Քաղաքական

12.03.2014 13:32


ՀՀԿ–ականները դեմ գնացին սեփական խմբակցությանը

ՀՀԿ–ականները դեմ գնացին սեփական խմբակցությանը

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ ԱԺ–ն 66 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Գովազդի մասին» վիճահարույց օրինագիծը։ ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել, հետևաբար, կողմ քվեարկողները եղել են ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը, ինչպես նաև օրինագծի համահեղինակ Էդմոն Մարությանը։

«7օր»–ը պարզել է նաև, որ դեմ և ձեռնպահ քվեարկածները հենց ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունից են։ Մասնավորապես, Արա Բաբլոյանը սեղմել է «դեմ» կոճակը, ձեռնպահը Դավիթ Հարությունյանն են և Մհեր Շահգելդյանը։ Որոշ պատգամավորներ էլ որոշել են ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը։ Նրանք են ՀՀԿ–ական Կորյուն Նահապետյանը, Կարեն Կարապետյանը և ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանը։

Մեկնաբանելով այս քվեարկությունները՝ օրինագծի համահեղինակ, ՀՀԿ–ական Սամվել Ֆարմանյանը «7օր»–ին ասել է.

–Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով, ինչպես Սահմանդրությունն է ենթադրում, և դա շատ նորմալ է։

Մեր հարցին՝ խմբակցությունը նախապես կայացրած որոշում չունե՞ր, թե ինչպես է քվեարկելու, Ս. Ֆարմանյանն ընդգծել է.

–Խմբակցության որոշումն արտահայտվեց քվեարկությամբ։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ «7օր»–ի հետ զրույցում բնական է համարել որոշ ՀՀԿ–ականների կողմ չքվեարկելը.

–Մարդիկ, ովքեր ձեռնպահ էին, ժամանակին հստակ դիրքորոշում են ունեցել, որ գովազդն արգելելն առաջ քայլ է։ Հիմա այդ մարդիկ չէին կարող իրենց դեմ դուրս գալ, ինչը ես ողջունում եմ։ Համոզված եմ նաև, որ եթե ճնշումն ուժեղ չլիներ, շատ մարդիկ ևս կա՛մ չէին մասնակցի քվեարկությանը, կա՛մ դեմ կքվեարկեին,–ասել է Ա. Մինասյանը։

Նույն հարցի շուրջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նկատել է.

–Այդ քվեարկությունը նորմալ եմ գնահատում, որովհետև մարդիկ կան, ովքեր ունեն իրենց սկզբունքները։ Օրինակ՝ պարոն Բաբլոյանը՝ առողջապահության համակարգի մեր հայտնի դեմքերից մեկը, իր ողջ կյանքում պայքարել է ալկոհոլի և ծխախոտի դեմ։ Տարօրինակ կլիներ, եթե այդ մարդը կողմ քվեարկեր։

Իսկ քվեարկությանը չմասնակցած ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը «7օր»–ին ասել է, որ պարզապես չի հասցրել դահլիճ հասնել, բայց եթե հասներ, ապա ոչ թե կողմ, այլ ձեռնպահ կքվեարկեր։

–Ես վերապահում ունեմ՝ կապված գովազդը թույլատրող ժամերի հետ,–ասել է նա։

Ի դեպ, ՀՅԴ–ն նաև կասկածում է, որ քաղաքական մեծամասնությունից եղել են պատգամավորներ, ովքեր բացակայել են դահլիճից, և նրանց փոխարեն ուրիշն է քվեարկել։ Թե կոնկրետ ովքեր են նրանք, ՀՅԴ–ն կպարզի տեսագրությունը վերծանելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը