Մեկնաբանություն

12.03.2014 10:03


Իսկ պոռնկությունը քարոզող գովազդ չի՞ նախատեսվում

Իսկ պոռնկությունը քարոզող գովազդ չի՞ նախատեսվում

Իշխանությունը վերջապես որոշեց զբաղվել հեռուստաընկերությունների հարցով: Առնվազն հինգ տարի հանրային տարբեր խմբեր ու կազմակերպություններ բազմաթիվ նամակներ են գրել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել եւ լուծումներ գտնել հեռուստաեթերի բովանդակությունը բարելավելու համար: Հարցը հայտնվել է նաեւ Հանրային խորհրդի օրակարգում, հայկական եթերի անբարեհույս վիճակը բարեփոխելու համար տարբեր գործիչներ բազմաթիվ առաջարկություններ ու չափորոշիչներ են ներկայացրել, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չէր արվում: Ու չէր էլ կարող արվել, քանզի «աշխատավորական կոլեկտիվների» դիմումները լրիվ այլ նպատակով էին։

Պարզվում է, իշխանությունը մտածում էր հեռուստաընկերությունների մասին, մասնավորապես, նրանց համար լրացուցիչ գումարներ գտնելու մասին՝ համարելով, որ վատ եթերի պատճառը փողի պակասն է:

ԱԺ Հանրապետական երիտասարդ պատգամավորներն ու «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում են փոփոխել գովազդի մասին օրենքը, ինչը հեռուստաընկերություններին թույլ կտա երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ։

Նախագիծը ներկայացրած պատգամավորները օրինագծի հիմնավորման բաժնում գրել են, որ եթե ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրվի, հեռուստատեսությունները տարեկան մինչև 1 մլրդ դրամի լրացուցիչ մուտքեր կունենան, ինչը կբարելավի հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը:

Մեզ փորձում են համոզել, որ այդ գովազդից գոյացած գումարներով հեռուստաընկերությունները որակյալ արտադրանք կթողարկեն, դաստիարակչական-կրթական բնույթի հաղորդումներ կպատրաստեն:

Մի կողմ թողնենք այն, որ սույն նախագիծը կոնկրետ անձանց շահախնդրությունների հարց է լուծում: Սակայն, զարմանալի է, որ իշխանությունը հեռուստաեթերի բովանդակությունը բարեփոխելու համար այլ լուծում չի գտել քան հարբեցողությունը խրախուսող եւ քարոզող գովազդի թույլտվությունն է: Մի բան, որ տարիներ առաջ արգելվել էր:

Ստացվում է, որ մի կողմից հեռուստաընկերությունները պետք է գովազդեն հակահասարակական երեւույթը, իսկ մյուս կողմից՝ այդ գովազդից ստացած գումարներով դաստիարակչական բնույթի հաղորդումներ պատրաստեն եւ ցուցադրեն:

Շատ տարօրինակ է: Հնարավո՞ր բան է մի կողմից քարոզել վատը, մյուս կողմից՝ լավը: Ընդ որում՝ լավ բան ցուցադրելու համար օգտվել մերժելի երեւույթը քարոզող գովազդի գումարներից: Ու դեռ հարց է, թե լրացուցիչ գումարով պատրաստվածը լավը կլինի, թե աղբ։

Անշուշտ, անհնար է պատկերացնել, որ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդից գոյացած գումարներով կբարելավվի հեռուստաեթերի վիճակը: Ինչ-խոսք, կան առանձին հեռուստաընկերություններ, որոնց եթերը քիչ թե շատ բարվոք է, խոսքը նրանց մասին չէ:

Բայց իսկապես դժվար է պատկերացնել, որ եթերից կվերանան «հարազատթշնամիների» կամ «դժբախտերջանկությունների» եւ կամ՝ «սուրանկյունների» մակարդակի հեռուստաարտադրանքը: Պարզապես անհավատալի է, որ այդ մեկ միլիարդը հեռուստաընկերություններին կօգնի հաղթահարել եւ եթերը մաքրել զանազան ցածրորակ արտադրանքից: Իսկ գուցե այլակարծության ու խոսքի ազատության վիճա՞կն է բարելավվելու եթերում: Ծիծաղելի է նույնիսկ մտածել այդ մասին:

Հեռուստաոլորտում արմատացած մտածողությունն այնպիսին է, որ այն փոխելը անհնար է եւ դա ոչ մի գումարով էլ պայմանավորված չէ: Այս ոլորտում առաջնորդվում են ուրիշ չափանիշներով: «Ռեյծինգային» մրցակցությունն ապահովելու համար աշխատում են մարդկային ամենաստոր բնազդներն արթնացնելու վրա: Որքան գռեհիկ ու անամոթ՝ այնքան լավ:

Սա է նրանց «չափանիշը»: Եվ եթե դրան էլ ավելանում է ալկոհոլի գովազդը, ապա ինչպես ասում են՝ ամբողջական ներդաշնակությունն ապահովված է: Այդ գումարները նպաստելու են մի այլ՝ ալկոհոլին համապատասխանող «որակի» հեռուստաարտադրանքի թողարկմանը:

Իսկ հետաքրքիր է, չե՞ն պատրաստվում արդյոք պոռնկությունը քարոզող գովազդի թույլտվության մասին օրինագիծ առաջարկել: Առանձին բառացությունները հանած՝ դա էլ է, ի դեպ, համահունչ այսօրվա հեռուստաեթերին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը