Մեկնաբանություն

11.03.2014 08:35


«Ճաք տված»-ների նոր խմբաքանակ է բացահայտվում

«Ճաք տված»-ների նոր խմբաքանակ է բացահայտվում

Արմեն Ռուստամյանը հաստատ սխալվել է միայն մեկին բնութագրելով որպես «ճաք տված»: Մենք էլ հաստատ սխալվեցինք, երբ նրա այդ բնութագրումն ընդհանրացնելով վերագրեցինք ողջ կառավարությանը:

«Ճաք տված»-ների շրջանակը շատ ավեի մեծ է:

Պարզապես անհնար է առանց զարմանքի, նաեւ առանց ծիծաղելու հետեւել, թե ինչպես մի քանի ժամում սույն շրջանակը դադարեցրեց ուկրաինական ճգնաժամին, միաժամանակ հակառուական-հակապուտինական թեմաններին վերաբերող բուռն քննարկումները եւ նույն ուժգնությամբ սկսեց «գրոհը» ոչիշխանական ուժերի համախմբման դեմ:

Այս ուղղությամբ մի քիչ թմրել էին, էլի՝ մտածելով, որ դա չլինելու բան է: Բայց բավական էր, որ տեղի ունենար ՀՅԴ ներկայացուցիչների եւ ԲՀԿ առաջնորդի հանդիպումը՝ «ճաք տված»-ների նորահայտ շրջանակը Պուտինին ու ռուսներին թողեց, որ «հանգստանան» իր հարվածներից եւ նետվեց հասարակական-քաղաքական լայն համախմբման կոչի հեղինակի դեմ պայքարի «ճակատ»:

«Երկու վախը մի մահ է»: Վերում նստածը «ճաք տված»-ների «զորահավաք» է կազմակերպել ու գցել ասպարեզ, թե գնացեք օր ու գիշեր խոսեք ոչիշխանական ուժերի կոնսոլիդացիայի դեմ:

Եվ չնայած նույն այդ շրջանակը մինչեւ հիմա ցանկացած հարթակ օգտագործելով հայտարարում էր, թե այսպես ապրել այլեւս չի կարելի, պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից, գրողի ծոցն ուղարկել այս կառավարությանը եւ նման բաներ, հիմա ահավոր տխրել է ու ընկել է կասկածների մեջ:

Հարցադրումների մի շարան է լցրել համացանց: «Իսկ ե՞րբ է Գագիկ Ծառուկյանը ասել, որ իրենք ընդդիմություն են», «Իսկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը կպահանջի՞», «Իսկ ե՞րբ է եղել այդ համախմբումը, դա դեռ համախմբման փորձ է», «Իսկ ո՞վ է հավատում, որ այդ ուժերը մինչեւ վերջ կգնան», «Իսկ ո՞վ է լինելու ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն», «Դա ի՞նչ հարց է, կառավարության հրաժարականը շատ փոքր հարց է»: Եվ էլի նման «հավատաքննչական» բնույթի հարցեր:

Լսում ես սրանց ու հասկանում ես, որ ինչպես Բաղրամյան 26-ին, այնպես էլ սույն նորահայտ «ճաք տված»-ներին միանգամայն ձեռք է տալիս այս իշխանությունը՝ շատ հասկանալի պատճառներով: Կամ էլ՝ մանր–մունր մի քանի նախաձեռնություններով հրճվելը։

Ասենք, հանգիստ նստեն ու հրճվանքով արձանագրեն, թե ինչպես մի քանի հոգի հասան նրան, որ դադարեցվեց Գառնու տաճարի հարակից տարածքում սրճարանի կառուցման շինարարությունը: Օ՜, ինչպիսի մեծ «հաղթանակ» ատելի վարչախմբի դեմ:

Ա՛յ, նման լոկալ եւ անվնաս «պայքար»-ները սրանց սրտով են: Գոհ ու երջանիկ իրենք իրենց հուսադրում են, թե «քիչ մնաց, էս իշխանություններին»:

Իսկ երբ հստակ իշխանափոխության ճանապարհային քարտեզ է մշակվում ոչիշխանական քաղաքական ուժերի կողմից՝ այդ ժամանակ արդեն «ճաք տված»-ների մոտ լիքը հարցեր են առաջանում:

Հարցերը դեռ հեչ, անմիջապես սկսում են «հարձակումներ» գործել այդ ուժերի վրա:

Հասկանո՞ւմ եք, նրանցից այդպիսի բան չէին սպասում: Ո՞նց կարելի է ներքաղաքական գարշահոտ ճահիճը շարժել, երբ իրենք այնտեղ հանգիստ «դայաղ» էին եղել ու հրճվում էին սեփական «նախաձեռնություններից»:

Խախտել այդ անդորրը՝ չի կարելի:

Խախտողներին պետք է տեղում գնդակահարել:

Բայց ասենք, որ այս՝ «անտեսանելի ձեռքով» ստեղծված աղմկոտ իրարանցումը վատ չէ: Ժողովուրդը վերջապես կտեսնի եւ կհասկանա, թե իրականում ով՝ ով է:

Ովքեր են իշխանափոխության մասին դատարկ հայտարարություններ անում եւ ձեւացնում, թե դրան են ձգտում, իսկ ովքեր են այն ուժերը, որոնք իրական քայլեր են անում այդ ուղղությամբ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը