Կարծիք

17.03.2014 18:45


ԿՈՉ-ԽՆԴՐԱՆՔ ՄԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ԿՈՉ-ԽՆԴՐԱՆՔ ՄԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, եթե ոչինչ էլ չգած չլիներ, ապա մեզանում պակաս հայտնի չեր լինի, հավանաբար կոչվելով՝ մեծ հումանիստ կամ ամենայն հայոց պատրիոտ:
Նա իր դժգոհությունն է արտահայտել իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ ու երկու անգամ բանտում հայտնվել, ազգերի է հաշտեցրել, հիվանդներին դեղ ու դարման արել, փախստականների հարցերըլուծել, մտավորականներին իրար գլուխ հավաքել: Սա ընդամենը մի փոքր մասն է նրա ակտիվ քաղաքացիական կեցվածքի դրսևորման ու մարդ կերպարի: Ավելին չեմ էլ փորձի ասել, քանի որ ես չէ որ Թումանյանին պետք է մեր հանրությանը ներկայացնեմ: Ուղղակի ուզում եմ ասել, որ ոչ մի իրեն հարգող մտավորական բարոյական իրավունք չպետք է ունենա ասելու, թե ինքը բարեխղճորեն իր գործն է անում, ու իրեն չեն վերաբերում, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ: Ոչ մի արժեք չունի այն բարձրարժեք ստեղծագործությունը, որը պետք է հասարակության մոտ վեհ գաղափարներ սերմանի, բայց իրականում այդ գործի հեղինակը նստել է տաքուկ անկյունում, և ասես չի էլ նկատում, որ երկիրը անդունդ է գլորվում, իր հետ տանելով իր ստեղծագործությունների տպավորությունների տակ դաստիարակված մեր ազգին: Եվ այնպես չէ, որ դասական մտավորականի կերպար, որը կարող է շատերիս համար ներշնչանքի ու ընդօրինակման աղբյուր հանդիսանալ, միայն անցյալում ենք ունեցել: Ես մեկի անունը տվեցի, դուք հարյուրին մտաբերեք: Իսկ, իմ կարծիքով, մեր ժամանակների դասական մտավորականի մարմնավորում էր երջանկահիշատակ մաեստրո Օհան Դուրյանը, դուք հարյուրին նշեք: Ուստի խնդրանքս նա է, որ մեր մտավորականները երկրի այս օրհասական պահին պայքարող ժողովրդի կողքին լինեն, իրենց ներկայութամբ ոգեշնչեն հատկապես երիտասարդությանը, որն այնքան շատ ունի ձեր աջակցության ու խորհուրդների կարիքը:
Եվ քանի որ չեմ սիրում մտքերս արտահայտելու հարցում կրկնվել, ավելի լավ է կրկին ներկայացնեմ ժամանակին այս թեմայով արտահայտածս կարծիքը:
ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, 05.10.2006, «Ժամանակ Երևան», «ԵՐՐՈՐԴ ՌԱՅԽՆ ԷԼ ԷՐ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ` ԿԻՍԱԳՐԱԳԵՏ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ»
-Մտավորականներին բաժանել իշխանականի և ընդդիմադիրի` արմատապես սխալ է: Ուստի իշխանական մտավորական արտահայտությունն ուղղակի նոնսենս է, քանի որ իրականում մտավորականը միշտ պետք լինի ընդդիմադիր` նույնիսկ աշխարհի ամենալավ իշխանություններին: Եթե երկրում ամբողջ հասարակությունը կուշտ է, բայց թեկուզ մեկ սոված մարդ կա, ապա մտավորականը պետք է ահազանգի այդ մասին. չէ՞ որ մեզնից մեկը, մեր նման մեկն այդ օրը սոված քնեց, և անգամ չգիտենք` կարողացա՞վ քնել, թե՞ սովից քունը չտարավ: Եթե նույնիսկ այդ մեկն էլ կուշտ լինի, ուրեմն մտավորականը պետք է մտահոգվի, թե ինչու մեր կուշտ հասարակությունը թատրոն չի գնում, առհասարակ հոգեւոր կյանքով չի ապրում: Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրի մտավորականն անգամ պետք է ընդդիմադիր լինի իր երկրի կառավարությանը, քանզի այնտեղ էլ կա մեկը, որին այդ բարեկեցությունից համեմատաբար քիչ է բաժին հասել: Եթե երկրի կառավարությունը գործնականում իր առջեւ մի քանի տարվա ծրագրային խնդիրներ է դնում, այսինքն` հիմնականում կիրառական, ապա մտավորականը ֆունդամենտալ խնդիրների բարձրացնողը պետք է լինի. ինչ քայլեր պետք է անել այսօր, որ հայը կարողանա բարեկեցիկ ու ապահով ապրել ոչ միայն այսօր, այլեւ վաղը, հեռավոր ապագայում: Իսկ եթե մտավորականը կրկեսի արջի նման մի հատ շաքարի համար մի ամբողջ ներկայացում է խաղում, խոնարհվում շաքարի տիրոջ` իշխանության առաջ, ապա էլ չպետք է դժգոհի, թե հասարակությունն իրեն ըստ արժանվույն չի գնահատում: Հարգելի՛ս, եթե դու արժանիքդ մեկ հատ շաքար ես գնահատել, ապա մենք որքա՞ն գնահատենք:
Չէ՞ որ Երրորդ ռայխի օրոք բարձր արտադրողական գազախցիկ ու կրիմատորիա նախագծողներն ու աշխատեցնողներն էլ էին դա անում հանուն հայրենքի եւ բարեխիղճ աշխատանքի համար մեդալներ ստանում: Մինչդեռ ակնհայտ է, որ նրանց արածը հանցագործություն էր հայրենիքի, ժողովրդի ու մարդկության հանդեպ:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը