Կարծիք

12.03.2014 22:55


Տեսեք, թե ում հույսին է մնացել Ս. Սարգսյանի ադմինիստրացիան

Տեսեք, թե ում հույսին է մնացել Ս. Սարգսյանի ադմինիստրացիան

Ժամանակին hունգարացի զինագործ Ուրբանը՝ գնալով Կոնստանդինոպոլիս և ընդունելության արժանանալով Կոնստանտինոս 11-րդ կայսեր կողմից, վերջինիս առաջարկում է գնել իր պատրաստած թնդանոթը, որն այնքան հզոր է, որ կարող է անգամ անառիկ ամրոցի ամենաամուր պարիսպները քանդել: Կայսրը նրան զարմացած պատասխանում է, թե՝ ես ամրոցի մեջ եմ նստած ու պատերը պահելու խնդիր ունեմ, ոչ թե քանդելու, այդ թնդանոթն առաջարկում ես որ ի՞նչ անես: Դե Ուրբանին այլևս ոչինչ չէր մնում, քան այն առաջարկեր Օսմանյան կայսրության սուլթան Մուհամմեդ II-ին: Նա էլ այդ հզոր թնդանոթի շնորհիվ քանդեց ամրոցի պատերն ու գրավեց քաղաքը, որը մինչ օրս գտնվում է Մուհամմեդ Մուրադովիչի հետնորդների տիրապետության տակ՝ Ստամբուլ անվամբ: Վստահ եմ, որ այս ուսուցանելի պատմությանը ծանոթ են աշխարհի շատ տիրակալներ, ավելի քան վստահ եմ, որ նման կարգի ավելի շատ պատմությունների են նրանք ծանոթ, մանավանդ, որ ես պատմաբան չեմ, իսկ իշխանությունը կորցնելու վախը մշտապես նրանց սրտում է:

Մեր դեպքում էլ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում ինչքան տարբեր տրամաչափի «թնդանոթ» կար, որ կարող էր այս կամ այն չափով վտանգ ներկայացնել իշխանությունների համար, փորձեց բոլորին գնել, թեկուզ այն պարզ պատճառով, որպեսզի հակառակորդի ճամբարում չհայտնվեին: Եվ թեպետ հավաքագրման աշխատանքները, շատ հաճախ, հաջողությամբ իրականացվում են, իրականում դա որևէ դրական արդյունք չի տալիս՝ իշխանությունների դիրքերն ամրապնդելու հարցում: Նախ. Բաղրամյան 26-ի «գնորդների» ժլատության պատճառով, քանի որ այդ «թնդանոթներին» հարվածեցին, տեսքից գցեցին, փոքրացրեցին՝ դարձնելով «պարսատիկի քար», նոր միայն էժանով գնեցին: Դե արի ու դրանցով ընդդիմության դեմ պայքարի: Երկրորդ պատճառը, որ Ս.Սարգսյանն անգամ սեփական թիմակիցների հետ է վարվում նման կերպ՝ դարձնում պալատական «սազանդար», և միայն այդ որակների համար է գնահատում նրանց աշխատանքը, այլ ոչ թե՝ պրոֆեսիոնալ գործունեության: Իսկ այդ պարագայում ինչպե՞ս կարող են նորեկների արժանապատվությունը պահել-փայփայել, դրանով իսկ կռիվ գցել թիմի ներսում:

Բայց հիմա նախագահականի քաղտեխնոլոգները միանգամայն հակառակ արդյունքը ստացան, քանի որ այլևս ոչ թե կարողանում են ընդդիմադիր դաշտի ակտիվ ներկայացուցիչների գայթակղել, ասելով, որ նրանք էլ իշխանական բարեհաճությունից կօգտվեն, եթե անցնեն Ս.Սարգսյանի մոտ ծառայության, այլ՝ ընդդիմադիր լիդերներն են իրենց շարքերի տատանվողներին ի ցույց դնում էժանով վաճառվածների ողորմելի վիճակը, և ասում՝ եթե չեք ցանկանում պայքարել, ապա գնացեք դուք էլ դարձեք նախագահականի դռան դիմացի փալաս, որպեսզի աշխատակիցներն առավոտյան գան ոտքերները ձեր վրա սրբեն ու նոր մտնեն աշխատավայր:
Այնպես որ, որքան էլ համացանցում կեղծ ու շիտակ պրոֆիլներով համառ ջանքեր են գործադրում՝ իշխանության արածն ու չարածը գովերգելու, քաղաքացիական շարժումների մեջ իրենց մարդկանց փորձում ներդնել, ընդդիմադիր դաշտից ակտիվ գործիչների հավաքագրել, մի խոսքով ամեն ինչ անել, որպեսզի շտրեյկբրեխերությամբ քաղաքական ու քաղաքացիական ակտիվ գործընթացները սառեցնեն, կարծում եմ, այլևս նման բոլոր ջանքերն ապարդյուն են: Տեսեք, թե այս տարիներին իշխանությունների հետ լայն համագործակցության կողմնակից ինչպիսի հզոր ուժեր ու վառ անհատականություններ կային, իսկ հիմա ո՞ւմ հույսին մնաց Ս.Սարգսյանի ադմինիստրացիան:
Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունը ոչ թե առաջնորդվում է քաղաքական կատեգորիաներով՝ վստահում է կամ չի վստահում այս իշխանություններին, այլ ուղղակի զզվում է սրանցից և ցանկանում օր առաջ ազատվել: Ուստի քաղաքական ուժերի ու նրանց լիդերների պարտականությունն է, իսկ մեր երկրի այս աղետալի վիճակի դեպքում, առաքելությունը՝ առաջնորդել հասարակությանը՝ այդ ցանկություներն ի կատար ածելու գործում:

Էդվարդ Անտինյան

Աղբյուր՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը