Կարծիք

10.03.2014 21:11


«Գեղամյանները չեն ծնվում, գեղամյաններ դառնում են»

«Գեղամյանները չեն ծնվում, գեղամյաններ դառնում են»

Բայց ճիշտ են ասում, էլի, որ գեղամյանները չեն ծնվում, գեղամյաններ դառնում են: Ուրեմն բացեցի հայտնի կայքերից մեկն ու էնտեղ հենց ընտրանիով գնում է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ մարդը բացատրում է, թե ինչու չի մասնակցում Գագիկ Ծառուկյանի և ոչիշխանական ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումներին: «Ինչպես գիտեք այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր պատգամավոր և քաղաքական գործիչ և ոչ իշխանական դառնալու որևէ մտադրություն չունեմ», - ամպագոռգոռ հայտարարում է Նիկոլը:

Պարոն Փաշինյանին, երևի թե, արժե հիշեցնել, որ մեր երկրում «ընդդիմադիր» հասկացողությունը վաղուց արդեն չի արտահայտում էն իմաստը, որը պետք է որ արտահայտի դասական տեսանկյունից: Եվ քանի որ մենք ունեցել ենք և էսօր էլ ունենք բազմաթիվ գեղամյաններ, արթուրբաղդասարյաններ, արամզավենիչներ և այլն, ովքեր իրենց ընդդիմադիր էին հռչակել և ամենաբարձրն էին գոռում իրենց ընդդիմադիր լինելու մասին, բայց արդյունքում հայտնվել են դատարկ դհոլների կարգավիճակում և էսօր փրփուրը բերանին պաշտպանում են Սերժի շահերը, իսկապես ընդդիմադիր գործիչները և ուժերը ստիպված են շրջանառության մեջ դնել «ոչիշխանական ուժ» հասկացողությունը, որպիսի ամբողջովին տարանջատեն իրենց ոչ միայն իշխանություններից, այլ նաև տարբեր տիպի գեղամյաններից և արթուրբաղդասարյաններից: Սա է «ոչիշխանական ուժ» հասկացողության կիրառման անհրաժեշտության իրական նպատակը:

Իսկ Փաշինյանը, փաստորեն, չընդունելով էս հասկացողությունը և տարանջատելով ինքն իրեն ոչիշխանական ուժերից, ոչիշխանական ուժերի` ընդդեմ Սերժ Սարգսյանի ռեժիմին կոնսոլիդացիոն գործընթացներից, կամա թե ակամա բոլորին հայտնում է, որ ինքը կարող է նաև Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի տեսակի ընդդիմադիր լինի, ովքեր իրենց վախտ զուտ ֆորմալ տեսանկյունից էլի ընդդիմադիր էին, բայց դե բոլորս էլ գիտենք, թե հեքիաթն ինչով ավարտվեց:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը