Մեկնաբանություն

15.03.2014 13:13


Սաղ աշխարհը ձեզանից «յախա է թափ տալիս»

Սաղ աշխարհը ձեզանից «յախա է թափ տալիս»

«Սաղ աշխարհը ուզում է մեզ միանալ»,– հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին։

Դժվար է, իհարկե, ենթադրել, թե Գ. Սահակյանը «սաղ աշխարհ» ասելով՝ ում կամ ինչը նկատի ունի:

Իրողությունն այն է, որ սաղ աշխարհը, «Ապահով Հայաստան» կառուցող ուժի անունը լսելիս, «յախա է թափ տալիս»:

Ուրեմն, այդ ո՞վ կամ ովքե՞ր են «սաղ աշխարհը», որ տենչում են դեպի ՀՀԿ, իսկ այստեղ մտածում են՝ ում վերցնեն, ում՝ ոչ:

Ախր, ՀՀԿ առաջնորդն ընդամենը վերջերս խոստովանեց, որ ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է իրենց: Գուցե Գալուստ Սահակյանի համար այն 20 տոկո՞սն է «սաղ աշխարհը»: Գուցե: Բայց չէ. նա հաստատ նկատի ունի իսկական, մեծ, լրիվ «սաղ աշխարհը»:

Դե, այն, էլի, որ ՀՀԿ-ն բռնի ուժով ՀՀԿ-ացնում է բոլոր նրանց, ում պաշտոն է տալիս, կառավարման համակարգի բոլոր չինովնիկներից մինչեւ հանրապետության բոլոր դպրոցների տնօրեններ ու պետական մարմինների հավաքարարներ:

Ու այս բռնակցումը Գալուստ Սահակյանը ներկայացնում է որպես «սաղ աշխարհի» ցանկություն:

Իրականությունն այն է, որ բազմաթիվ անեկդոտներ են հորինվում ու տարածվում համացանցում, թե ընտանիքի անդամները ոնց են ամաչում կամ փորձում թաքցնել իրենցից մեկի ՀՀԿ-ական լինելու փաստը: Կամ՝ ինչի դիմաց է այս կամ այն մարդը վազել ու «միացել» ՀՀԿ-ին՝ մի քանի ժամում «դառնալով» թունդ «նժդեհական» ու «կողքից» էլ «ցեղակրոն»:

Փող եւ իշխանություն: Ահա՛ ՀՀԿ-ին «միանալ» ցանկացող անձանց որոշման իրական դրդապատճառները: Ուրիշ գաղտնիք չկա: «Բռնակցվածներն» էլ աշխատատեղ ու չնչին աշխատավարձ չկորցնելու ահից են «միացել» ՀՀԿ-ին:

Իսկ եթե Գալուստ Սահակյանը նաեւ «գլոբալ» իմաստով է ասել, թե «սաղ աշխարհը» ուզում է մեզ միանալ, ապա գուցե նկատի ունի Եվրամիութա՞նը: Բայց, ախր, նրան էլ Սերժ Սարգսյանը մի քանի ժամում «գցեց» ու խաբեց: Ավելին, «գցելուց» հետո գնաց ու ինքը միացավ Մաքսային միությանը, որը, կարծես, բնավ չէր ուզում, որ Սերժ Սարգսյանն իրեն միանա: Սակայն վերջինս այնքան արագացրեց ՄՄ-ին միանալու գործընթացը, որ ապշեցրեց Կրեմլին:

Չենք խոսում արդեն Տիգրան Սարգսյանի՝ օֆշորին միանալու մասին:

Իսկ ընդհանրապես, ասենք, որ իրականում ՀՀԿ-ին միացել է կամ, ավելի ճիշտ, ինքը՝ ՀՀԿ-ի վերնախավի «բոլշևիկյան» հատվածն է միացել երկրի հարստությանը, ունեցվածքին, հանքերին, ձեռնարկություններին ու սուպերմարկետներին, արոտավայրերին ու դաշտերին, սարերին ու ձորերին, մի խոսքով՝ երկրի բնական պաշարներին, օդ ու ջրին, գազին ու հոսանքին:

Սաղ աշխարհը հե՛նց սա է, որ կա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը