Մեկնաբանություն

20.03.2014 19:57


Տիգրան Սարգսյանը դեռ չի՞ «օյաղացել»

Տիգրան Սարգսյանը դեռ չի՞ «օյաղացել»

Սերժ և Տիգրան Սարգսյանները հուսահատ փորձեր են անում Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված ու փոխլրացման սկզբունքով իրականացնելու համար, բայց վերջում միշտ Գյուլիստանում են հայտնվում։

Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ սիամական երկվորյակները շարունակում են իրենց «շուստրի» և «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը։ Այդ ամենի շրջանակներում՝ իշխանությունները մի կողմից խիստ հակառուսական տրամադրություններ են քարոզում «անկախ» լրատվամիջոցների և «թունդ արևմտամետների» միջոցով, իսկ մյուս կողմից՝ առաջ են տանում զորիբալայանական գիծը՝ տեղեկատվական դաշտ նետելով Հայաստանն ու Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու վտանգավոր գաղափարը։

Սերժսարգսյանական տխրահռչակ «և, և»–ի քաղաքականությունը, փաստորեն, դեռ շարունակվում է՝ սպառնալով նորանոր ավերածությունների պատճառ դառնալ։

«Ամենամազալուն» այս պատմության մեջ վարչապետ Տիգրան Սարգսյանի դերն է։ Սրան, թերևս, խմացնում են, մի քանի անգամ Թաթայի երգերից լսացնում, ապա նոր միայն չարտերային թռիչքով ուղարկում արտերկիր։

Այսպես, Բրյուսելում գտնվող Տիգրան Սարգսյանը, ով մասնակցում է հայաստանյան ընտրակեղծիքների գաղափարական հովանավոր ԵԺԿ գագաթնաժողովին, հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա հայտարարել է, որ Հայաստանի համար ընդունելի չէ արտաքին քաղաքականության «կամ, կամ» տարբերակը և իրենք ուզում են «և, և»։

«Կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»,– իր «նախաձեռնողական» տեսակետներն է ներկայացրել մեկ օրվա մեջ «Մաքսային միության» վկա դարձած վարչապետը։

Այս խոսքերն արտասանելիս վարչապետը, ամենայն հավանականությամբ, «օյաղ» չի եղել, կամ էլ՝ իրեն հարբածի տեղ է դրել, որպեսզի ներկաների հռհռոցը չառաջացնի «և, և»–ի «մոմենտով»։

Առնվազն Տիգրան Սարգսյան պետք է լինել նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո «կամ, կամ»–ի անընդունելի լինելու և «և, և»–ին ձգտելու մասին խոսելու երես ունենալու համար։ Բայց դե «տիրացուի» մոտ արդեն «պադոշ» երես է, և նա խնդիրն չունի։

Ամեն երկրորդ բառից հետո «Մաքսային միություն» արտասանող Տիգրան Սարգսյանին թվում է, թե ինքն այնքան «շուստրի» է, որ կարող է Մոսկվա գնալ ու անհարմարության աստիճանի քծնել ռուս չինովնիկներին, իսկ Եվրոպայում խոսել «և, և»–ից։

Իրականությունն այն է, որ Սերժ և Տիգրան Սարգսյանի վարած «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը նույնիսկ «կամ, կամ»–ով չի կարող առաջնորդվել։

Հիմա մենք «ոչ, ոչ»–ի հայեցակարգով ենք ապրում, ըստ որի՝ Արևմուտքից ու Ռուսաստանից Հայաստանը «ոչ» է ստանում։ Արևմուտքում մեզ չեն վստահում, իսկ Ռուսաստանում՝ չեն հարգում։ Այդ մասին շատ լավ գիտեն «ձախորդփանոսներ» Սերժ և Տիգրան Սարգսյանները, բայց գերադասում են իրենց «շուստրի» պահել՝ քմծիծաղ և միևնույն ժամանակ խղճահարություն առաջացնելով բոլորի մոտ։

Այս ամենը, սակայն, դրսի ուժերի խնդիրը չէ։ Սա ՀՀ քաղաքացիներիս խնդիրն է։ Իշխանափոխության համար պայքարն այլևս վերածվում է անկախության համար պայքարի։ Սրանց հերթական «շուստրիությունը» գիտենք թե ինչով կարող է ավարտվել։ Տառապանքներս փորձ ունի։ Հետևաբար՝ պետք է երկրի ներսում առաջնորդվել «կամ, կամ»–ով, որպեսզի հետագայում հնարավոր լինի արտաքին քաղաքականությունը դարձնել հավասարակշռված և փոխլրացնող։

Իսկ վարչապետին չէր խանգարի «պախմելը»։ Ասում են թթվի ջուրն օգնում է, քանզի և՛ «շողուլի» է բերում, և՛ նոր լիտրեր նվաճելու ցանկություն առաջացնում։ Համարյա «և, և» է ստացվում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը