Կարծիք

14.08.2009 18:13


Հետքոչարյանիզմը կամ «Кац предлагает сдаться»

Հետքոչարյանիզմը կամ «Кац предлагает сдаться»

Սկիզբը տե՛ս...

  Արդեն 2000-ականների երկրորդ կեսից սկսեց փոխվել հետսովետական և համաշխարհային այն համատեքստը, որի շրջանակներում ձևավորվել ու ամրապմդվել էր քոչարյանիզմը՝ հետսովետական ռևանշիզմի հայկական տարբերակը: Հետագա՝ 2007-2008թթ. հասարակական ընդվզումը վկայում է այն մասին, որ հասարակության ներսում ևս, թեկուզ աննկատորեն, բայց կուտակվել էր որոշակի ներուժ, որը հիմք կարող էր դառնալ արմատական փոփոխությունների համար, այսինքն՝ նաև ներքին առումով քոչարյանիզմն այլևս չէր համապատասխանում հասարակական մեյնսթրիմային պահանջարկին:

            Հետսովետական «երրորդ գոտու» երկների մի մասում (Վրաստան և Ուկրաինա), տեղի ունեցան, այսպես կոչված, «գունավոր հեղափոխություններ», որոնք տիպաբանորեն հիշեցնում էին 80-ականների վերջին Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունները»: Դրանք ազդանշեցին հետսովետական տարածքի ժողովրդավարացման հերթական նոր ալիքը և ռևանշիզմի ռեսուրսի սպառումը: Մյուս կողմից, «երրորդ գոտու» մյուս երկրներում՝ Ռուսաստանում և Ադրբեջանում, հետսովետական ավտորիտար ռևանշիզմը կայունացավ և ստացավ լիարժեք մարմնավորում: Այսպիսով, «երրորդ գոտին» պառակտվեց: Բաց մնաց միայն Հայաստանի հարցը: Մի կողմից հասարակական ներուժը չբավարարեց «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխություն իրականացնելու համար, մյուս կողմից էլ իշխանության ռեսուրսը կարծես չի բավարարում է՛լ ավելի կենտրոնացված համակարգ ստեղծելու համար (վերացնելով Քոչարյանի օրոք պահպանված ժողովրդավարացման առաջին փուլի՝ թեկուզ ձևական մնացուկները), ինչը պետք է լիներ ռևանշիստական համակարգի տրամաբանական միտումը: Չնայած «թավշյա հեղափոխության» անհաջողությանը (իշխանափոխության նպատակի չիրագործում), այնումենայնիվ, իշխանությունը չի կարող գործել այնպես, ինչպես նա կգործեր, եթե Ս. Սարգսյանը իշխանության ղեկին հաստատվեր՝ չհանդիպելով որևէ դիմադրության (համաձայն իշխանության կողմից նախապես մշակված «բարի» քարոզարշավի և համեմատաբար «խաղաղ» օրինական սցենարի): Մյուս կողմից, վրա հասած համաշխարհային տնտեսական ճգնաժամը նույնպես լուրջ խոչընդոտ է քաղաքական և տնտեսական էլ ավելի կենտրոնացված՝ բացարձակ միաբևեռ համակարգ ձևավորելու համար: Արդյունքում համակարգը դոփում է տեղում և չի շարժվում ոչ մի ուղղությամբ: Եթե քոչարյանիզմը ինքնուրույն երևույթ էր, ապա այսօրվա համակարգն, ըստ էության, անուն չունի. այն կարելի է բնորոշել միայն որպես ածանցյալ երևույթ՝ հետքոչարյանիզմ: Եթե քոչարյանիզմը նմանակում էր քաղաքականությանը, ապա հետքոչարյանզիմը նմանակման նմանակում է՝ պատճենի պատճեն: Տիպաբանորեն այն շատ է հիշեցնում բրեժնևյան տարիները: Շատ պայմանականորեն կարելի է ասել, որ եթե Քոչարյանը այս համակարգի Ստալինն էր (որն, իր հերթին, թերմիդորի կամ հեղափոխական շարժման ներսում առաջ եկած ռևանշիզմի տիպիկ ներկայացուցիչ էր՝ հիմնված հեղափոխական շրջանի գործիչներից հասարակության հոգնածության վրա), ապա Ս. Սարգսյանը տիպիկ Բրեժնև է՝ ավելի «բարի», ավելի «անշառ», բայց և՝ ավելի «ճահճային» ու վերջնական անկումը նախանշող: «Նմանակման» համար շատ հատկանշական ինստիտուտներ են «Հասարակական խորհուրդը» կամ մեկ մարդ մեկ կուսակցության հետ «նախագահի» հանդիպումները, կամ նույն այդ կուսակցությունների առաջնորդների «պետականամետ» և «ազգաշահ» ասուլիսներն այն հարցերի շուրջ, որոնց իշխանությունն ինքը, կարծես, չի ուզում անդրադառնալ (ասենք, հակաբրայզայական վերջին՝ խիստ ազգանպաստ արշավը): Բայց այս մանր-մունր մեյմունությունները համեմատելի չեն քոչարյանիզմի շրջանի մասշտաբային իմիտացիոն նախագծերի հետ՝ «Օրինաց Երկիր», «Բարգավաճ Հայաստան» և այլն: Այդպիսի պրոյեկտների ռեսուրսը ևս կարծես սպառվել է:

            Ելքը կարող էին լինել վերևից նախաձեռնած իրական բարեփոխումները: Բայց, կարծում եմ, իրավիճակի նրբությունն այն է, որ նույնիսկ, եթե իշխանությունը գիտակցում է դրանց անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը, իրավիճակը հասել և անցել է այն կրիտիկական կետը, երբ «հեղափոխությունը վերևից» այլևս հնարավոր չէ: Դրա լավագույն ժամանակը, թերևս, մոտավորապես 2003-2006թթ.-ներն էին վրացական և ուկրաինական հեղափոխությունների ֆոնին: Փակուղային այս իրավիճակը նույնպես անալոգիաներ ունի ուշ սովետական շրջանի հետ: 1973-ին «Սովետական Միության առաջնորդներին» իր նամակում Ա. Սոլժենիցինը գրում էր, որ ԽՍՀՄ ղեկավարությունը դեռ մի քանի տարի ժամանակ ունի երկրում բարեփոխումներ իրականացնելու համար, բայց հապաղման դեպքում այդ ժամանակը ևս կորելու է: Բնականաբար, սովետի իմաստուն վոժդերը չլսելու տվեցին գրողի խորհուրդը, որն առաջարկում էր հենց իրենց կուսակցության իշխանության պահպանման միակ տարբերակը: Անցավ ևս 12 տարի, և սովետի նոր ղեկավարությունն արդեն ստիպված էր իրականացնել այլևս անհետաձգելի թվացող բարեփոխումները, սակայն ուշացած բուժումը ոչ թե առողջացրեց, այլ սպանեց հիվանդին: Այսինքն, գալիս է մի պահ, երբ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. մի կողմից բարեփոխումներն անխուսափելի են, մյուս կողմից բերում են պետության կործանմանը: Նախաձեռնել բարեփոխումներ այդ պայմաններում, նշանակում է կրկնել Գորբաչևի ճակատագիրը, իսկ շարունակել նախկին գիծը, նշանակում է աստիճանաբար վերածվել Հյուսիսային Կորեայի պես ժամանակավրեպ դինոզավրի, որը, միևնույն է, ուշ թե շուտ փլուզվելու է, սակայն երկրի ու ժողովրդի համար է՛լ ավելի կործանարար հետևանքներով, քան սովետի դեպքում: Այսօր, իմ տպավորությամբ, մեր վարչակարգն արդեն նման վիճակում է, այսինքն՝ «Սոլժենիցինի նամակը» նրանց գրել արդեն ուշ է. ժամանակը բաց է թողնված: Եթե իշխանությունը գնա իրական բարեփոխումների, նախ և առաջ կկործանվի ինքը (պատկերացրեք, եթե Հայաստանում բացվի, ասենք, թեկուզ մեկ ազատ հեռուստաալիք, կամ թեկուզ մասամբ վերացվի տնտեսական մենաշնորհային համակարգը, կամ մարտի մեկի գործով իրական հետաքննություն անցկացվի և այլն. այդ բոլոր դեպքերում իշխանական ներկա համակարգի փլուզումը գրեթե անխուսափելի է): Բայց, մյուս կողմից, եթե իշխանությունը շարունակի դոփել տեղում, նա նույնպես ուշ թե շուտ փլուզվելու է է՛լ ավելի վատ հետևանքներով: Կարճ ասած, իշխանության համար միակ ելքն այն է, ինչ մի հին հրեա առաջարկում էր սովետական ֆիլմերից մեկում՝ «Кац предлагает сдаться»: Մանավանդ որ, եթե Բրեժնևն ու «կամպանիան» ծեր մարդիկ էին և կարող էին հույս ունենալ գոնե իրենց կյանքի ընթացքում չտեսնել սովետի փլուզումը, ապա մերոնք բավական երիտասարդ են, որպեսզի հույս ունենան պատասխանատվությունից թաքնվելու էն աշխարհում:

            Չկարողանալով կամ չուզենալով նախաձեռնել ներքին արմատական բարեփոխումներ («նա վսյակիյ» շեշտեմ, որ խոսքը իրական, այլ ոչ թե իմիտացիոն բարեփոխումների մասին է՝ «ծիպա»՝ Սերժ Սարգսյանը ջղայնանում ա տամոժնու պետի վրա, կամ «շահում եք դուք, շահում է պետությունը» «մուլծիկները»)՝, իշխանությունը ընտրեց մեկ այլ տարբերակ՝ արտաքին քաղաքականության հեղափոխականացումը: Դրանով, փաստորեն, հետքոչարյանիզմը փորձում է խաղալ իրենց պատկերացրած ընդդիմադիր դաշտում: Կարելի է շատ բան գրել ոչընտիր Ս.Ս.-ի իշխանության գրեթե մեկ ու կես տարվա մասին, բայց այդ ամենը, փաստորեն, կլինի «ջուրծեծոցի», որովհետև, մեծ հաշվով, գրելու նյութ չկա՝ բացի մի կետից: Այդ կետը արպրիլի 23-ի հայ-թուրքական փաստաթուղթն է: Որևէ այլ «իրական իրադարձություն» ոչընտրի օրոք և նրա կառավարության նախաձեռնությամբ առայժմ տեղի չի ունեցել: Եվ երկրորդ բանը, որ մեծ հավանականությամբ անխուսափելի է ոչընտրի օրոք, Արցախի հարցի շուրջ փաստաթղթի ստորագրումն է: Ներքին բարեփոխումների և, մյուս կողմից, համակարգի է՛լ ավելի կոշտացման անհնարինության պայմաններում արտաքին քաղաքական հեղափոխությունը միակ ուղղությունն է, ուր հետքոչարյանիզմը կարող է ինչ-որ «շարժ» իրականացնել, որով և հետաձգել իր գոյությունը, խուսափել վերջնական ճահճացումից: Բայց հենց նույն Գորբաչևի օրինակը մեզ հուշում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման հապճեպ հեղափոխականությունն արտաքին քաղաքականության ոլորտում, երբ այն ամրապնդված չէ ներքին համապատասխան իրավիճակով:

            Այսպիսին է իրավիճակը, եթե դիտում ենք այն իշխանության տեսակետից: Բայց կա նաև իրավիճակի պատկերը հասարակության տեսակետից: 2007-2008թթ. քաղաքական շարժման հիմնական դրական արդյունքը եղավ հասարակական ակտիվության բարձրացումը: Պետք է զարգացնել այդ ձեռքբերումը և օգտագործել դրա ներուժը որակապես նոր փուլի հասնելու համար: Այդ նոր փուլը կարող է լինել մտքերի հեղափոխությունը կամ Տիգրան Հայրապետյանի նախանշած ռեֆորմացիան: Ռևանշիզմի գաղափարախոսության վերհանումը և վերլուծումը ինքնանպատակ չէ: Նպատակը գաղափարական այլընտրանքի ձևակերպումն է, որն իր հիմքում կունենա Հայաստանի անկախության հռչակագրով և Սահմանադրության հիմնարար դրույթներով հռչակված անկախ Հայաստանի Հանրապետության արժեքները:

Հրանտ Տեր– Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը