Մեկնաբանություն

19.03.2014 11:35


Ովքեր են դեմ իշխանափոխությանը

Ովքեր են դեմ իշխանափոխությանը

Իշխանափոխությանը բնականաբար դեմ են Սերժ Սարգսյանը, Սաշիկ Սարգսյանը ու իրենց նեղ թիմը։ Կարծում եմ, բացատրության կարիք չկա, թե ինչու են դեմ։

Իշխանափոխությանը դեմ են նաև Բաղրամյան 26–ին կցված տարատեսակ հաճախորդները։ Էլի կարիք չկա բացատրելու, թե ինչու։

Իշխանափոխության դեմ հանդես են գալիս նաև իշխանական քարոզչամեքենայի ու «դհոլների» ազդեցության տակ ընկած «ազնիվ քյարփինջները» և մարգինալ տարրերը։ Սրանք անկեղծորեն դեմ են արտահատվում ԱԺ–ում խմբակցություն ունեցող ոչիշխանական ուժերի համագործակցությանը գրեթե նույն կոդերով, ինչ «դհոլները»՝ համապատասխան վարձատրության դիմաց։

«Ազնիվ քյարփինջներից» ոմանք դեմ են ԲՀԿ–ին, իսկ ոմանք էլ՝ ՀԱԿ–ին, ՀՅԴ–ին կամ էլ «Ժառանգությանը»։ Սրանց, հասկանալի պատճառներով, հսկայական տարածք են տրամադրում «անկախ» լրատվամիջոցները, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իբր հանրային կարծիքը դեմ է «հրաշալի քառյակին»։

Սերժ Սարգսյանն իր ժողգործիքների ու «ազնիվ քյարփինջների» հետ միասին (Աշոտյան–Շարմազանով–Ավագյան եռյակի դամքաշությամբ) «հանրահավաքներ» է կազմակերպում համացանցում և փորձում կոմպենսացնել «փողոցում» իր զրոյական ներկայությունը. Պարույր Հայրիկյանի ու Դավիթ Շահնազարյանի 20-30 հոգանոց «հանրահավաքով» Գեղամյանին փոխարինող չես գտնի։

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի մարգինալներին, ապա սրանք, ըստ ամենայնի, շատ լավ հասկանում են, որ եթե իշխանափոխության շանս կա, ապա միայն չորս ոչիշխանական ուժերի համատեղ գործունեության ու հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով, բայց քանի որ իրենք դուրս են մնացել կամ իրենք իրենց դուրս են դրել այդ համախմբումից, ուստի գերադասում են, որ Սերժը մնա, քանի դեռ իրենց «աստեղային ժամը» չի եկել։ Ասել է թե՝ քաղաքական մարգինալների մոտ առկա է հիվանդագին բարձր ինքնագնահատական ու շիզոֆրենիայի հասնող վարքագիծ։ Սրանց նույնպես «անկախ» մամուլը տեղ է տալիս ու անվճար հիմունքներով օգտագործում որպես «դհոլ»։

Մարգինալները հազար ու մի «հզոր» փաստարկներ են ներկայացնում, թե ինչու են դեմ ԲՀԿ–ին կամ մյուսներին, բայց փոխարենը ոչ մի առաջարկ չեն ներկայացնում, թե ինչպես այսօր և այստեղ փոխել իրավիճակը՝ այդպիսով ակամայից դառնալով Սերժ Սարգսյանի աթոռի պաշտպանները (հիշե՛ք. «ազնիվ քյարփինջից» ու մարգինալից մինչև Սերժի հաճախորդ դառնալը մեկ քայլ է կամ մի «զրոյի» հաշիվ)։

Վերացական այն ձևակերպումները, թե պետք է քաղաքական ուժերից «յան» տալ ու հույսը դնել քաղաքացիական շարժումների վրա, ոչ մի քննադատության չի դիմանում, հատկապես որ քաղաքացիական շարժումներից ամենազանգվածայինը հանդիսացող «Դեմ եմ»–ը բազմիցս հայտարարել է, որ քաղաքական և մասնավորապես՝ իշխանափոխության հարց իրենք առաջ չեն քաշում։

Այս պահին մի կողմ թողնենք այն հարցը, թե ճի՞շտ է արդյոք «Դեմ եմ»–ի այդ մոտեցումը, թե՞ ոչ։ Փաստը մնում է փաստ, որ մարգինալների առաջարկած քաղաքացիական դաշտն ինքն է խուսափում քաղաքական հարցադրումներ առաջ քաշելուց, ավելի ճիշտ՝ քաղաքական հարցերը քաղաքականացնելուց։

Քննադատության չի դիմանում նաև այն «կոդը», ըստ որի՝ պետք է ներքաղաքական պայքարին գեոպոլիտիկ տեսք տալ ու պահանջել Պուտինի հրաժարականը։ Ուկրաինացիներին էլ էին այդպես համոզել, տեսանք թե ինչ եղավ. Արևմուտքը «քցեց» Ուկրաինային, իսկ ռուսներն էլ վերցրին Ղրիմն ու աչքները տնկել են արևելյան Ուկրաինայի ուղղությամբ։

Այնպես որ սեփական հավակնությունների ձեռքը գերի դարձածները կա՛մ պետք է կարողանան սթափ ու ռացիոնալ գնահատականների դաշտ տեղափոխվել և գոնե չխանգարել այս պահին միակ հնարավորը համարվող իշխանափոխության մեխանիզմի կյանքի կոչմանը, կա՛մ մնալ մարգինալ կարգավիճակում ու հավերժ փնթփնթալ։

Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հանրության 80 տոկոսը դեմ է իրենց քայլերին։ Նա, իհարկե, չափազանցացրել է իր աջակիցների թիվը (հազիվ թե մեր հանրության 20 տոկոսը կողմ լինի «բարեշրջիչներին»), բայց եթե նույնիսկ հիմք ընդունենք ՀՀԿ ղեկավարի ասած թվերը, ապա ստացվում է, որ Սերժը, իր նեղ շրջապատը, հաճախորդները, «ազնիվ քյարփինջները» և քաղաքական մարգինալները մեր հանրության անորակ փոքրամասնությունն են կազմում։ Իսկ դա նշանակում է, որ իշխանափոխության հանրային պահանջ կա։ Մնում է, որ հանրության առողջ հատվածը կարողանա հաղթահարել Սերժի ու նրա կողմնակիցների հուսահատ (երբեմն՝ անգիտակից) դիմադրությունը և հասնել հաջողության։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը