Մեկնաբանություն

23.03.2014 16:00


«Սերժի՛կ, հեռացի՛ր» և «Մենք ենք տերը մեր երկրի»

«Սերժի՛կ, հեռացի՛ր» և «Մենք ենք տերը մեր երկրի»

Կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցը ոչ թե քաղաքական է, այլ՝ սուպերքաղաքական, քանզի առնչվում է հանրության բոլոր շերտերին՝ լինեն նրանք 1974թ.–ից առաջ կամ հետո ծնված։ Ասել է թե՝ «պարտադիր կուտակայինի» դեմ պայքարը չքաղաքականացնելու առաջարկներն ու կոչերը պարզապես միամտություն են կամ էլ այլ բանի դրսևորումներ։

Բացի այդ՝ «պարտադիր կուտակայինի» հարցը առանձին խմբի կամ առանձին կուսակցությունների տնամերձ բոստանի նման մի բան չէ, որ այնտեղ ինչ ուզեն ցանեն և ուրիշների մուտքն էլ արգելեն։

Իմիջիայլոց, իշխանություններն են ամենաշատն ուզում, որ պայքարը չքաղաքականացվի, այսինքն՝ վերածվի «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» տիպի շոուի՝ փողի բռնագանձման պարտադիր պրոցեդուրայի կիրառմամբ։ Ուրեմն եթե դեմ ես «պարտադիր կուտակայինի» քաղաքականացմանը, ուրեմն կողմ ես հարցի չլուծմանն ու թամաշայացմանը։

Ցանկացած օրենք ընդունվում է քաղաքական մարմին հանդիսացող խորհրդարանի և վավարեցվում քաղաքական պաշտոն համարվող նախագահի կողմից։ Ուստի՝ օրենքի հետ կապված բոլոր կողմ և դեմ տեսակետները քաղաքական բնույթի են։

Սերժ և Տիգրան Սարգսյանները «պարտադիր կուտակայինի» անվան տակ նոր հարկատեսակ են մտցնում՝ ձրի (ոչ թե էժան) ու երկար փող ձեռք գցելու ակնկալիքով։ Եթե այս ամենը հասկացող մարդիկ պնդում են, թե սա քաղաքական հարց չէ և հետևաբար՝ պետք չէ քաղաքականացնել թալանի դեմ պայքարը, ապա դա պարզապես իշխանության թելադրած խաղի կանոններով խաղալ է նշանակում։

Բազմիցս առիթ ունեցել ենք հիշեցնելու, որ մարդը քաղաքական կենդանի է և անասունից տարբերվում է ոչ միայն սեփական ստամոքսի մասին բնազդաբար մտածելու, այլ նաև հանրային նշանակության հարցեր բարձրացնելու հատկությամբ։ Այնպես որ «պարտադիր կուտակայինի» հարցը քաղաքական է և պայքարն այդ հնարավոր չէ չքաղաքականացնել, անգամ եթե անըդհատ հայտարարես չքաղաքականացնելու մասին։ Դա նույնն է, թե ամռանը կիզիչ արևի տակ օրը ցերեկով առանց գլխարկ կամ անձրևանոց ժամերով քայլես՝ հայտարարելով, թե չես ուզում «քաղաքականացնել» արևի թեման, բայց միևնույն ժամանակ ուզում ես խուսափել արևահարումից և գլխիդ խփող ճառագայթներից։

Պետք է նաև հիշել, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։ Սերժն այժմ զբաղվում է քաղաքականությունից խուսափող ՀՀ բոլոր քաղաքացիներով. մեկից հարկ է գանձում, մյուսի բիզնեսի մեջ Սաշիկն է փայ մտնում, հնազանդներին կարմիր կետագծերից այս կողմ են կանգնեցնում, իսկ աշխատողներին էլ ստիպում են պարտադիր մուծումներ անել՝ «ապահով ծերություն» բլեֆ–խոստում տալով։

Իշխանությունը որոշել է աշխատողների գրպանը մտնել՝ օգտվելով նրանց չքաղաքականացվելու պատրաստակամությունից։

Հարգելինե՛րս, «պարտադիր կուտակայինի» դեմ պայքարը չքաղաքականցելն արդեն իսկ քաղաքական վարքագծի նշան է։ Ոչիշխանական ուժերն ուզում են քաղաքականացնել, այսինքն՝ բնական և հարցի լուծմանը նպաստող վարքագիծ ցուցաբերել, իսկ իշխանություններն ուզում են չքաղաքականացնել, այսինքն՝ թաղել հարցի լուծումը։ Երկու դեպքում էլ քաղաքական խնդիր է լուծվում և երկու դեպքում էլ քաղաքական որոշում է կայացվում։ Այնպես որ «Դեմ եմ»–ը, ուզի թե չուզի, պետք է կողմնորոշվի, կամ էլ կյանքը կկողմնորոշի նրանց, բայց իզուր ժամանակ կծախսվի։

Մեկ բան ակնհայտ է. չքաղաքականցվելու երդումը ձեռնտու է Բաղրամյան 26–ին։ Պատահական չէ, որ սերժամետ լրատվամիջոցները շտապել են օգտվել «Դեմ եմ»–ի՝ պայքարը չքաղաքականացնելու մոտեցումից՝ նշելով, թե այդպիսով «Դեմ եմ»–ն իր վստահությունն է հայտնում կառավարությանը։ Բայց չէ՞ որ «Դեմ եմ»–ի անդամները դեմ են կառավարության վարած քաղաքականությանը և հարթակից հնչեցվող նրանց բոլորի ելույթներն այդ մասին են վկայում։ Հետևաբար՝ պետք չէ թույլ տալ, որպեսզի իշխանությունները մանիպուլյացիաների տեխնոլոգիա կիրառեն և իրենց դեմ բողոքի ալիքն օգտագործեն հենց բողոքողների դեմ։

«ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ նշեց, որ «Դեմ եմ»–ը կանգնած է վերափոխման անհրաժեշտության առաջ։ Ասել կուզի քաղաքական հարցերը քաղաքականացնելու՝ իրերն իրենց անուններով կոչելու անհրաժեշտության առաջ։ Դժվար է նրա հետ չհամաձայնելը։

Քաղաքականն ու քաղաքացիականը միայն համադրվելով կարող են արդյունքի հասնել։ Մաքուր քաղաքացիական հարց չի լինում։ Լինում է որևէ հարցի նկատմամբ քաղաքացիական դիրքորոշում և այդ հարցի քաղաքական լուծում։

Այնպես որ եթե «Դեմ եմ»–ի առանձին անդամներին թվում է, թե հանրահավաքի ժամանակ վանկարկվող «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ի դեմն անմիջապես պետք է առնել «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը միկրոֆոնով հնչեցնելով, որպեսզի ՀՀԿ ղեկավարը հանկարծ չբարկանա ու «պարտադիր կուտակայինի» հարցին դրական լուծում տա, ապա դա խոր մոլորություն է։

Եթե նրանց նաև թվում է, թե «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը քաղաքական է, իսկ «Մենք ենք տերը մեր երկրի»–ն՝ քաղաքացիական, ապա դա այդպես չէ։ Երկուսն էլ քաղաքական կարգախոսներ են՝ տարբեր փաթեթավորմամբ։

Այդ կարգախոսները միմյանց ոչ թե հակադիր են, այլ՝ փոխլրացնող։ Ավելին՝ առանց «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը կյանքի կոչելու չես կարող տեր լինել երկրին և հակառակը՝ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի կյանքի կոչումով է միայն հնարավոր «Վերջի բոլշևիկին» հեռացնել Բաղրամյան 26–ից և վերջ տալ «պարտադիր կուտակային» թալանին (և ոչ միայն)։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը