Մեկնաբանություն

11.03.2014 14:15


Ղրիմի դասերը և Արցախը

Ղրիմի դասերը և Արցախը

Ղրիմի ճգնաժամը ևս մեկ անգամ հաստատեց, որ միջազգային հարաբերություններում կարևոր դեր է խաղում ուժը: Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղությունը խախտվել է, քանի որ Կիևը համապատասխան ռազմական ուժ չունի՝ Ռուսաստանին դիմակայելու համար, ինչի հետևանքով էլ վերջինս առանց կաշկանդվելու Ուկրաինայի նկատմամբ ռազմական ուժ է կիրառում կամ սպառնում է կիրառել:

1994թ. Արևմուտքը համոզեց Ուկրաինային հանձնել ատոմային զենքը: Բուդապեշտի հուշագրի համաձայն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը պարտավորվել են հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ձեռնպահ մնալ Ուկրաինայի նկատմամբ ուժ կիրառելուց, ինչպես նաև՝ քայլեր ձեռնարկել, եթե խնդիրներ առաջանան հուշագրի պարտավորությունների հետ կապված:

Այսօր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը դե ֆակտո խախտվել է և սպասվում է այդ խախտման դե յուրե ամրագրում, սակայն ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան այդ վտանգը չեզոքացնելու համար շոշափելի քայլեր չեն ձեռնարկում: Մեծ Բրիտանիան նույնիսկ չի ցանկանում փակել իր ֆինանսական շուկան Ռուսաստանի համար: Ստացվում է, որ Արևմուտքը ժամանակին համոզել է Ուկրաինային հանձնել ատոմային զենքը, տվել անվտանգության երաշխիքներ, սակայն այսօր չի կատարում իր պարտավորությունները:

Ղրիմի շուրջ ծավալվող գործընթացը ցույց է տալիս, որ Հայաստանն Արցախի հարցում չի կարող ապավինել միջազգային հանրության թղթային երաշխիքներին: Չկա որևիցե երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի ուժով հարց լուծել:

Ադրբեջանը կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն, և միջազգային հանրությունը որրևէ քայլ չի կատարի Ադրբեջանի գործողությունները սահմանափակելու համար, ինչպես չկատարեց 1990-ականներին: Ադրբեջանի գործողություններին համարժեք պատասխան է տվել հայկական բանակը:

Պետք է հասկանալ, որ հայկական բանակն ու ազատագրված տարածքները Արցախի անվտանգության երաշխիքներն են: Անվտանգության այդ երաշխիքների փոխարինումը այլ երաշխիքներով վտանգավոր է Արցախի համար, և պարունակում է Արցախին 1991թ. վերադարձնելու սպառնալիք:

Ղրիմի դեպքում միջազգային հանրությունը ունակ չէ պաշտպանել Ուկրաինայի անվտանգությունը: Արցախի դեպքում էլ միջազգային հանրությունը որևէ բան չի կարողանա անել:

Այն պնդումը, որ միջազգային հանրությունն՝ ի դեմս Մինսկի խմբի, հարաբերական խաղաղության պահպանման երաշխիքն է, իրականությանը չի համապատասխանում: Առանց հայկական բանակի ու վերջինիս կողմից վերահսկվող տարածքների, հարաբերական խաղաղություն ապահովելը հնարավոր չէր լինի:

Արցախի անվտանգության երաշխիքը հայկական բանակն է ու վերջինիս կողմից վերահսկվող տարածքներն են:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը