Կարծիք

11.03.2014 13:08


Նինա Մարգարյան

Նինա Մարգարյան

Այսօր կարդացի, այսպես կոչված, «ֆեյքերի դեմ» օրենքի նախագիծը (Պ-456-04.03.2014-ՊԻ-010/0): Մի կողմ թողնենք այն հարցը, որ տվյալ նախագիծը պարզապես ֆինանսական միջոցների և ժամանակի անիմաստ վատնում է, քանի որ այն հարցերը, որոնք կարգավորում են այդ լրացումները, արդեն իսկ կարգավորված են օրենքով, իսկ լրատվամիջոցները և ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցները արդեն տևական ժամանակ հիմնական այցելություններն ապահովում են հենց «Ֆեյսբուքի» միջոցով, ինչը նշանակում է, որ տեղեկությունները և գրառումները, որոնց դեմ որոշել են պայքարել օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի հեղինակները, այնուամենայնիվ, հասանելի են լինելու գրեթե նույն քանակի մարդկանց, քանի որ ոչ ոք չի կարող արգելել տարածել այս կամ այն ստատուսը «Ֆեյսբուքի» ներսում` էջից էջ և խմբից խումբ, և այդ գրառումները և կարծիքները տեսնելու համար մարդկանց պարտադիր չէ մտնել ինչ-որ կայք:

Սակայն ինձ մոտ մի շարք լուրջ հարցեր առաջացան, որոնց պատասխանն օրենքում ես այդպես էլ չկարողացա գտնել:

1. Օրենքում գրված է, որ « Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից»:

Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ բլոգները նո՞ւյնպես համարվում են հրապարակային էլեկտրոնային կայքեր, և եթե այո՛, ապա այդ դեպքում տեղի չի՞ ունենում արդյոք ազատ խոսքի իրավունքի ոտնահարում. չէ՞ որ բլոգը համարվում է անձնական օրագիր, և բլոգ վարելու նպատակներից մեկն է կիսվել մարդկանց հետ մտքերով, այդ թվում՝ այլ մարդկանց մտքերով և հետաքրքիր դիտարկումներով:

2. Ո՞րն է «վիրավորանք»-ի չափանիշը, իսկ հաշվի առնելով այն, որ մեր երկրում դատական համակարգը դժվար թե կարելի է ազատ համարել, արդյոք այս լրացումները չե՞ն բերի նրան, որ դրանք ուղղակի որոշ մարդկանց համար ծառայելու են որպես այս կամ այն կայքը փակելու արագ և արդյունավետ գործիք:

3. Օրինագծում գրված է, որ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»:

Սակայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս ամբողջովին փակել քո էջը և ոչ մի տեղեկություն չտրամադրել այլ անձանց: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ֆեյսբուքը» չի արգելում կեղծանունների օգտագործումը (մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ պարզապես ստիպված են օգտագործել կեղծանուններ, այլապես այս կամ այն միտքն արտահայտելու համար իրենց, օրինակ, կարող են հեռացնել աշխատանքից, քանի որ այդ միտքը դուր չի եկել գործող ռեժիմին), ապա այդ դեպքում ինչպե՞ս լրատվամիջոցը պետք է նույնականացնի հեղինակին, և ի՞նչ է նշանակում «ողջամիտ ջանքեր» հասկացությունը: Չէ՞ որ օրենքում նմանատիպ հասկացությունների օգտագործումը բերում է այդ օրենքի կամայական մեկնաբանության:

Կարծում եմ, որ նման օրենքը պարզապես ոտնահարում է ազատ խոսքի մեր սահմանադրական իրավունքը: Ես, իհարկե, անձամբ դեմ եմ վիրավորանքների կամ զրպարտությունների տարածմանը, սակայն նմանատիպ օրինագծերը, որտեղ կամայական մեկնաբանության մի ամբողջ դաշտ է բացվում, ուղղակի կբերեն տոտալ գրաքննության, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ԶԼՄ-ի գրեթե 90 տոկոսը, եթե ոչ ավելին, գտնվում է իշխանության ձեռքերում, և սոցիալական ցանցն այսօր հանդիսանում է քիչ թե շատ ազատ հարթակ, որտեղ մարդիկ կարող են կիսվել իրենց մտավախություններով, մտքերով և կարծիքներով, ապա նմանատիպ օրենքները լուրջ վտանգ են ներկայացնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք չեն գտնվում գործող ռեժիմի ազդեցության տակ:

Եվ նմանատիպ հարցեր դեռ շատ կան, ճիշտն ասած, պարզապես, եթե բոլոր հարցերը գրվեն, ապա շատ երկար, ձանձրալի բան կստացվի:

Եվ ես չեմ զարմանա, եթե հաջորդ քայլը լինի «Ֆեյսբուք»-ի փակումը Հայաստանի օգտատերերի համար, ինչպես, օրինակ, Թուրքմենստանում:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը