Կարծիք

12.03.2014 11:20


«Հարգելի» սուտի ընդդիմադիրներ՝ ձեր հագով գործ ճարեք

«Հարգելի» սուտի ընդդիմադիրներ՝ ձեր հագով գործ ճարեք

Հիմա երբ ակնհայտ է, որ մեր երկիրը ձեռքից գնում է, ու որ այս վիճակից դուրս գալու համար հասարակակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը համառորեն բախում է մեր դուռը, գտնվում են լուրջ դեմքով գիտունիկներ, որոնք հարցի բովանդակային մասը մի կողմ են դրել ու կատաղի պայքար սկսել ձևի դեմ: Թե ինչո՞ւ են այդ ուժերը կոչվում ոչ իշխանական, այլ ոչ թե՝ ընդդիմադիր: Մինչդեռ, իրականում իրենց հանձնարարված է պայքարել հենց համախմբման դեմ, բայց քանի որ այդ գաղափարը անխոցելի է, մնացել է միայն բառի դեմ պայքարելը:

Օրինակ. անգլերենում օգտագործվում է Non-governmental տերմինը՝ ոչ կառավարական: Իսկ մենք նման միավորմանն անվանում ենք՝ հասարակական կազմակերպություն, դրանով ցույց տալով, որ մեր երկրում իշխանությունները հասարակության մաս չեն կազմում: Ուստի, ասելով՝ հասարակական, հասկանում ենք, որ իշխանությունների ենթակայության տակ չէ:

Իսկ մենք իշխանականի փոխարեն չենք օգտագործում ոչ կառավարական տեմինը, մի պարզ պատճառով՝ մեր մոտ ո՞վ է ԱԺ-ն իշխանություն համարո՞ւմ որ: Այն սոսկ գործադիր իշխանության կցորդն է, ուստի ասելով իշխանություն՝ հասկանում ենք հենց վարչակազմը: Իսկ ոչիշխանական, հասկանում ենք այդ վարչակազմի ենթակայությունից դուրս գործող կամ մաս չկազմող: Այս տերմինը ոչ թե փոխարինում է ընդդիմություն բառին, այլ՝ սա ավելի տարողունակ է, ընդհանրական ձևակերպում՝ իշխող վարչակազմից դուրս գործող ուժերի համար, որոնցից մեկը կարող է լինել ծայրահեղ ընդդիմություն, մյուսը՝ արմատական, մի երրորդը՝ կառուցողական, իսկ մի ուժն էլ՝ այլընտրանք:

Ի դեպ, քաղաքակիրթ աշխարհում գործածական՝ կառավարություն կամ կառավարական բառերը, մի շարք դեպքերում, մենք գիտակցաբար փոխարինում ենք իշխանություններ բառով, քանի որ մեր կառավարման համակարգում իշխանության առյուծի բաժինը ՀՀ նախագահինն է: Եվ հասարակության մոտ թյուր պատկերացում չստեղծելու համար, թե կառավարության գործունեությունը քննադատելով ի նկատի ունենք այդ խեղճուկրակների համույթը, որոնք առանց նախագահի ոչինչ չեն որոշում, ուստի ասում ենք իշխանություններ՝ հասկանալով կառավարող վարչակաղմը՝ նախագահի գլխավորությամբ:
Թե չէ սկսել են քաղաքագիտորեն տերմինակոխ անել, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ գիտահետազոտական, միտահետազոտական…:
Քաղաքագիտության մեջ այն քաղաքական ուժը, որ մասնակից չէ կառավարության ձևավորմանը՝ համարվում է ընդդիմություն: Հիմա Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ու Հայկ Բաբուխանյանի կուսակցությունները կառավարության ձևավորմանը չեն մասնակցել, իսկ իրենք ՀՀԿ-ի ցուցակ են մտել որպես անհատներ, քանի որ ՀՀԿ-ն դաշինքով չի մասնակցել ընտրություններին: Հիմա ի՞նչ, նրանց ղեկավարած կուսակցություններն ընդիմադի՞ր են: Դրա համար իրենց նմանների պարագայում գործածվում է իշխանամետ տերմինը, և ո՞ւմ չի հասկանալի, թե դրա տակ ինչ ենք հասկանում կամ ում ենք հասկանում:
Այնպես որ, «հարգելի» սուտի ընդիմադիրներ ու բացահայտված գործակալներ, այս համախմբման դեմն առնել ձեզ չի հաջողվի, ավելի լավ է Բաղրամյան 26-ի քաղտեխնոլոգներին ասեք, որ ձեր հագով գործ հանձնարարեն:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը