Մեկնաբանություն

16.03.2014 12:20


Մեր իրականությունն այլեւս անտանելի է

Մեր իրականությունն այլեւս անտանելի է

«Զգուշացեք սուտ մարգարեներից, որոնք գալիս են ձեզ մոտ գառան մորթով, իսկ ներսում՝ գիշատիչ գայլեր են»:

Սա գործող իշխանության պատկերն ու դեմքն է:

«Մովսես առաջնորդից» մինչև «Վերջի բոլշեւիկ» որակված անձը այնպիսի մի իրականություն է ստեղծել, որտեղ հիմա բոլորը բոլորի դեմ են, բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորին կասկածում են, ոչ ոք ոչ ոքի չի հավատում:

Սա սարսափելի իրականություն է, որտեղ մարդիկ թշնամանում են, դառնում անհաշտ հակառակորդներ եւ անիծում ու հայհոյում են ոչ միայն իշխանություններին, այլեւ՝ միմյանց:

Ծանր, գորշ, խեղդուկ, ոգեզուրկ այս իրականության հեղինակը միասին վերցրած «Մովսես առաջնորդն» ու «Վերջի բոլշեւիկն» է, որի վեցամյա գործունեության միակ «անձեռակերտ ստեղծագործությունը» հենց այս իրականությունն է:

Մարդ, ով տարիների անդուլ աշխատանքով հասավ նրան, որ հասարակությունը դառնա ջղային ու անհույս, անհավատ ու անկամ, աներազ ու անսիրտ: Եվ, ի վերջո, թքի ամեն ինչի վրա ու հեռանա հայրենիքից:

Հայրենիք, ուր կարելի է ասել ամեն ինչ աղտոտված է՝ բոլոր բնագավառներից մինչեւ մարդկային հարաբերություններ: Որովհետեւ նրան տեր ու տիրական է կարգվել «գառան մորթի հագած գիշատիչ գայլը»:

Մեկը, որ ամեն ինչ խառնել է իրար եւ հանգիստ նստած իր «բարձրունքից» հետեւում է, թե ինչպես են երկրում բոլորը բոլորին ուտում:

Երբ անհաշիվ լրատվամիջոցներ են գնվում, որոնք գործում են մեկ ընդհանուր տիրոջ կողմից հաստատված սկզբունքով՝ «Խփել, սեւացնել բոլորին, բացի՝ մեկից» կամ ավելի ճիշտ «Սևացնել բոլորին ու իջեցնել այդ մեկի մակարդակին»՝ նման պայմաններում մարդիկ չեն կարող իրար հետ չգժտվել, իրար չուտել:

Երբ «քաղաքացիական» նախաձեռնություններ են գնվում եւ նետվում հրապարակ՝ ստեղծելով «պայքարի» պատրանք՝ նման պայմաններում մարդիկ չեն կարող չհուսահատվել ու չհիասթափվել:

Այս ամբողջ կեղծիքը, սարքած «ակտիվությունն» ու անիմաստ իրարանցումը ոչինչ են, եւ բնականաբար, այս շինծու աղմուկ-աղաղակով երկրի ու ժողովրդի վիճակը չի կարող դյուզն-ինչ բարելավվել:

Այդ ամենը ծրագրվել-մշակվել եւ ծրագրվում-մշակվում է պալատում: Նպատակն էլ մեկն է՝ քողարկել, պարտակել իշխանությունների անկարողությունն ու անգործությունը:

Դե, գնացեք իրար կերեք, իրար հոշոտեք, հերքեք կամ հաստատեք, իրար հետ հաշիվներ պարզեք, «պայքարեք» այս կամ այն բանի դեմ…

Մի խոսքով, լիքը «զբաղմունք» են հանրության համար ապահովել:

Ինչ ուզում եք արեք, միայն թե այդ մեկին չհիշեք ու նրան չմեղադրեք: Սա՛ է, միասին վերցրած «Մովսես առաջնորդի» եւ «Վերջի բոլշեւիկի» ղեկավարման միակ մեթոդն ու ձեւը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը