Արմեն Հարությունյան. «Մեր դիվանագիտությունն իջեցվել է «Միմինոյի» Խաչիկյանի ընկալումների մակարդակի»

Այսօր հազիվ թե Հայաստանում գտնես մեկին, որ կվիճարկի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, մանավանդ, որ Ղարաբաղի հարցն էլ ենք միջազգային հանրությանը ներկայացնում որպես արցախահայության ազատ կամարտահայության միջոցով ինքնորոշման իրավունքի իրացում:

Բայց տարակարծությունն այս հարցում չէ, այլ նրանում, թե արդյո՞ք Ղրիմի հանրաքվեն միջազգային օրենքներին համապատասխան է տեղի ունեցել: Այս հարցում դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են: Եվրոպան համարում է, որ ՌԴ-ն անեքսիայի է ենթարկել Ղրիմը, իսկ ԱՄՆ-ն ավելի կոշտ գնահատական է տվել, հնչեցնելով անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, թե Ղրիմը ՌԴ-ն գողացել է: Սրան համակառակ. ՌԴ-ն գտնում է, որ Արևմուտքն առաջնորդվում է երկակի ստանդարտներով, և, որ Կոսովոյի հարցում միանգամայն այլ տեսակետ ուներ:
Մեր երկիրն ամեն ինչ պետք է անի, որպեսզի որևէ մեկի տեսակետի հրապարակային պաշտպանողը չլինի, քանի որ անմիջապես ընկալվելու է կոնֆլիկտի կողմ: Եվ երբ արդեն նոր «սառը պատերազմ» է նախանշվում, ապա մենք պետք է մեր ճկուն քաղաքականությամբ սրանից օգուտներ քաղեինք, այլ ոչ թե՝ մեր ապաշնորհության պատճառով ընկնեինք ճնշման տակ, որը մեր պարագայում ուղղակի կործանարար կլինի: Առանց այն էլ մեզ պարզ էր, որ ՄՄ մտնելիս սկզբնական շրջանում որոշ բարդություն էինք ունենալու: Իսկ հիմա, երբ ՄՄ-ի գլխավոր դերակատար ՌԴ-ն Արևմուտքի հետ հակամարտության պատճառով լուրջ խնդիրներ է ունենալու, մենք էլ մեր անհավասարակշիռ պահվածքի պատճառով՝ նպատակային սանկցիաների տակ ենք ընկնելու:

Իսկ այս դրամատիկ իրավիճակում մեզանում գտնվում են «խելոքներ», որ ասում են՝ դե ուրեմն դիմենք ՌԴ-ին, որպեսզի Ղարաբաղի հարցն էլ լուծի:
Սա ինձ հիշեցնում է «Միմինո» կինոֆիլիմի հայտնի դրվագը, երբ Վալիկոն Լարիսա Իվանովնայի հետ հեռախոսով ցանկանում է պայմանավորվել հանդիպման համար, իսկ Խաչիկյանը կողքից անընդհատ շշնջում է, թե՝ ասա թող ընկերուհուն էլ հետը բերի: Իսկ պատմությունն ավարտվեց նրանով, որ ոչ Լարիսա Իվանովնան եկավ, ոչ էլ, բնականաբար՝ ընկերուհին:

Հիմա կարծես ՌԴ-ն Ղրիմի հարցի պատճառով այս հակամարտության տակից դուրս է եկել, մերոնք էլ շտապում են նրան հորդորել, որ Ղարաբաղի հարցն էլ նույն կերպ լուծի:

Այն որ մեր դիվանագիտությունը Սերժ Սարգսյանի օրոք այսպիսի անկում կգրանցեր, արդեն բազմաթիվ առիթներ ունեցել ենք համոզվելու, բայց որ Ղարաբաղի հարցի նման բարդ ու մեզ համար չափազանց թանկ հարցում մեր արտաքին քաղաքականությունը կիջեցվեր դիլիջանցի «Կռազ»-ի վարորդ Խաչիկյանի ընկալումների մակարդակի, սա արդեն ինձ համար էլ էր անսպասելի:
Եվ այս աշխարհընկալումով էլ ուզում են պահը ճիշտ օգտագործել ու տևականորեն չկարգավորված Ղարաբաղի հարցը լուծել:

Դե այստեղ են ասում. «Լավ, խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք»:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը