Մեկնաբանություն

20.03.2014 16:55


Տիգրան Սարգսյանի վախճանը

Տիգրան Սարգսյանի վախճանը

2008թ. Տիգրան Սարգսյանը գրեց «Պետության վախճանը» հոդվածը: Հեղինակը պնդում էր, որ պետական ինստիտուտները ժամանակի ընթացքում կվերանան և դրանց տեղը կզբաղեցնեն շուկայական ինստիտուտները: Նրա կարծիքով վերջիններս ավելի արդյունավետ են, այդ իսկ պատճառով էլ փոխարինելու են պետական ինստիտուտներին:

Հեղինակի պնդումները իրականությանը չէին համապատասխանում, քանի որ շուկայական ինստիտուտները առանց պետական ինստիտուտների աջակցության չեն կարող գոյատևել: Շուկայական ինստիտուտների անվտանգ զարգացման երաշխավորը պետական ինստիտուտներն են, եթե չկա արդյունավետ պետական ինստիտուտներ, ապա շուկայական ինստիուտները չեն կարող զարգանալ և ընդլայնվել:

Երրորդ աշխարհի երկրներում կան շուկայական ինստիտուտներ: Շատ տեղերում կան շուկաներ, որտեղ մարդիկ ապրանքների ու ծառայությունների ազատ փոխանակում են կատարում: Բայց այդ երկրներում շուկայական ինստիտուտները չեն զարգանում, որովհետև պետական արդյունավետ աշխատող ինստիտուտներ չկան:

Սա պարզապես այն մասին, թե ինչու Տիգրան Սարգսյանի պնդումները սխալ են: Իսկ հիմա այն մասին, թե ինչու «պետության վախճանի» փոխարեն վախճանի առաջ կանգնեց Տիգրան Սարգսյանը:

2008թ. Տիգրան Սարգսյանը պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ ստեղծեցին տնտեսական մի համակարգ, որի հիմնական նպատակն է կենտրոնացնել ամբողջ տնտեսական ռեսուրսները մեկ մարդու ձեռքում: Այդ մոդելի միջոցով սպանել են շուկայական ինստիտուտների մի մասը:

Վերջին 6 տարիների ընթացքում այդ տնտեսական մոդելի միջոցով փորձել են երկրի հիմնական կապիտալը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի ձեռքում:

Պետական ինստիտուտների միջոցով հարձակում սկսեցին մասնավոր սեկտորի վրա: Սպանեցին միջին խավը:

Ի դեպ. Տիգրան Սարգսյանը իր հայտնի հարցազրույցում ասել էր, որ միջին խավը պետք է արտագաղթի, քանի որ մնալու դեպքում կարող է հեղափոխություն անել: Եթե միջին խավի մեծ մասը արտագաղթեց, ապա կապիտալը իր ձեռքում կուտակած խավը չկարողացավ կատարել այդ ամենը, որովհետև կապիտալի հետ արտագաղթելը ավելի դժվար է: Այդ իսկ պատճառով այդ խավը սկսեց ելքեր որոնել: Ելքերի որոնման արդյունքում ստեղծվեց ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի համագործակցությունը, որին նաև միացել են ՀՅԴ-ն ու Ժառանգությունը: Համագործակցության արդյունքում ոչիշխանական չորս ուժերը համաձայնել են կազմակերպել ստորագրահավաք և կառավարության անվստահության հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնել ԱԺ նիստում:

Այդ համաձայնությունը նշանակում է, որ հնարավոր է Տիգրան Սարգսյանի հրաժարականը, և նման սցենարը կլինի Տիգրան Սարգսյանի վախճանը։ Ավելի ճիշտ՝ տնտեսությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու քաղաքականության վախճանը։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը