Կարծիք

22.03.2014 18:16


Ախր սա արդեն ոչ թե բալանսավորված քաղաքականություն է, այլ՝ համառ ու հետևողական բթամտություն

Ախր սա արդեն ոչ թե բալանսավորված քաղաքականություն է, այլ՝ համառ ու հետևողական բթամտություն

«ՏԻՏԱՆՆԵՐԻ» ՊԱՅՔԱՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ԱԿՏԻՎ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ

Օրերս Ս.Սարգսյանն իր զորակցությունը հայտնեց Վլ.Պուտինին՝ Ղրիմի հարցով, զուգահեռաբար Տ.Սարգսյանն էլ Բրյուսելում պատրաստակամություն հայտնեց շարունակել ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը, և որպես դրա արդյունք, այնուհետև հայտարարեց, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ կնքել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, վկայակոչելով՝ Ուկրաինայի հետ այս օրերին ստորագրելու հանգամանքը, և հայկական կողմը նույնպես համաձայն է դրան:
Նախ, Ուկրաինան արդեն նախաստորագրել էր Ասոցացման համաձայնագիրը, և այժմ ստորագրեց համաձայնագրի քաղաքական մասը, պատրաստակամություն հայտնելով՝ հարցը լուծել փուլային տարբերակով՝ հավաստիացնելով, որ տնտեսական մասի ստորագրման մտադրությունն անշրջելի է, և այն նախատեսվում է այս տարվա մայիսին:

Իսկ մեր իշխանավորներն ուզում են նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, բայց ի լուր աշխարհի արդեն հատարարել են, որ ոչ թե դրանից հետո պատրաստվում են Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել, այլ կերպ ասած՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, այլ՝ երկու ամիս հետո ՄՄ մտնելու համաձայնագիրը: Իսկ այս պարագայում ԵՄ-ի հետ քաղաքական համաձայնագիրը, եթե անգամ ստորագրվի, դառնալու է ոչինչ չասող ու մեր երկրին ոչինչ չտվող մի հռչակագիր: Բայց ուկրաինական դեպքերից հետո, այս դեկլարատիվ հայտարարության ստորագրումն արդեն այնքան էլ անվտանգ չէ մեր երկիր համար, քանի որ հիմա արդեն Արևմուտքը նախապատրաստվում է կոշտ պայքարի՝ ՌԴ-ի դեմ: Էլ ինչպե՞ս կարող ենք քաղաքական առումով համագործակցել, երբ այդ պարագայում ստիպված ենք լինելու Արևմուտքի դիրքորոշմանը համակարծիք լինել, ասել է թե՝ դատապարտել ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիան: Եվ ինչպե՞ս ենք դա զուգակցելու՝ ազգերի ինքնորոշման սկզբունքից ելնելով Ղրիմի ազատ կամարտահայտության հետ, երբ արդեն այդ հարցում զորակցել ենք ՌԴ-ին:

Աշխարհաքաղաքական լուրջ առճակատումների ժամանակ մեզ սովորաբար հզորները չէին պարտադրում հստակ դիրքորոշում արտահայտել, թե՝ ում կողմից ենք: Այնքան բարդ ու դրամատիկ է մեր ազգի ու պետության ճակատագիրը, որ երկընտրանքների առջև մենք առանց այն էլ հաճախ ենք հայտնվում՝ ոչ մեր կամքով: Օրինակ. տարիներ առաջ վրաց-աբխազական հակամարտության ժամանակ, աբխազահայերը զենքը ձեռքներին պայքարում էին Աբխազիայի անկախության համար, իսկ վրացահայերը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության: Իսկ դրան զուգահեռ նաև մեր երկրի պետական շահը շատ նրբանկատորեն պետք է արտահայտեինք, որպեսզի չնեղացնեինք որևէ կողմին:

Մինչդեռ ներկայիս ավելի բարդ իրավիճակում Ս.Սարգսյանի վարչակազմը, փոխանակ փորձեր չեզոքություն պահպանել, մեկ անգամ ևս գործի դրեց արտաքին քաղաքական իր ձախողված նախաձեռնողականությունը: Իսկ այս պարագայում, արդեն հակամարտող կողմները հանգիստ խղճով կարող են մեզնից պահանջել, որ հստակ դիրքորոշում արտահայտենք, թե՝ կոնֆլիկտի որ կողմում ենք: Իսկ քանի որ մեր իշխանավորներն ընդամենը խաղեր տալ էին ուզում, այլ ոչ թե՝ պայքարել որևէ մեկի կողմից մյուսի դեմ, արդյունքում երկու կողմն էլ նեղանալու է մեր երկրից՝ բախտորոշ պահին իրենց դավաճանելու համար:

Ես հասկանում եմ, որ երկրում տիրող կառավարման այս ֆեոդալական կարգերի պարագայում արտգործնախարարությունում կարող է և չգտնվել մի պաշտոնյա, որի խոսքից պարզ դառնա, որ գոնե մեկը դեմ է մեր երկիրն այսպես հապշտապ կերպով մեկուսացման տանելու քաղաքականությանը: Դե, ինչպես ասում են՝ տառապանքները փորձ ունի: Չէ՞ որ մեր դիվանագիտական կորպուսի ամենահեղիանակավոր ներկայացուցիչը՝ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, բավական է համարձակվեր քննադատել մեր իշխանություններին, Ս.Սարգսյանը նրան հակադարձեց, թե՝ նա ընդամենը երգիչ է, հայաստանյան իրականությունից կտված: Մոռանալով, որ այդ «բանից բեխաբարը» ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում ու մի քանի միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչը: Դե դրանից հետո էլ ո՞ր դեսպանը կհամարձակվի հակառակվել Ս.Սարգսյանի որևէ կարծիքի հետ: Հույսներս մնացել է այն, որ գոնե ԱԳՆ-ում հնից մի արտակարգ և լիազոր հավաքարար մնացած լինի, մի փորձառու «Վարդուշ տոտա», որ սենյակները մաքրելիս ձեռի հետ ինչ-որ փաստաթղթերի ծանոթացած լինի, կամ էլ՝ «ականջի ծայրով» տարբեր խոսակցություներ լսած, որ կանգի ու ասի. «Տղերք այս ի՞նչ եք անում, այս ինչո՞վ եք զբացված»: Ախր սա արդեն ոչ թե բալանսավորված քաղաքականություն է, այլ՝ համառ ու հետևողական բթամտություն:
Ուշքի եկե՛ք, հայրենիք ենք կորցնում:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan

Այս խորագրի վերջին նյութերը