Կարծիք

12.03.2014 15:21


Մի պալատական ծաղրածուի պատմություն

Մի պալատական ծաղրածուի պատմություն

Քաղաքականությունն առավել քան բարոյական գործունեության ոլորտ է, քանզի գտնվելով քաղաքականության մեջ՝ մարդիկ առաջնորդվում են սկզբունքներով, գաղափարներով, սեփական համոզմունքներով ու իրենց պայքարը հանուն իշխանության մղում են՝ առավելապես պահպանելով սեփական անձի արժանապատվությունը։ Շեղվեցի...

Վերադառնանք մեր թամաշային։ Հայաստանում, ցավոք, քաղաքականությունից խորշում ու փախչում է իշխանությունը։ Այդ իսկ պատճառով մեր երկրում ոչ թե պետական քաղաքականություն է տարվում, այլ պալատական թամաշա։ Բնական է, որ նման պայմաններում քաղաքական դերակատարների մասին (կառավարող էլիտայի մեջ) խոսք գնալ չի կարող։ Պալատում հիմնականում մունետիկներ են, որոնք կատարում են հարվածային գործիքների գործառույթներ և ծաղրածուներ։ Մունետիկների և նրանց դերի մասին շատ է ասվել և խոսվել, իսկ ահա ծաղրածուները մոռացության էին մատնվել, սակայն Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով նրանք էլ ի հայտ եկան։ Առիթը ԲՀԿ–ՀՅԴ և ԲՀԿ–ՀԱԿ հանդիպումները դարձան։

Այսօր 1in.am-ում ծղրտացել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը (ինչ խորհրդանշական է. իր տեսակի մեջ եզակի մարքսիստը «վերջին բոլշևիկին» ծառայություններ է մատուցում): Մասնավորապես, Դավիթ Հակոբյանը նշել է, որ խորհրդարանական 4 ոչիշխանական ուժերը պետք է վայր դնեն մանդատները։ Ասել է թե՝ մանդատները դնեն, որ ի՞նչ անեն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ընդդիմության մանդատները վայր դնելու մասին երազում է Սերժ Սարգսյանը։ Շտապեմ հիասթափեցնել՝ մանդատները վայր չեն դրվելու։

Խորհրդարանը շարունակելու է մնալ երկրի այն կարևոր ամբիոնը, որտեղից ընդդիմությունը բարձրաձայնելու է Սերժ Սարգսյանի ու կառավարության բոլոր ապօրինությունները։ Մի խորհուրդ, այնուամենայնիվ, Դավիթ Հակոբյանին կտամ՝ չալարել վերցնել Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատությունն ու կարդալ, շատ ուշադիր կարդալ, թե ինչպես է նա բնութագրում «օլիգարխ» և «օլիգարխիա» եզրույթները։ Ես ավելի քան համոզված եմ՝ կարդալուց հետո նա պալատական ծաղրածուի պաշտոնից դիմում կտա և կազատվի։ Միայն մեկ բանում եմ համամիտ Դավիթ Հակոբյանի հետ՝ նա ունակ չէ հասկանալ բուրժուադեմոկրատական հեղափոխության իմաստը։ Որտեղի՞ց հասկանաք, եթե ծառայում եք «վերջին բոլշևիկին» ու դավանում եք համանման գաղափարներ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը