Լրահոս

14.03.2014 12:40


Արմեն Հարությունյան. Բոլոր երկրներում էլ այլանդակություններ կան, բայց դե, մերն ուրիշ է

Արմեն Հարությունյան. Բոլոր երկրներում էլ այլանդակություններ կան, բայց դե, մերն ուրիշ է

Բոլոր երկրներում էլ այլանդակություններ կան, բայց դե, մերն ուրիշ է։

Երբ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունից դժգոհող ուժերին հակադարձեց՝ իրեն հատուկ ցինիկությամբ ասելով. «Իսկ դուք հիշո՞ւմ եք մի կառավարություն ՀՀ պատմության մեջ կամ որևէ մի դեմոկրատ երկրում, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից», դա ինձ մի անեկդոտ հիշեցրեց: Պատմելուց առաջ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր լոռեցիներից ու հատկապես տվյալ բնակավայրի բնակիչներից, համ էլ արդարանալ, որ նախ՝ անեկդոտը ես չեմ հորինել, ու նաև՝ որի՞ս բնակավայրի մասին անեկդոտ չեն պատմո՞ւմ, որ:

Տարիներ առաջ սփյուռքահայը գալիս է Լոռվա մարզի Մարգահովիտ գյուղ, որի անունը ժամանակին Համզաչիման էր, իսկ այն ժամանակներում, երբ «դեպքը» տեղի է ունեցել՝ Բոզգեղ (վստահ եմ՝ գիտեք, որ այդ անունը գյուղը ստացել է հողի գույնի պատճառով):
Մեր ախպար ախպերը հարցնում է գյուղացիներին, թե՝ ի՞նչ է աս քյուղին անունը: Պատասխանում են՝ Բոզգեղ: Մեր սփյուռքահայ բարեկամն էլ շարունակում է՝ էհ, մեզ մոտ էլ ադանգ փաներ կան, բայց ասանգ համախմբված չեն:
Ուզում եմ սրանով հասկացնել ծագումով լոռեցի Տիգրան Սարգսյանին, որ, այո՛, աշխարհի բոլոր տեղերում էլ անբարո քաղաքական վարքի տեր անձինք կան, բայց մեր կառավարության նման համախմբված չեն:
Թե չէ, վաղն էլ Տիգրան Սարգսյանը կարդարանա, թե աշխարհի ո՞ր դեմոկրատ երկրում գունավոր պաշտոնյաներ չկան: Այո՛, կան, բայց իրեն նման բազմապրոֆիլ չեն, ասել է թե՝ հա՛մ ֆիզիկապես, հա՛մ գաղափարապես: Ուստի, լավ կլինի, որ վարչապետը գործով զբաղվի և ուրիշների օրինակներ էլ քիչ բերի, որպեսզի մեզ էլ հավեսի չգցի՝ այլ օրինակներով հակադարձելու:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը