Մեկնաբանություն

10.03.2014 22:00


Սերժ Սարգսյանի «Անորսալի Ջոն»

Սերժ Սարգսյանի «Անորսալի Ջոն»

ԲՀԿ համագումարից և ՀԱԿ հանրահավաքից հետո իշխանությունները կորցրել են իրենց քունն ու դադարը։ Հայտարարված համասերժական միջոցառումները նոր թափ են հավաքում։ Մարտի են նետվում հին ու նոր դեմքերը, մայր ու մանուկը, մեծն ու փոքրը, «քաղաքականն» ու «քաղաքացիականը»։

Սերժ Սարգսյանի թիմակիցները, մեկ օրվա տարբերությամբ, սերժամետ լրատվամիջոցներին նույնաբովանդակ հարցազրույց տվեցին, ինչով բացահայտեցին Բաղրամյան 26–ից իջեցված շրջաբերականների բովանդակությունը։

Նախ Վազգեն Մանուկյանը «1in.am»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը Ծառուկյանի հնչեցրած կոնսոլիդացիայի կոչին չի արձագանքի ու ԲՀԿ–ի հետ չի գնա հանդիպման։

Արմեն Աշոտյանի պաշտպանյալ Նիկոլ Փաշինյանն էլ «Tert.am»-ին տված հարցազրույցում նշեց, որ ինքը մտադրություն չունի հանդիպել Ծառուկյանի հետ, քանզի ԲՀԿ–ի հետ հանդիպումների ֆորմատը վերաբերում է ոչիշխանական ուժերին, իսկ ինքը ընդդիմադիր է (հիշու՞մ եք, թե ինչպիսի ընդդիմադիր գործիչներն էին Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանն ու Արթուր Բաղդասարյանը)։

Ահա այսպես, ճակատագրի հեգնանքով Նիկոլ Փաշինյանը և Վազգեն Մանուկյանը հայտնվել են միևնույն թիմում և պաշտպանում են «Վերջի բոլշևիկին»։ Առաջինը դա անում է գեղամյանավարի, այսինքն՝ «ընդդիմադիր» դիրքերից, իսկ երկրորդը՝ ուղիղ տեքստով։

Ուշագրավն այն է, որ և՛ Վազգեն Մանուկյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին ԲՀԿ–ն և ոիչշխանական մյուս ուժերը չեն հրավիրել հանդիպման, չեն պլանավորել նրանց հետ որևէ հարց քննարկել, չեն առաջարկել կոնսոլիդացվել իրենց հետ և չեն էլ պատրաստվում դա անել առաջիկայում, բայց և՛ Մանուկյանը, և՛ Փաշինյանը հրաժարվում են գնալ հանդիպման և հրաժարվում են կոնսոլիդացվել ԱԺ չորս ոչիշխանական ուժերի հետ։ Մի քիչ անհարմար բան է ստացվում, բայց դե մեզանում ամեն բան էլ պատահում է։ Հատկապես Սերժ Սարգսյանի թիմակիցների հետ։

Շատ ծիծաղելի էին, մասնավորապես, Նիկոլի բացատրությունները։

«Ինչպես գիտեք այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր պատգամավոր և քաղաքական գործիչ և ոչ իշխանական դառնալու որևէ մտադրություն չունեմ»,– լուրջ–լուրջ դուրս է տալիս Նիկոլը՝ անդրադառնալով ԲՀԿ–ի հետ ԱԺ մյուս ոչիշխանական ուժերի հանդիպումներին։

Հարկ է նկատել, որ նմանատիպ պատասխանով «թունդ ընդդիմադիր», ՀԱԿ–ի հաշվին պատգամավոր դարձած և իշխանամետ «Tert.am»–ի ինֆորմացիոն հովանավորությունը վայելող Նիկոլը հիշեցնում է «Անորսալի Ջոյին»։ Ինչպես հայտնի է, վերջինս ոչ մեկի «տանձին» չէր և դա էր պատճառը, որ նրան ոչ մեկ բան չէր ասում։ Եվ ահա Նիկոլն էլ, «Անորսալի Ջոյի» պես, հուժկու ձևով հայտարարում է, թե չի մասնակցի ԲՀԿ–ի հետ հանդիպմանը։ Սա իսակական զավեշտ է, քանզի նրան որևէ մեկը չի կանչել հանդիպման, որ նա էլ հրաժարվի կամ ընդունի հրավերքը։ Ինչևէ։

Ուշագրավ է նաև այն, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները շարունակ հայտարարում են, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում ոչիշխանական ուժերի տիրույթում, որ իրենք շատ պինդ են զգում, որ մտահոգված չեն Ծառուկայանի պահվածքով, որ անհանգստացած չեն ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքով, որ ԱԺ–ում գործող «հրաշալի քառյակից» չեն վախենում, բայց արի ու տես, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան ներդրել է իր ողջ ռեսուրսները բացառապես այս ուղղությամբ։

Հարց է առաջանում. բա եթե մտահոգված չեք, ապա ինչու՞ եք իրար խառնվել։ Չէ՞ որ մարտի 1–ին 30 հոգանոց հուժկու միտինգ արեցիք ու տեսաք, որ հանրությունը գերադասում է Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Շահնազարյանին ու Պարույր Հայրիկյանին ոչիշխանական չորս ուժերից։ Դե ծափ զարկեք ու պարեք, էլ ինչու՞ եք Արմեն Աշոտյանի «կույրաղիքին» հանել մայրուղի ու պատվերով համերգ տալիս։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Վազգեն Մանուկյանին կցանկանայինք մտերմաբար խորհուրդ տալ, որպեսզի նա չմտնի այս խաղերի մեջ։

Ի վերջո, ՀՀ անկախության ձեռքբերման հարցում իր լուման ներդրած և պատերազմի տարիներին մեր երկրին անուրանալի ծառայություններ մատուցած Վ. Մանուկյանը չպետք է այնքան իջնի, որ նիկոլավարի ծառայություններ մատուցի կեվորկովյան «շկոլայի» կարկառուն ներկայացուցչին՝ «Վերջի բոլշևիկին»։

Թեև հարկ է նկատել, որ ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը։

Այս խորագրի վերջին նյութերը