Կարծիք

13.03.2014 17:22


Շաբաթը «7 օր», օրը 24 «Ժամ»...

Շաբաթը «7 օր», օրը 24 «Ժամ»...

Շաբաթը 7 օր, օրը 24 ժամ կառավարող էլիտան, նախագահի գլխավորությամբ, պետական գործերը թողած, սեփական պատկերի ուսումնասիրությամբ է զբաղված։ Ամեն օր՝ դեռ լույսը չբացված, ամբողջ իշխանական բոմոնդը խորանում է իր կողմից չվերահսկվող, բայց դրան անվերջ ձգտող համացանցի տիրույթներ։ Ցերեկները սեփական պատկերն են ուսումնասիրում, իսկ գիշերն ընկնելուն պես՝ խորանում մտորումների գիրկը` առավոտյան մի ինչ–որ խորամանկ որոշում կայացնելու, որ մարդ չհասկանա։ Սակայն, բացվում է լույսն ու.... խորամանկությունն արդեն բացահայտված է։ Հետո նորից նույնը՝ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ուսումնասիրում են սեփական պատկերը։

Հիմա մի փոքր տեսություն, որից հետո կրկին կվերադառնանք մեր իրականություն։ Երրորդ ալիքի ժողովրդավարացման այնպիսի տեսաբաններ, ինչպիսիք են Էլվին Թոֆֆլերը, Ս. Հանտինգտոնը և այլք, անդրադարձել են ԶԼՄ–ին՝ նշելով նրանց բավականին ազդեցիկ դերի մասին ժամանակակից աշխարհում։ Թոմաս Կարլեյլն էլ ԶԼՄ–ն անվանել է «չորրորդ իշխանություն»՝ որպես հասարակության ու երկրի սոցիալ–քաղաքական զարգացումների վրա ազդեցություն ունեցող գործիք։

Իհարկե, այս ամենը ոչ մեկի համար նորություն չի։ Նորությունն այս ամենի շրջանակներում է։ 2008–ին 10 զոհի գնով գալով իշխանության՝ Սերժ Սարգսյանն իր առջև նպատակ դրեց ամայացնել քաղաքական դաշտը՝ հետագայում դյուրին դարձնելով սեփականության վերաբաշխման գործընթացը։ Նա շատ լավ հասկանում էր, որ զրոյական վարկանիշի դեպքում ու լեգիտիմության բացակայության պայմաններում դժվար կլինի մի կողմից վերահսկել հասարակությունը, մյուս կողմից լռեցնել նրան, ով կհամարձակվի բարձրաձայնել նրա նեոբոլշևիկյան ծրագրերը։ Այդ նպատակով իշխանությունը լծվեց ԶԼՄ–ի մենաշնորհի գործին, որի նպատակն էր մանիպուլացնել հասարակության գիտակցությունը՝ ստեղծելով «բարի Սերժի» կերպարի միֆը մի կողմից, և զրկել լրատվական ամբիոններից բոլոր նրանց, ովքեր կխոսեն երկրում իրական գործընթացների մասին՝ մյուս։

Նման պայմաններում միակ ռեսուրսը, որտեղ հնարավոր կլիներ բարձրաձայնել Ս. Սարգսյանի մտադրությունները, մնում էր համացանցը։ Հասկանալով, որ լրատվական կայքերը համացանցում կարող են «վերջին բոլշևիկի» բոլոր մտադրությունները ջրի երես հանել, մեկը մյուսի հետևից բացվում, ֆինանսավորվում, գնվում են կայքեր, որոնք կաշխատեն որպես «գեբելսյան» քարոզչամեքենա իրենց տակ, կներեք, իրենց ազդեցության տակ։ Եվ միայն մեկ կայք էր, որ 2009 թվականից շաբաթը 7 օր բարձրաձայնում էր երկրում առկա իրական վիճակն ու այն բոլոր խաղերը, որոնք տալիս էր «Վերջին բոլշևիկը»՝ դրա համար օգտագործելով «ոլոլորտների» մասնագետ Տիգրան Սարգսյանին։ «7 օրին» հետագայում ընկերակցեց նաև «ժամը» և «գեբելսյան» քարոզչամեքենան չկարողացավ ամբողջությամբ վերահսկել համացանցը։

Տարիներ շարունակ, շաբաթը 7 օր, իսկ հետագայում էլ՝ օրը 24 ժամ, Սերժ Սարգսյանն իր նվագախմբի տղաների ու երիտհանրապետականների միջոցով մտել է չհայտարարված «պատերազմի» մեջ «7or.am»–ի ու «Zham.am»–ի դեմ։ Չդիմացան անգամ վարչապետի նյարդերն ու նա ստիպված եղավ անձամբ հարձակվել այդ լրատվամիջոցների վրա՝ ակամայից խոստովանելով, որ մռնմռում են ու միայն քաղաքական դաշտում հաստատված բալանսի պատճառով չեն կարողանում փակել այդ լրատվամիջոցները։

Շաբաթը 7 օր, օրը 24 ժամ Սերժ Սարգսյանը և «ՀՀԿ&Co»-ն, դեռ լույսը չբացված, ուսումնասիրում են սեփական պատկերը ու Հայաստանի իրական վիճակը ու հաստատ, հաստատ հասկանում են, որ մեղավոր են ու մեղսունակ։ Հասկանում են նաև «ամեն ինչ կամ ոչինչ» արտահայտության էությունը...

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը