Մեկնաբանություն

19.03.2014 19:10


Ս. Սարգսյանին քաղաքակիրթ ուլտիմատում է ներկայացվել

Ս. Սարգսյանին քաղաքակիրթ ուլտիմատում է ներկայացվել

Ոչիշխանական ուժերն այսօր համաձայնության եկան կառավարության հրաժարականի հարցը ԱԺ օրակարգ մտցնելու հարցում: Հավանական տարբերակները.

1.Ս.Սարգսյանը խորհրդարանական մեծամասնության միջոցով տապալում է կառավարության հրաժարականը, դրանով իսկ հստակ հասկացնել տալով, որ ոչ մի կոմպրոմիսի գնալ չի պատրաստվում և երկրում տիրող այս աղետալի վիճակի ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա,

2.Հաշվի առնելով, որ կառավարությունը չի կատարել 7% տնտեսական աճի ապահովման հանձնարարականը, Ս.Սարգսյանը հայտարարում է, որ ընդառաջ է գնում ոչիշխանական ուժերին, սակայն ընդամենը պաշտոնանկ է անում գործող վարչապետին և իր թիմակիցներից որևէ մեկին նշանակում վարչապետ,

3.Ս.Սարգսյանը ընդունում է կառավարության հրաժարականի պահանջը և համաձայնության գալիս ոչիշխանական ուժերի հետ՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման հարցում՝ դրանով իսկ ընդունելով, որ այս տարիներին երկրում ձախողված սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական պատասխանատուն Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն է:

Քննակենք հավանական զարգացումները:

Քանի որ ակնհայտ է, որ այսպես ապրել այլևս չի կարելի, 1-ին տարբերակի դեպքում ոչիշխանական ուժերին, արտախոհրդարանական մի շարք կուսակցություններին, բազմաթիվ քաղաքացիական շարժումներին ու նաև հասարակության մի ստվար հատվածի ուրիշ ելք չի մնում, քան սկսել շուրջօրյա հանրահավաքների շարք, երկրում լարումը հասցնել այն աստիճանի, որ Սերժ Սարգսյանը ստիպված լինի հրաժարական տալ՝ բոլոր անկանխատեսելի զարգացումների պատասխանատվությունը վերցնելով իր վրա: Սա ցնցումային սցենարն է։

2-րդ տարբերակի դեպքում, ըստ էության ոչինչ չի փոխվելու երկրում, պարզապես անուններն են փոխվելու, քանզի Տիգրան Սարգսյանը, մեծ հաշվով, գործող նախագահի հանձնարարականներն է կատարում։

Բացի այդ՝ Տ.Սարգսյանին մեկ այլ ֆիգուրով փոխարինելու և վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունը նույնը թողնելու դեպքում՝ առկա լարվածությանը գումարվելու է նաև ներիշխանական լարվածությունը, քանի որ Ս.Սարգսյանն ում էլ նշանակի վաչապետ, իշխանության այլ թևերը դժգոհ են մնալու։

Նոր վարչապետը փորձելու է իր դիրքերն ամրապնդել, ներիշխանական մրցակիցներին շարքից հանել, որպեսզի ինքը դառնա իշխանության ժառանգորդը գալիք հերթական կամ արտահերթ նախագահական ընտրություններում: Եվ քանի որ վարչակազմում ներիշխանական հակասություններն ավելի մեծ են, քան նրանցից յուրաքանչյուրի հակասությունը ոչիշխանական ուժերի ու նրանց թեկնածուի հետ, ուստի սա կառաջացնի լրացուցիչ լարվածություն հենց Ս.Սարգսյանի թիմի ներսում, ինչն էլ կհանգեցնի վերջինիս հրաժարականին: Այս դեպքում հնարավոր է ինչպես պալատական հեղաշրջումը, այնպես էլ ցնցումային սցենարով փոփոխությունը։

3-րդ տարբերակի դեպքում Ս.Սարգսյանը, իշխանությունը կիսելով Ազգային համաձայնության կառավարության հետ, դառնում է «անգլիական թագուհի», որից հետո կա՛մ համաձայնվում է այդ կարգավիճակով մնալ մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ որպես արարողակարգային նախագահ, կա՛մ հրաժարական է տալիս, ինչի արդյունքում երկրում իրականացվում է անցնցում իշխանափոխություն, որին էլ հաջորդում է համակարգային փոփոխությունների գործընթացը։ Հարկ է հատուկ ընդգծել, որ միայն այս տարբերակի դեպքում Սերժ Սարգսյանն անձնական երաշխիքներ կարող է ստանալ։

Ակնհայտ է, որ Ս.Սարգսյանը ոչ միայն չի կարող իր պաշտոնավարման ավարտից հետո սահմանադրության փոփոխության ճանապարհով երրորդ ժամկետ պաշտոնավարել, այլև նրա պաշտոնավարման ներկայիս ժամկետը լրջագույն հարցականի տակ է: Եվ քանի որ Ս.Սարգսյանի օր առաջ հեռանալը ի շահ մեր ժողովրդի ու պետության է, այդ իսկ պատճառով այժմ նրան ներկայացվում է ուլտիմատում: Մնում է ինքը որոշի՝ հեռանում է խաղա՞ղ՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից, թե՞ ընտրում է արյունոտ ճանապարհը և արժանանում վերջին շրջանում տապալված արյունարբու դիկտատորներից որևէ մեկի բախտին:

Եվ հարկավոր է նկատի ունենալ, որ արտաքին քաղաքական ցանկացած զարգացում, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ցանկացած վերադասավորում ի վնաս Ս.Սարգսյանի է, քանի որ նա ձախողել է մեր երկրի արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով ու ձեռք բերել անհուսալի գործընկերոջ համբավ: Այնպես որ դրսից սպասելիք նա այլևս չունի: Իսկ ներսում երբեք հանրային հենարան չի ունեցել։

Էդվարդ Անտինյան

Այս խորագրի վերջին նյութերը