Մեկնաբանություն

12.03.2014 21:33


Դուք տեղով հանրապետության «այիբն» եք

Դուք տեղով հանրապետության «այիբն» եք

Բոլորիդ հայտնի Փուչիկը իր նման փուչիկավարի փորձել է հեգնել ընդդիմության «որոշ առաջնորդների»:

Հետն էլ հույս է հայտնում, թե այսպես որ շարունակվի, նրանց բառապաշարը կհամալրվի բազմաթիվ տերմիններով՝ «հաշտություն», «կոնսենսուս», «կորդինացիա», «պլյուրալիզմ» և այլն։

Սույն Փուչիկը, որի «փող լվացող» հիմնադրամին ամեն տարի պետբյուջեից մի քանի հարյուր միլիոն է փոխանցվում, բնականաբար, չի կարող հեգնել սեփական առաջնորդին եւ քննարկման առարկա դարձնել «Վերջի բոլշեւիկի» բառապաշարը:

Բայց արդեն քանի տարի համացանցը լցված է Փուչիկի առաջնորդի «իմաստասիրական» խոսք ու զրույցով, ինչի վրա հռհռում է ողջ ժողովուրդը:

Սքանչելի բառապաշար ունի «Վերջի բոլշեւիկը», ով թեեւ հայտարարում է, թե Հայաստանի քաղաքացու հետ պետք է խոսել «Դուք»-ով, բայց հենց ինքն է մարդկանց ու պաշտոնյաների հետ խոսում «դու»-ով ու «արա»-ով:

Մինչդեռ Փուչիկը փորձում է հեգնել «որոշ առաջնորդների»:

Նորմալ է, բա հո իր առաջնորդին չէ՞ր հեգնելու: Նման փորձ անելու դեպքում անգամ «Վերջի բոլշեւիկը» մախատ ասեղով այնպես կծակեր Փուչիկին, որ նրանից միայն սեփական վզիկը կապած կոճի թելը կմնար:

Այնուհանդերձ, Փուչիկին, որ այսպես մեթան գազով փքվել է՝ կրկին հիշեցնենք իր առաջնորդի՝ «հզոր մտածողին» վայել մտքերը, որոնք կամաչեր արտաբերել ցանկացած մարդ: Բայց դե, երեւի, Փուչիկն իր առաջնորդին «Սպինոզա» է համարում: Կամ՝ առնվազն միասին վերցրած «Մարքս ու Էնգելս», որի հրապարակային խոսքը արժե նորից հիշել եւ հիշեցնել Փուչիկին:

Այսպես.

«Գլխից ա պետք բռնել, գլխից» (մեջբերում օֆշորային մեքենայության մեջ բռնված Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության հետ խորհրդակցությունից)։

«Տարոն ջան, սիրուն չի» (պուրակային շոուի կուլմինացիան)։

«Էկել ես ստեղ մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» («տոնն», ի դեպ, Եռաբլուրում էր)։

«Ինչքան ուզեք՝ էնքան խփենք» (Սերժ Սարգսյանը ԿԸՀ–ին ցուցում էր տալիս ընտրությունների ժամանակ «գրանցվելիք» տոկոսների մասին)։

«Որ քո տղան արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր» («Ապահով Հայաստան» գաղափարական հենքը ներկայացնելիս)։

«Եթե ես եմ ձեր նախագահը՝ ուրեմն ինձ պետք ա՞ մեղադրեք» («Առա՛ջ, Հայաստան»–ի ծրագրային դրույթներից)։

Շարքը կարող եք ինքներդ շարունակել՝ ներկայացնելով «Վերջի բոլշեւիկի» գաղջ բառապաշարի ողջ հարստությունը:

Փուչիկին ավելի քան հոգեհարազատ է այդ՝ տարրական դասարանցու մակարդակի բառապաշարը, որի հետ ինքը կոնսենսուսի է եկել, ավելին՝ կոնսոլիդացվել է այդ ժարգոնախառն խոսակցականը օգտագործողի շուրջ: Հետն էլ պլյուրալիզացվել է «տոկոս խփելու» հարցում:

Ահաեւ քեզ «կորդինացիա»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը