Լրահոս

14.08.2009 16:53


Հրանուշ Խառատյանն անհանգստացած է, որ Արցախի հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններն անլուրջ են

Հրանուշ Խառատյանն անհանգստացած է, որ Արցախի հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններն անլուրջ են

-Հայաստանը երբեք քաջություն չունեցավ խոստովանելու, որ հաղթած պետություն է։ Եթե այդ զգացողությունն արտահայտված լիներ նաև վարքում, ապա բանակցային գործընթացն ամբողջովին ուրիշ ուղով կընթանար,- խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին՝ «7օր»-ին ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա հավելել է, որ եթե մինչև հիմա հայերն այդ քաջությունը չեն ունեցել, ապա այսօր արդեն դժվար կլինի դա անել։

Նա նաև ցավում և զարմանում է, որ հայ փախստականության խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում երբեք չի եղել.

-Մինսկի խմբի բանակցային գործընթացում երբեք հայ փախստականների խնդրի շուրջ որևէ քննարկում չեղավ,- ասել է ազգագրագետը՝ հավելելով, որ խոսքը, թերևս, ադրբեջանցի փախստականների մասին է, որոնց վերադարձը, դժվար է ասել, թե ինչպիսի՞ ժողովրդագրական փոփոխությունների կարող է հանգեցնել։ Առավել ևս, որ ադրբեջանցի փախստականների թիվը մի քանի անգամ մեծացել է, և նույնիսկ մեկ միլիոնի մասին է խոսվում։

Հ. Խառատյանին մտահոգում է նաև, որ բանակցային գործընթացում չի բարձրացվում այն հարցը, թե իրականում ովքե՞ր պետք է վերադառնան.

-Այսքանը նույնիսկ բավական է ասել, որ այս անորոշ և տարտամ վիճակում ես շատ վստահ չեմ, որ հնարավոր կլինի նույնիսկ միջին օբյեկտիվության հասնող միջազգային դիտորդական առաքելություն ունենալ այդ վերադարձը կազմակերպելու կամ տեղում ստուգելու համար։ Ես սկսում եմ մտածել՝ ինչո՞ւ մեր արտաքին քաղաքականության օրակարգում չեն ներառվում այդպիսի կարևորագույն խնդիրներ, և սրանք իմ մեջ առաջացնում են շատ լուրջ տագնապի զգացողություն, որ, ընդհանրապես, այս ամբողջ գործընթացը մի քիչ անլուրջ է ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը