Լրահոս

13.08.2009 18:18


Գյուղացիները դժգոհ են, մարզպետը՝ գոհ

Գյուղացիները դժգոհ են, մարզպետը՝ գոհ

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն այսօր աշխատանքային այցելություն է կատարել Շիրակի մարզի Արփենի, Ցողամարգ, Թորոս համայնքներ: Այցի հիմնական նպատակն էր վերոհիշյալ համայնքներում լսել համայնքապետերի հաշվետվությունը կատարած աշխատանքի վերաբերյալ և ևս մեկ անգամ բարձրացնել հողահարկի հավաքագրման խնդիրը: Մարզպետը գյուղացիներին ծանոթացրեց այն որոշման հետ, որ մինչև տարեվերջ ապառքները փակվելու դեպքում պետությունը զգալիորեն զիջելու է գյուղացիների պարտքերը: Գյուղացիները ընդհանուր առումով համաձայն էին պետության հետ իրենց հաշիվները վերջնականապես փակելու հետ, սակայն, մյուս կողմից, պահանջում էին պետական աջակցություն որոշակի հարցերում: Կարմրաքարում մարզպետի՝ պարտքերը վերադարձնելու հորդորներին նույն գյուղի բնակիչ Լեռնիկ Միքայելյանը հակադարձեց.

«7 անձ ենք, բավական դժվար է։ Ճիշտ է՝ ուզենք, չուզենք տալու ենք. պետության դեմ ո՞վ կարա, բայց պետությունն էլ պարտավոր է մեզ վերադարձնել մեր գումարները, ինչո՞ւ չի վերադարձնում. 40-50 տարի մենք աշխատել ենք»:

Իսկ Ցողամարգ գյուղում ավելի կտրուկ արտահայտվեցին ապառքները վերադարձնելու խնդրի առումով: 60-ամյա ցողամարգցի Գրիգոր Հովհաննիսյանն ասաց. «Մեր գյուղը մարած է. նորից էս գյուղացոնցից հարկ են ուզում, նորից էս գյուղացոնցից չգիտեմ՝ ինչ են պահանջում: Մենք որ ձեզանից չե՛նք պահանջում, դո՛ւք էլ մեզանից հեռու գնացեք»:

Նույն գյուղի բնակիչ Վալերիկ Հարությունյանն ավելի տխուր ներկայացրեց գյուղացիների հնարավորությունները. «Մեր համայնքը մեռած-պրծած է, հիմի պիտի խնդրենք իրան, որ գա մեզի թաղե, երթա: Համայնքն ամբողջությամբ պարտքի տակ է, բանկերը վարկերը էդ օրը տալիս են, հաջորդ օրը՝ գալիս խեղդում, հիմի ո՞րը տանք»:

Չնայած գյուղացիների դժգոհություներին՝ մարզպետ Լիդա Նանյանը համայնքներում պարտքերի հավաքագրման առումով նկատում է առաջընթաց. «Ժողովուրդն իրեն շատ լավ է զգում, երբ համայնքի ղեկավարը հաշվետվություն է տալիս։ Բացի դրանից, ի վերջո, արդեն հասկանում են, որ պետք է հարկերը վճարեն, գիտեն, որ արդեն համայնքապետ կա, որը հետևում է, զբաղվում է գյուղացիների խնդիրներով»,- լավատեսություն է հայտնել Շիրակի մարզպետը:

Լիդա Նանյանը գյուղաբնակների համար ուրախալի լուր էլ ուներ. նա տեղեկացրեց, որ Շիրակի մարզի գյուղերի մեծամասնությունը գազաֆիկացվելու է. «Գիտե՞ք, թե 6-7 գյուղերում ինչ մեծ թափով է ընթանում գազաֆիկացումը։ Իհարկե, դա շարունակական է և մյուս տարի ևս պետք է իրականացվի: Իմ ամբողջ խնդիրն այն է, որ մարզում շատ քիչ չգազաֆիկացված համայնք մնա»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը