Մեկնաբանություն

16.03.2014 22:50


Ինչու՞ են «անկախ» խմբագիրները սիրահարված Սերժ Սարգսյանին

Ինչու՞ են «անկախ» խմբագիրները սիրահարված Սերժ Սարգսյանին

Պատասխանեմ միանգամից։ Սիրահարված են, քանզի Սերժ Սարգսյանն առատաձեռն է և գիտի, թե ամեն մեկին քանի «զրոյով» կարելի է «անկախացնել»։

Նախորդ նախագահներն այդ խաղի կանոնը չունեին, իսկ եթե այն ժամանակ էլ լրատվական դաշտում կային գեղամյանացման երևույթներ, ապա դրանց հովանավորը նույն Սարգսյանն էր։

Սարգսյանը, ի տարբերություն իր նախորդների, գաղափարախոսություն և սկզբունքներ չունի։ Նրա միակ աստվածը փողն է, իսկ կյանքի միակ նպատակը՝ իշխանությունը։ Դա է պատճառը, որ Սերժը հեշտությամբ լեզու է գտնում «սրտից թույլ» մարդկանց հետ ու հաճախորդացնում նրանց. նմանը նմանին տեսնում է հեռվից։

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը իր խմբագրականներից մեկում գրել էր, որ Քոչարյանի նախագահության շրջանի համեմատ այժմ հեռուստաընկերությունների վրա ճնշումն էապես նվազել է, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես բացակայում է։

Իշխանական մի քանի հեռուստաընկերությունների եթերում հաղորդում վարող Աբրահամյանը, թերևս, համակարգի ներսում գտնվելով չի նկատում, որ իր ասածները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։

«Չեզոքի» դիրքերից Սերժ Սարգսյանի և երիտօլիգարխիայի շահերը լրատվական դաշտում պաշտպանող ու միևնույն ժամանակ եվրոպական արժեքներից խոսող Արամ Աբրահամյանը թուրքմենբաշիզմի ձգտող Սարգսյանի ներդրած համակարգն ավելի առաջադեմ է համարում, քան քաղաքական ավտորիտարիզմի ու տնտեսական մրցակցության համադրությամբ գործող քոչարյանական մեդիահամակարգը։

Այո՛, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հեռուստաընկերությունների քաղաքական ու լրատվական հաղորդումները վերահսկվում էին, բայց Քոչարյանի ընտանիքը չէր դարձել դրանց սեփականատերը։ Բացի այդ՝ հեռուստատեսային գովազդի շուկայում կար կատաղի մրցակցություն հեռուստաընկերությունների ու տասնյակ գովազդային գործակալությունների միջև, ինչի արդյունքում ոլորտը զարգանում էր՝ բավարարելով ինչպես գովազդատուների պահանջները, այնպես էլ այդ շուկայի մասնակիցներին։

Այլ է պատկերը Սերժ Սարգսյանի պարագայում։ Նրա ընտանիքին են պատկանում ինչպես այն հեռուստաընկերությունները, որոնց եթերում Աբրահամյանը հաղորդումներ է վարում, այնպես էլ ուրիշ հեռուստաընկերություններ։ Այսինքն՝ սարգսյանական կառավարման շրջանում ոչ թե բարեփոխվեց իշխանությունների մոտեցումը հեռուստադաշտի նկատմամբ (ինչպես մեզ ուզում են համոզել աբրահամյանները), այլ տեղի ունեցավ հեռուստադաշտի սեփականաշնորհում՝ սուպերմոնոպոլացման նպատակով։ Իսկ դա նշանակում է, որ հեռուստամագնատի վերածված Սերժ Սարգսյանն այժմ ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆինանսական վերահսկողության տակ է առել հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությանը՝ խժռելով գովազդային շուկայի մեծ մասը և դաշտից դուրս մղելով փոքրից մինչև խոշոր գովազդային ընկերություններին։

Եթե մեկ–երկու հեռուստաընկերություն դուրս են մնացել Սերժի ընտանիքի ֆինանսաքաղաքական վերահսկողությունից, ապա դա ոչ թե նրա բարի կամքի դրսևորումն է, այլ քաղաքական իրավիճակով պայմանավորված իրողություն։ Իրողություն, որը Սերժը արամաբրահամյանների, արմանբաբաջանյանների, նիկոլփաշինյանների ու մյուս «անկախ» ու «թունդ ընդդիմադիր» խմբագիրների միջոցով ուզում է փոխել՝ ստեղծելով «Մեկ օլիգարխի հեռուստադաշտ»։

Այս գործընթացն, ահա, դուր է գալիս շուկայական մրցակցության ջատագով և արևմտյան արժեքների ջերմեռանդ պաշտպան ներկայացող «անկախներին», հատկապես՝ Արամ Աբրահամյանին, ով պարբերաբար գովերգում է Սերժ Սարգսյանի ազատամտությունը։

ՀՀԿ ղեկավարին կլանաօլիգարխիկ համակարգից դեպի սուպերօլիգարխիկ համակարգին անցնելու միջանկյալ փուլում, բնականաբար, հարկավոր են քարոզիչներ, ու նա պատրաստ է կիսվել իր «զրոներով»։ Դրա համար էլ «անկախները» հավանում են «Վերջի բոլշևիկի» վարքագիծը։ Ջհանդամ թե Հայաստանն «ապահով» չի դառնում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը մոտ մեկ տարի առաջ ինքնաասուլիս տվեց մի քանի լրատվամիջոցների ղեկավարներին ու լրագրողներին, որոնց վերապահված էր դեկորատիվ ֆունկցիա։

Այդ միջոցառմանը մասնակցում էր նաև Արամ Աբրահամյանը, ով լրագրողական աշխատանքի երկար տարիների ստաժ ունի և չի կարող հիշել մի դեպք, երբ երկրի ղեկավարները մեկ տասնյակից ավելի լրագրողի կանչեն ասուլիսի, բայց թույլ չտան այն նկարահանել։ Ավելին՝ նկարահանեն նախագահականի տեխնիկայով, Բաղրամյան 26–ում մոնտաժեն ու մեկ օր անց միայն տարածեն այդ «ասուլիսը» լրատվամիջոցներով։ Այդպես դեռ երբեք չէին հավասարեցրել լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ նրանից ոմանց ավելի՛ հավասարեցնելով։

Այդպես միայն Հյուսիսային Կորեայում կարող է լինել։

Իրոք որ Սերժի օրոք խոսքի ազատությունն առաջընթաց է գրանցել։ «Անկախ» խմբագիրները սկսել են նյութապես լավ ապրել՝ հարյուր հազարավոր արտագաղթողների ու մեր երկրի թուլացման հաշվին։

Այս խորագրի վերջին նյութերը