Քաղաքական

19.03.2014 17:06


Սահմանամերձ գյուղերի բնակիչների նամակը Գագիկ Ծառուկյանին

Սահմանամերձ գյուղերի բնակիչների նամակը Գագիկ Ծառուկյանին

Հարգարժան պարոն Ծառուկյան, Ձեզ են դիմում Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Կոթի, Բերդավան և Այգեհովիտ, ինչպես նաև հարակից մի շարք գյուղերի բազմաթիվ բնակիչներ, հավատալով և վստահ լինելով, որ մեր խնդրանքը անպատասխան չի մնա:
Կարծում ենք՝ ավելորդ է նույնիսկ խոսել, թե ինչքանով են կարևոր սահմանամերձ գյուղերը և ինչ նշանակություն ունեն Հայաստանի համար: Մենք մեր ամբողջ կյանքն ապրել ենք սահմանին կից, երբեք չենք մտածել հեռանալու կամ տեղափոխվելու մասին, երբեք չենք վախեցել թշնամու կրակոցներից, միշտ հույսով ու հավատով ենք ապրել, մեր հողն ենք մշակել ու գոյություն պահպանել՝ հույս ունենալով, որ մի օր պետությունը կհիշի մեր մասին, ինչ-որ խնդիրներ կլուծի կամ գոնե դրանց մի մասը կվերցնի իր վրա: Սակայն տարիներն անցնում են, իսկ մեր խնդիրները պակասելու փոխարեն ավելանում են:
Արդեն սկսվել է գարնանացանի սեզոնը, բայց մեր և տասնյակից ավելի հարևան սահմանամերձ գյուղերում գոյություն ունի հատկապես կարտոֆիլի սերմացուի խնդիր: Կառավարությունը որոշում է ընդունել, որով այս տարի գյուղացիներին ոչ մի արտոնություն չի տրվելու, սերմացուի և պարարտանյութերի գումարը մեզնից պահանջում են վճարել նախապես և կանխիկ: Այսպես այլևս անհնար է ապրել, մենք կանգնած ենք բավական լուրջ խնդիրների առջև ու հայցում ենք Ձեր աջակցությունը: Բազմիցս ականատես ենք եղել Ձեր բարեգործական ծրագրերին և խնդրում ենք հնարավորության սահմաններում կարտոֆիլի սերմացու տրամադրել մեր գյուղերին: Հուսով ենք Ձեր պատասխանը չի ուշանա, մանավանդ որ գարնանացանի սեզոնին շատ ժամանակ չի մնացել:
Խորին հարգանքով և մեծ հավատով՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մի խումբ բնակիչներ

Այս խորագրի վերջին նյութերը