Կարծիք

20.03.2014 21:48


Բա 2013-ի սեպտեմբների 3-ից սկսած մինչ օրս Պուտինի ի՞նչն եք համբուրում

Բա 2013-ի սեպտեմբների 3-ից սկսած մինչ օրս Պուտինի ի՞նչն եք համբուրում

Երբ երեկ իմացանք, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ս.Սարգսյանի ու Վլ.Պուտինի միջև, որի ընթացքում Ազատիչը ճանաչել է Ղրիմի ինքնորոշման իրավունքը, դժվար չէր հասկանալ, որ դրանով՝ մեր իշխանությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի «կրոնն ընդունելու» մասին հավաստիացումն ամրագրել են հերթական անգամ նրա «աջը համբուրելով»:

Երբ 2008-ի վրաց-օսական օգոստոսյան պատերազմից հետո ՌԴ-ն ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին նշեց հետևյալը. «Այսօր մերթընդմերթ հնչում է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Պատասխանը հստակ է` այն նույն պատճառով, որով ժամանակին չճանաչեց Կոսովոն: Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Ի դեպ, նման պահանջ մեր առջև ո՛չ Արևմուտը դրեց, ոչ էլ ՌԴ-ն, ըմբռնումով մոտենալով, որ դա կարող է մեզ կանգնեցնել բարդ երկնընտրանքի առջև: Հիմա ՀՀ-ն գլխապատառ ճանաչում է Ղրիմի ինքնորոշման իրավունքը, այն դեպքում, երբ 2008-ին Վրաստանի պարագայում Արևմուտքը չէր պատրաստվում կոշտ ու լայնամասշտաբ պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ, ինչպես այժմ, ինչ-որ տեղ մեղադրելով նաև Վրաստանի ղեկավարության անհավասարկշիռ պահվածքը:
Իսկ հիմա ի՞նչ ասես այս աղաղակող ցինիզմին, երբ այսքանից հետո, այսօր Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հայտարարում է, որ մեր երկրի համար «կամ-կամ» սկզբունքն անընդունելի է: Տ.Սարգսյանի այս ախմախ հայտարարությունն արդեն այնքան անլուրջ է, որ լուրջ արձագանքելն էլ է դառնում անիմաստ, այդ իսկ պատճառով դա ինձ մի անեկդոտ հիշեցրեց:

«Տեր հորը կնունքից հետո հրավիրում են խնջույքի: Դե մի քիչ ուտւմ-խմում են, Տեր հայրը հոգնում է ու ցանկանում մի թեթև «աչքը կպցնել»: Խնջույքի մասնակից ճարպիկ երիտասարդները զգուշությամբ Տեր հոր վզից թռցնում են խաչը: Վերջինս արթնանալուն պես նկատում է, որ խաչը չկա ու անհանգիստ գոչում է, թե՝ ուր է իր խաչը: Բայց «շուստրի» երիտասարդները չքմեղացած հայտարարում են, որ իրենք խաչ չեն տեսել ու վստահ են, որ Տեր հայրն այս միջոցառման հենց սկզբից առանց խաչ է եղել: Տեր հորը ոչինչ չէր մնում, քան այս երիտասարդներին համոզիչ բացատրեր, որ դա հնարավոր չէ, ասելով՝ եթե առավոտվանից առանց խաչ եմ եղել, բա խաչհամբույրի ժամանակ ի՞նչն էիք պաչում»:

Առակս ինչ կցուցանե: Ա՛յ «շուստրիներ», որ այսպես չքմեղացած ուզում եք ձեր «և՛-և՛»-ն առաջ տանել, բա 2013-ի սեպտեմբների 3-ից սկսած մինչ օրս Պուտինի ի՞նչն եք համբուրում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը